«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ՆՈՐ ՍՐԲԱՎԱՅՐ ԵՎ ՈՒԽՏԱՏԵՂԻՙ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

«Ալ ժամանակ չունիմ...

Պետրոս Դուրյան

Երեկ Կոմիտասի անվան այգում մեր Մեծերի պանթեոնը մարդաշատ էր: Առիթը Պետրոս Դուրյանի մասունքների սափորը հուշապատի մեջ ամփոփելու արարողությունն էր: «Ազգը» հունվարի 25-ի համարում «Պետրոս Դուրյանի մասունքները կամփոփվեն Պանթեոնում» վերտառությամբ հոդվածում մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես Պոլսի Սկյուտար թաղամասում ծնված 21-ամյա բանաստեղծը 1872-ին թաղվում է հենց Սկյուտարի գերեզմանոցում, ու հետո նրա գանգոսկրները հանձնվում են Երեւանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանին ի պահ:

Ահա անցել է 40 տարի եւ թանգարանի տնօրենության (տնօրեն Կարո Վարդանյան) նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարի հանձնարարականով ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որի որոշմամբ էլ Պանթեոնի պատին երեկ ամփոփվեց Պետրոս Դուրյանի մասունքներով աճյունասափորը: Հանդիսությունը բացվեց հոգեւոր դասի կողմից հոգեհանգստի արարողությունով: Մինչ այդ, Սկյուտարի հայկական գերեզմանոցից բերված հողը օրհնվեց տեր Շահե քահանայի ձեռամբ: Բանաստեղծի գրական ժառանգության մասին խոսեցին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ Կարո Վարդանյանը: Պետրոս Դուրյանը մահճում չնայած ասել էր «Ալ ժամանակ չունիմ...», սակայն իր ընդամենը 20 տարվա կարճատեւ կյանքի ընթացքում թողեց արժեքավոր գրական ստեղծագործություններՙ բանաստեղծություններ, թատերգություններ, հրապարակախոսական էջեր, թարգմանություններ, որոնք հարստացնում են մեր գրավոր ժառանգությունը:

Պոլսահայերի անունից «Մարմարա» թերթի խմբագիր Մաքրուհի Հակոբյանը ուղարկել էր Սկյուտարի հայկական գերեզմանոցից հող եւ չափածո մի ձոն Պ. Դուրյանի հիշատակին: Հանդիսությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արթուր Պողոսյանը, ԱԺ-ի կրթության, գիտության եւ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ, մտավորականներ, ուսուցիչներ, դպրոցականներ: Կարո Վարդանյանը նշեց. «Դուրյանի ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու խնդրում շատ գործ է արվել: Նրա գործերը ամենաշատ հրատարակված եւ վերահրատարակված են, նաեւ ամենաշատ ուսումնասիրվածներից»:

Իհարկե, դեռ շարունակվում է Դուրյան գրողին ճանաչելի դարձնելու գործը սերունդներին: Դրա վառ ապացույցն է Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հովանու ներքո մշակույթի, տարածքային կառավարման նախարարությունների աջակցությամբ անցկացված «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան փառատոնը», որը նվիրված էր նաեւ Պետրոս Դուրյանի հոբելյանին: Հենց այդ փառատոնի դափնեկիրներՙ Սիամանթոյի դպրոցի սան Անահիտ Հակոբյանը եւ 162-րդ դպրոցից Գեւորգ Բալոյանը, փառատոնի ժյուրիի անդամներ ՀՀ վաստակավոր արտիստներ Սամվել Բաղինյանն ու Բորիս Պեպանյանը հնչեցրեցին Դուրյանի ստեղծագործություններից պատառիկներ:

Պետրոս Դուրյանի աճյունասափորը եւ հողը Պանթեոնի նոր սրբավայր պատի մեջ դնելու պատիվը տրվեց ԱԺ նախագահին եւ մշակույթի նախարարին: Այսպիսով, չորս տասնամյակ հետո Պետրոս Դուրյանի մասունքները միացան Պանթեոնում իրենց վերջին հանգրվանը գտած մեր Մեծերի շիրիմներին ու բացվեց եւս մեկ սրբավայր-ուխտատեղի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4