Հարվարդ համալսարանից դոկտ. Ջեյմս Ռասելը անցյալ դեկտեմբերի 15-ին «Զանգակները Պոից Սարդարապատ» թեմայով ելույթ է ունեցել Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանի (ԱԼՄԱ) դահլիճում, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Ներկաները լարված հետաքրքրությամբ լսել են նրա խորհրդավոր «ճանապարհորդությունը» Էդգար Ալան Պոի «Զանգակներից» մինչեւ Ռուբեն Սեւակի Լոզանում գրած «Զանգակներ, զանգակներ» բանաստեղծությունը եւ վերջապես Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը»:
«Եկեղեցական զանգակները խիստ խորհրդանշական են եւ երաժշտական գործիքներից գուցե ամենամոտիկն են լեզվական հաղորդակցությանը», ասել է նա, բացատրելով, որ Պոի «Զանգակների» լեզուն շատ բարեհունչ է, երաժշտական, եւ ռուս բանաստեղծ Կոնստանտին Բալմոնտը, ֆրանսիացի Շառլ Բոդլերի միջոցով ծանոթանալով դրան, ստեղծել է դրա հաջողված թարգմանությունը, որի հիման վրա էլ Սերգեյ Ռախմանինովը հորինել է իր «Զանգակներ» սիմֆոնիան:
Ռուբեն Սեւակն իր բանաստեղծությունը գրել է 1909-ի Ադանայի ջարդերի ազդեցության տակ: Այդ ոտանավորը արտացոլված է նաեւ Պոի արվեստով հրապուրված Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծություններից մեկում:
Այնուհետեւ Պարույր Սեւակն է հնչեցնում իր էպիկական «Անլռելի զանգակատուն»-ը եւ վերջապես «Սարդարապատ» օրհներգում մենք անցում ենք կատարում աղետների ծակող ղողանջներից դեպի հերոսական եւ հաղթական ռիթմերը:
«Սա, անշուշտ, փիլիսոփայական ճանապարհորդություն էՙ կապված երկու մշակույթների այն եզակի մարդկանց հետ, որոնք ողբերգական ճակատագիր ունենալով հանդերձ, ստեղծեցին մահը հաղթող գործեր», եզրափակել է իր խոսքը պրոֆ. Ռասելը, որն այս տարվա գարնանը պատրաստվում է Հարվարդում ցուցահանդես կազմակերպելՙ նշելու համար հայ տպագրության 500-ամյակը: Ներկայացված են լինելու ինչպես Հարվարդ համալսարանի գրադարանում, այնպես էլ հայկական տարբեր կազմակերպությունների եւ Թաֆթս ու Բոստոն համալսարանների գրադարաններում պահվող հայկական եզակի հավաքածուներ:
Հ. Ծ.