Ճանապարհային ոստիկանությունից բենզինի յուրացման գործով դատարան հրավիրված չորս վկաներից ներկա էր միայն ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի նախկին պետ Արսեն Արշակյանը : Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակյանը հաստատեց, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը տեղյակ է եղել, որ ոստիկանները քիչ քանակությամբ բենզին են ստացել: Արշակյանը, որ այժմ զբաղեցնում է ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնը, առաջին վկան է, որ ցուցմունք է տվել Մարգար Օհանյանի դեմ: Նա դատարանում ասաց, որ իր գումարտակին ամսական հասնում էր 33.000 լիտր բենզին, սակայն նա հիմանակնում ստացել է 27.000 լիտր, իսկ որոշ ամիսներին 23.000 լիտր բենզին: Երբ նա բենզինի հարցով դիմել է ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանին, վերջինս ասել է, որ բենզինի քանակի մասին Ճանապարհային ոստիկանության պետը տեղյակ է: «Երկու անգամ բենզինի հարցով դիմեցի Մարգար Օհանյանին, բայց նա ասաց, որ առայժմ հնարավոր չէ քանակը բարձրացնել»:
«Դուք իրավապահ մարմնի ներկայացուցիչ եք, մայոր, մեկ ամիս չէ, երկու ամիս չէ, 31 ամիս դուք քիչ քանակությամբ բենզին եք ստացել, դուք պարտավոր էիք դիմել իրավապահ մարմիններին, որովհետեւ վնաս է հասցվել պետությանը, ինչո՞ւ չեք դիմել», Արշակյանին հարց ուղղեց Մարգար Օհանյանը : «Նպատակահարմար չգտա: Եթե իմանայի, թե ինչ նպատակով բենզին չի տրվում, անպայման կդիմեի», ասաց Արշակյանը:
Նրա հարցաքննությունից հետո դատավոր Մխիթար Պապոյանն ընթերցեց նախորդ դատական նիստում հարցաքննված Եղիշե Ենգիբարյանի դիմումը: Գրության մեջ նա նշել էր, որ դատարանում տված իր ցուցմունքները սխալ են եղել, դատարանում կաշկանդված է եղել եւ խնդրում է հիմք ընդունել նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:
Եղիշե Ենգիբարյանը ՃՈ սպայական գումարտակի առաջին վաշտի հրամանատարն է: Նախորդ դատական նիստին նա հայտարարել էր, որ ամսական ստացել է 350.000 լիտր բենզին եւ որքան ստացել է, այդքանի տակ էլ ստորագրել է: Ավելին, մեղադրող Հարություն Հարությունյանի հարցին` երբեւէ աշխատակիցները դժգոհե՞լ են բենզինի պակասից, Ենգիբարյանն ասել էր, որ նման խնդիրներ եղել են, բայց ոչ իր հետ: Ենգիբարյանի խոսքերից հետո դատախազը հակասություն էր տեսել վկայի ցուցմունքների միջեւ եւ միջնորդել դատարանին ներկայացնել նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, որտեղ Ենգիբարյանը նշել էր, որ աշխատակիցները դժգոհել են բենզինի պակասից, եւ ղեկավարությունն այդ մասին տեղյակ է եղել: Ցուցմունքների միջեւ առկա հակասությունը Ենգիբարյանը բացատրել էր նրանով, որ նախաքննության ժամանակ ինքը նշել է, որ դժգոհությունների մասին խոսակցություններ լսել է, իսկ ինքը բենզինի քանակի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Մարգար Օհանյանը չցանկացավ կրկին դատարան հրավիրել Ենգիբարյանին: Իր խոսքերով, ամեն ինչ իր համար պարզ է: Ուղարկած գրության առնչությամբ էլ ասաց. «Պարզից էլ պարզ է, որ վկայի վրա ճնշում է եղել, որ նման դիմում գրի: Դատարանում գտնվող լրագրողներն ու մյուս մասնակիցները տեսան, որ նա կաշկանդված չէր»:
Քանի որ գործով անցնող երկու վկաների` Արմեն եւ Մերուժան Կարապետյանների ներկայությունն օբյեկտիվ եւ հասկանալի պատճառներով հնարավոր չէր ապահովել, դատարանում մեղադրող կողմն ընթերցեց նրանց նախաքննական ցուցմունքները: Նրանք խոստովանել են, որ ստացել են քիչ քանակությամբ բենզին, սակայն փաստաթղթերում այլ բան ստորագրել:
Դատական նիստի ավարտին Մարգար Օհանյանը խոստացավ, որ ամեն ինչ կասի իր ցուցմունքում: Դատական հաջորդ նիստը փետրվարի 7-ին է: Այդ օրը դատարանը կլսի Նիկողայոս Եղիազարյանին:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առաձնապես խոշոր չափերով հափշտակելու համար: Բենզինի յուրացման գործում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ