Armchess.am կայքը երեկ հրապարակել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին ուղղված Լեւոն Արոնյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
Հարգելի պարոն նախագահ, նախագահական խորհրդի հարգելի անդամներ: Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի: Այնպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի որեւէ այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է: Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս:
Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքներովՙ գրոսմայստեր Լեւոն Արոնյան: