«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ԷԹԻԿԱ, ԷԹԻԿԱ ...

Տեղին ու կարեւոր է, որ լրագրողական էթիկայի մասին հաճախ խոսվի: Բուհերում նույնիսկ առանձին դասաժամեր են հատկացնում լրագրողական էթիկային: Սակայն թեման քննարկելիս հազվադեպ է զուգահեռ քննարկվում լրագրողների հետ աշխատելու էթիկան: Տարբեր հաստատությունների լրատվական ծառայությունների կամ, ինչպես ընդունված է ասել, մամուլի ու հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատանքն էթիկայի տեսանկյունից գրեթե չի քննարկվում: Սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ լրատվական վարչությունները կամ բաժինները բոլորը վատ են աշխատում, բայց հենց այդ աշխատակիցների մեջ առանց դժվարության կարելի է գտնել մարդկանց, որոնք կզարմանան, եթե իմանան` էթիկան նաեւ իրենց է վերաբերում:

Բոլոր այդ զարմացողների դեպքում էթիկայի ոդիսականը սկսվում է հեռախոսազանգից, երբ լրատվականի ծույլ, անտարբեր աշխատակիցը դժգոհությամբ պատասխանում է զանգիդ: Ու եթե նրանից ուզում ես որեւէ ինֆորմացիա իմանալ, ապա դրա համար ունի հակիրճ ու շտապ պատասխան` «կայքում դրված է, բացեք, կարդացեք»: Կայքը ստուգելուց հետո, երբ քեզ անհրաժեշտ որեւէ բան չես գտնում ու նորից զանգում ես նույն անհավես մարդուն, այս անգամ արդեն գործի է դնում «ցրելու 2-րդ մեխանիզմը». զանգահարեք հետեւյալ համարով: Զանգահարում ես, պարզվում է` տվյալ բաժնի ղեկավարը զբաղված է կամ գնացել է խորհրդակցության, սիրահոժար պատասխանում է քարտուղարուհին, որին ուղղակի հանձնարարված է այդպես պատասխանելը: Նույնիսկ թվում է` կան քարտուղարուհիներ, որոնց աշխատանքի ընդունելուց առաջ կամ հետո առաջինը սովորեցնում են լրագրողների զանգերերին պատասխանելու «էթիկան»` շեֆը զբաղված է կամ գնացել է խորհրդակցության: Բայց եթե ունես շեֆի բջջային հեռախոսի համարը, բարեբախտաբար, այդ դեպքում գործդ հեշտանում է: Բայց այս անգամ հանդիպում ես մեկ ուրիշ անակնկալի, պարզվում էՙ շեֆից հարցազրույց վերցնելու համար նրա փոխարեն, դեռ նրա վերադասից էլ պետք է թուլտվություն վերցնես, նույնիսկ երբեմն դիմում-նամակով ու խմբագրիդ ստորագրությամբ: Լրագրողների հետ աշխատելու նման էթիկան, սակայն, չի քննարկվում, փոխարենը լրատվականի աշխատակիցների ու քարտուղարուհիների օգնությամբ իր շուրջը «սարդոստայն» ստեղծած ղեկավարը պատրաստ է ամենասուր մոտեցմամբ քննարկելու լրագրողական էթիկան:

Լրագրողների հետ վարվելու չարչրկված կուլտուրայի ու էթիկայի ճանապարհը, սակայն, այսքանով չի ավարտվում: Օրինակ` կարելի է լրագրողին հրավիրել որեւէ միջոցառում լուսաբանելու, նույնիսկ հասցնել մի հեռավոր մարզ ու ստեղծել իրավիճակ, որի դեպքում լրագրողը, բացի անիմաստ սպասելուց, ուրիշ ոչինչ անել չի կարողանում: Իսկ հարցազրույցի ժամ պայմանավորվելն ու այդ ժամին եւս տեղում չլինելը, նախօրոք չզգուշացնելն արդեն վաղուց մասն են կազմում էթիկայի չգրված կանոնների:

Իսկ թե ինչ ձեւով ու շարահյուսությամբ են գրվում մամուլի հաղորդագրությունները, դա եւս ապացուցում է, որ լրատվական վարչությունների ու բաժինների շատ աշխատակիցներ հաղորդագրություն գրելուց այնքան հեռու են, որքան լրագրողի հետ աշխատելու էթիկայից, իհարկե, խոսքս չի վերաբերում բոլորին:

Թեեւ հաճախ մամուլի հաղորդագրությունները կամ, ինչպես մեկ անգամ նշել էր այն գրողը, մամուլի տեղեկանքը, իրենց շարահյուսությամբ ու բառապաշարով այնքան ծիծաղելի են լինում, որ դրանցից լուրեր պատրաստելիս մի լավ ուրախանում ու թարմանում ես, սակայն դա չի նշանակում, թե պետք է ուղարկել այնպիսի հաղորդագրություններ, որտեղ մի ամբողջ էջն ընդամենը մի նախադասություն ու պարբերություն է:

Մեզանում լրագրողների հետ աշխատելու «էթիկան» այսքանով չի վերջանում. օրինակները բազմաթիվ են, տարբեր: Ուստի լրագրողական էթիկան քննարկելուն զուգահեռ տեղին ու կարեւոր է հաճախ քննարկել եւ լրագրողների հետ աշխատելու էթիկան:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4