Պետության աջակցությամբ կիրականացվեն 2 նոր սոցիալական ծրագրեր
Սոցիալական բնույթի երկու առանձնահատուկ որոշումներ երեկ ընդունվեցին կառավարությունում: Դրանցից առաջինը Հայաստանի անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության եւ մոնիթորինգի իրականացման ծրագիրն է: Այն նպատակ ունի անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթություն ստանալու, սոցիալական ակտիվ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները մեծացնելով, բարձրացնել ընտանիքի բարեկեցության մակարդակը:
Վերոնշյալ հարցին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը , նախ ներկայացնելով այսպիսի վիճակագրություն: Առաջին` անապահով ընտանիքների միայն 10 տոկոսն է կարողանում ապահովել, որ իրենց երեխաներն ընդունվեն բուհեր, իսկ ապահովված երեխաների 82 տոկոսն է բուհ ընդունվում, երկրորդ` եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջ: Այսինքն, այդ ընտանիքների 88 տոկոսն աղքատ չէ: Այն պարագայում, երբ ընտանիքի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, ապա այդ ընտանիքների 60 տոկոսն է աղքատ:
«Այս վիճակագրությունն ապացուցում է, որ աղքատության հաղթահարման լավագույն ձեւը Հայաստանի բոլոր ընտանիքներին եւ առաջին հերթին սոցիալապես անապահովներին կրթություն ստանալու հնարավորություն տալն է», շարունակեց վարչապետը, ավելացնելով, որ պետությունը թիրախավորելու է հենց այս խնդիրը: Այսինքն, ֆինանսական հնարավորություններ ունենալու դեպքում, պետությունը դրանք որպես օժանդակություն ուղղելու է այդ ընտանիքների` կրթություն ստանալու հնարավորության ընձեռնմանը: Մասնավորապես, պետությունը իր վրա է վերցնելու աղքատ ընտանիքների երեխաների ուսման վճարը` լինի դա պրոֆտեխուսումնարան, թե բուհ: «Իսկ եթե մենք գնանք սոցիալական նպաստների ավելացման ճանապարհով, ապա այդ ընտանիքներին ապագայում չենք օգնի, որպեսզի նրանք ինքնուրույնաբար հաղթահարեն աղքատությունը: Սա է մեր սոցիալական քաղաքականության արմատական փոփոխությունը», այսպես պարզաբանեց այս որոշման տրամաբանությունը վարչապետը:
Կառավարության երեկ ընդունած մյուս որոշումն առնչվում էր զինծառայողների` ծառայության ժամկետի ավարտից հետո սովորելու կամ աշխատելու խնդրին: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում կրթական կարիքների գնահատման հետազոտության եւ կրթական ծրագրի իրականացման ծրագրի նպատակն է զինծառայողի` ծառայության վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրել երիտասարդների կրթական հակումներն ու նախասիրությունները, մասնագիտական հմտությունների եւ ուսումնական առանձին առարկաների գծով գիտելիքների զարգացման միջոցով նրանց նախապատրաստել Հայաստանի Հանրապետության բուհեր, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելուն: Զինծառայողի կրթական հակումներն ու ցանկությունների ուսումնասիրությանը պետք է հաջորդի անհատական (կամ խմբային) կրթական ծրագրի իրականացումը զորամասերումՙ մանկավարժական բուհերի ուսանողների եւ ասպիրանտների մասնագիտական աջակցությամբ, որին էլ` նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններ:
Խոսելով այս մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ երբ երիտասարդները ծառայում են բանակում եւ վերադառնում այնտեղից, հանրությունը խնդիր է դնում, թե ինչպես է դասավորվելու այդ երիտասարդի կյանքը բանակից վերադառնալուց հետո: «Պատասխանատվություն ենք ստանձնում աշխատել բանակում յուրաքանչյուր զինծառայողի հետ, որպեսզի պարզենք, ինչպիսի կարողություններ եւ ցանկություն ունի այդ երիտասարդը բանակից հետո իր աշխատանքային կենսագրությունը կազմակերպելու առումով: Դա նշանակում է, որ մենք օգնելու ենք զինծառայողներին մասնագիտական կողմնորոշման հարցում եւ եթե զինծառայողները ցանկություն ունենան շարունակել իրենց ուսումը, պետությունը բանակից սկսած օժանդակելու է զինծառայողին», պարզաբանեց վարչապետը, ավելացնելով, որ պետությունն օգնելու է նրանց երեք ուղղություններով` պատրաստվելու բուհ ընդունվելուն, ուսումը տեխնիկական որեւէ ուսումնարանում շարունակելու, կամ աշխատանքով մասնագիտություն ստանալուն:
«Դա նշանակում է, որ մեր ընտանիքներն իրենց երեխաներին բանակ ուղարկելիս հանգիստ են լինելու այն առումով, որ պետությունն օգնելու է զինծառայողներինՙ իրենց աշխատանքի կամ ուսման խնդիրը լուծելու գործում: Սա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի նաեւ մթնոլորտը եւ մեր ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկելով բանակ, շատ ավելի հանգիստ կինեն, իմանալով, որ պետությունը նաեւ ապահովելու է երիտասարդների կրթության շարունակականությունը», իր եզրակացությունը ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ