88 տարեկան հասակում վախճանվել է լեհ բանաստեղծուհի, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիսլավա Շիմբորսկան: Բանաստեղծուհու օգնականը Ֆրանսպրեսի թղթակցին հայտնել է, որ նա Կրակովում իր տանը «մահացել է հանգիստ, քնած ժամանակ»:
1923 թ. հուլիսի 2-ին Բնին քաղաքում (Պոզնանից ոչ հեռու) ծնված Վիսլավա Շիմբորսկան 1930-ականների սկզբներին տեղափոխվել էր Կրակով, որտեղ էլ ապրել էր մինչեւ իր կյանքի վերջին օրը:
Շիմբորսկան հեղինակ է երեք տասնյակ բանաստեղծական ժողովածուների, որոնցից առաջինը լույս տեսավ 1952-ին: Բացի դրանից, նա լեհերեն է թարգմանել ֆրանսիացի բանաստեղծներ Թեոդոր Ագրիպպա դ՚ Օբինյեի եւ Թեոֆիլ դը Վիոյի երկերը: