Խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ը սակարան մտնելու նպատակով երեկ փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին: Փաստաթղթերը բազմաթիվ հետաքրքրական տեղեկություններ են պարունակում 2007-ին Մարկ Ցուկերբերգի հիմնած ընկերության մասին: Այսպես, 2011-ին ընկերության հասույթը կազմել է 3,7 մլրդ դոլար: Բայց էլ ավելի զարմացնում է զուտ եկամուտըՙ 1 մլրդ դոլար: Պարզվում էՙ սոցիալական ցանցը գործում է գերարդյունավետ: 2010-ի շահույթի եւ եկամտի ցուցանիշներն արդեն իսկ տպավորիչ էին եղելՙ համապատասխանաբար 1,97 մլրդ եւ 606 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Հիմնադրմանը հաջորդած երկու տարիներին Facebook-ը գործել էր վնասով. 2007-ինՙ 138 մլն, 2008-ինՙ 56 մլն դոլար: Ներկայումս ցանցը փող է վաստակում առավելապես գովազդի (հասույթի 85 %) եւ վիրտուալ ապրանքների վաճառքի (15 %) շնորհիվ: Զուտ շահույթի գծով ընկերության շահութաբերությունը 27 տոկոս է:
Ի դեպ, Googl-ի շահութաբերությունը 26 տոկոս է:
Փաստաթղթերից նաեւ պարզվում է, որ Facebook-ի «պահեստներում» կա գրեթե 100 մլրդ դոլար: Apple-ի կանխիկ գումարը ընդամենը 3,9 միլիարդ է:
Facebook-ը մտադիր է սակարաններում տեղաբաշխել 5 մլրդ դոլարի բաժնետոմսեր: Հաջողության դեպքում դա կարող է բաժնետոմսերի նախնական տեղաբաշխման պատմության մեջ խոշորագույն գործարքը դառնալ համացանցային բիզնեսի ոլորտում: Ընկերության բաժնետոմսերի սակարկությունները կարող են սկսվել այս տարվա ապրիլին կամ մայիսին: