«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՐՏԵՄ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Հեղինակային երեկոյ էր Գլենդէլի հանրային գրադարանում: Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) վարչութիւնը, օգտուելով հանրածանօթ բանաստեղծ, Երեւանի պետական համալսարանի դասախօս պրոֆ. Արտեմ Յարութիւնեանի ներկայութիւնից Լոս Անջելեսում, հրաւիրել էր նրան ներկայացնելու իր պոէզիան:

Օրը ուրբաթ, յունուար 20:

Գաղջ երեկոյ` աստղավառ երկնքով: Սրահում ներկայ էին մտքի ու գրչի, խօսքի ու բանի միութեան անդամներ եւ գրասէր հասարակութիւն:

Նախքան միջոցառման սկսումը պատահեց ցաւալի դէպք մեր միութեան անդամ` հանրածանօթ պրոֆ. Օշին Քեշիշեանին, որը սրտի տագնապի հետեւանքով փոխադրուեց հիւանդանոց: Դժբախտ դէպքը ներկաների յուզման պատճառ դարձաւ աղօթելով առ Աստուած շուտափոյթ ապաքինում: Նա երեկոյին ելոյթ պիտի ունենար:

Ձեռնարկի մեկնարկումը կատարեց ԿՀԳՄ նախագահ` բանաստեղծ Գրիշ Դաւթեանը, նաեւ որպէս հանդիսավար: Նախ միութեան առնչուող տեղեկութիւններ փոխանցեց, ապա ներկայացրեց երեկոյի ծրագիրը: Նա Արտեմ Յարութիւնեանին հրաւիրելիս հակիրճ բառերով անդրադարձաւ նրա հեղինակութեանը, ասելով. «Հանրայայտ բանաստեղծ Արտեմ Յարութիւնեանը 21-րդ դարի մեր լաւագոյն բանաստեղծներից է, նա իր լեզուաոճի, մտածողութեան եւ գեղարուեստական ըմբռնողութեան շնորհիւ նոր արահետ է բացել մեր բանաստեղծութեան մէջ: Օտար լեզուների իմացութեան շնորհիւ նա լաւատեղեակ է եւրոպական եւ ամերիկեան գրականութիւններին, նա իր ճաշակով դրանց լաւագոյն հիւթը ներարկում է մեր բանաստեղծութեան մէջ: Արտեմ Յարութիւնեանի գրականութեան մէջ բուռն ոգեղինութեամբ ներկայացուած են ներկայ ժամանակների Հայաստանի եւ Արցախի իրականութիւնները...»:

Բեմ հրաւիրուեց Ա. Յարութիւնեանը: Նա խօսեց պոէտի առաքելութեան եւ իր մասին: «Ինձ չեմ վերագրում այդ առաքելութիւնը ամբողջովին... Բնաւորութեանս մէջ արմատացած հակումը լուրջ եւ ազնիւ արուեստի հանդէպ ամրապնդուեց նաեւ իմ կենսափորձով: Ես ծնուել եւ դաստիարակուել եմ Արցախում... Արցախի շնորհիւ հասկացայ, որ բանաստեղծութիւնը պէտք է լինի ոչ միայն նրբագեղօրէն ճշմարտացի, այլեւ` անյաղթահարելի եւ իմաստուն, ոչ միայն ինքնատիպ վարիացիա համաշխարհային թեմաներով, այլեւ` հենց աշխարհի պատկերումը: Ես ուզում եմ որպէսզի պոէզիայի պոէտական իւրատիպութիւնը լինի այնքան գործուն, ինչպէս` բռունցքի անհամբեր հարուածը, որ մէկէն տալիս ենք չաշխատող հեռուստացոյցի գլխինՙ փորձելով պատկերներ կորզել»: Նա իր խօսքի մէջ կարեւորութեամբ շեշտեց պոէզիայի դերը կեանքի տարբեր տեսակի դրսեւորումների նկատմամբ, ապա ընթերցեց բանաստեղծութիւններ իր` «Հեռուստապոէմներ Շուշի եւ Բաբելոն հիւրանոցների աշտարակներից» գրքից, որոնք մտածելու եւ խորհելու առիթ հանդիսացան, արժանանալով ներկաների գնահատանքին:

Ամբիոն հրաւիրուեց` Լոս Անջելէսի Կալիֆորնիա համալսարանի Մերձաւոր Արեւելքի լեզուների եւ մշակոյթի Նարեկացի ամբիոնի տնօրէն պրոֆ. Փիթեր Քաուին: նա իր խնամքով պատրաստած զեկոյցի սկզբում հեղինակին առաջարկում է բանաստեղծութիւնների խտասալիկը պատրաստել իր իսկ կատարումով. «Հեղինակի ձայնը զգացումների հետ միասին ունկնդրելու, որը գերագոյն հաճոյք է լինելու մեզ համար»: Պրոֆ. Փ. Քաուին արժանաւոր հեղինակութիւն է նկատում Արտեմ Յարութիւնեանին. իր ծանօթութիւնը եւ ճանաչողութիւնը սկսուած է համարում հրատարակուած գրքերի միջոցով ստեղծուած շփումների ճամբով: Նա նշեց. «Յարութիւնեանը հետազօտել է բրիտանական եւ ամերիկեան գրականութիւնները, որով արժանացել է դոկտորական կոչման»: Յարգելի զեկուցաբերը արժեւորելով նրա գիտական գործունէութիւնը եզրակացնում է. «Գիտնական եւ թարգմանիչ բազմատաղանդ հեղինակը աւելի ծանօթ է որպէս բանաստեղծ... Նոր ժողովածուում հեղինակը առիթ է ընձեռում 20-րդ դարի պատմութեանը մօտենալ, եւ նոր դիտանկիւնից ներկայանալ այժմէական ընթերցողին... Այս հատորում Յարութիւնեանը հայթայթում է մեզ մի ամբողջ շարք պատկերներ եւ դա անդրադարձուած է ընդհանուր վերնագրի ներքոյ` «Հեռուստապոէմներ...»: Պրոֆեսորը իր խորապէս ուսումնասիրած զեկոյցով Ա. Յարութիւնեանի գրականութեան ծալքերից երեւան բերեց բանաստեղծի, գրականագէտի, գիտնականի եւ թարգմանիչի բարձրօրէն գնահատելի ունակութիւնները:

Տաղանդաւոր երգչուհի Անահիտ Ներսիսեանը լսարանին երգով հաճոյք պատճառեց: Ինչպէս ամէն անգամ երգելիս, այս անգամ էլ նա գնահատանքի բուռն ծափերի արժանացաւ:

Ռ. ԿՈՐԻՒՆ, Լոս Անջելես

Նկար 1. Ձախից աջ` Գրիշ Դավթյան, Արտեմ Հարությունյան, Փիթեր Քաուի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4