«Պրադո» թանգարանի վերականգնողները հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» հնագույն պատճենը: Ենթադրվում է, որ նկարչի արվեստանոցում այն ստեղծել է նրա աշակերտներից մեկը: The Art Newspaper-ը գրում է, որ անցյալում կարծում էին, թե մադրիդյան թանգարանում պահվող նկարը ստեղծվել է արդեն Լեոնարդոյի մահից հետո:
Հայտնի են Լուվրում պահվող «Մոնա Լիզայի» բնօրինակի տասնյակ պատճեններ, որոնք 16-17-րդ դարերի գործեր են: «Պրադոյի» նկարը համարվում էր հին գործ, բայց հետազոտողներին շատ չէր հետաքրքրում, քանի որ հետին պլանում չկար բնապատկեր:
Վերականգնողները հենց Լեոնարդոյի նկարի հետին պլանը պատճենող բնապատկեր հայտնաբերեցին սեւ ներկի եւ լաքի շերտի տակ: Հունվարի կեսերին նրանք հայտարարեցին, որ կտավի վրա մուգ ներկը հայտնվել է ավելի ուշՙ 18-րդ դարի կեսերին:
Նաեւ կարծում էին, թե մադրիդյան «Մոնա Լիզան» նկարվել է Հյուսիսային Եվրոպայում տարածված կաղնու տախտակի վրա, ինչը ենթադրել էր տալիս ֆլամանդացի հեղինակ: Սակայն 2010-ին պարզվեց, որ տախտակը սարքված է ընկուզենու փայտից, որը, ինչպես եւ բարդին, օգտագործվել է Իտալիայում: Իսպանական պատճենը չափերով եւս համապատասխանում է բնօրինակինՙ համապատասխանաբար 76x57 սմ եւ 77x53 սմ:
Թե՛ «Պրադոյում» եւ թե՛ Լուվրում հաստատում են, որ մադրիդյան պատճենն արված է Լեոնարդոյի կենդանության օրոք: Ֆրանսիացի գիտնականները կարծում են, որ նկարի հեղինակը Լեոնարդոյի երկու աշակերտներից մեկն է. Սալաին արվեստանոցում աշխատում էր 1490-ից, իսկ Ֆրանչեսկո Մելցինՙ 1506-ից: Ինֆրակարմիր ճառագայթահարումից հետո պարզվել է, որ բնօրինակի եւ պատճենի վրա աշխատանքը զարգացվել է գրեթե միատեսակ կերպով: Դա վկայում է, որ երկու նկարները կարող էին ստեղծվել միաժամանակ:
Հայտնագործությունը թույլ է տալիս իմանալ Լեոնարդոյի «Մոնա Լիզայի» որոշ մանրամասներ, որոնք ավելի վատ են պահպանվել, քան պատճենի վրա: Մասնավորապես մադրիդյան նկարում ավելի լավ են երեւում աթոռի հատվածները, զգեստի մի մասը եւ Մոնա Լիզայի ձախ ուսը ծածկող կիսաթափանցիկ գործվածքը:
Լեոնարդոն նկարը ստեղծել է մոտ 1503-1506 թթ.: Վարկածներից մեկի համաձայն, պատկերված է Ֆլորենցիայի առեւտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինըՙ Լիզա Գերարդինին: