«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2012-02-09 | #24, 2012-02-10 | #25, 2012-02-11


ԵՐԿՕՐՅԱ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

ԵՄ-ը հետաձգեց օգնության նոր փաթեթի հատկացումը

Հունաստանի մասնավոր եւ պետական հատվածների արհմիությունները փետրվարի 10-ին եւ 11-ին 48-ժամյա ընդհանուր գործադուլներ են անցկացնում, բողոքելով դաժան խնայողության նոր միջոցառումների դեմ: Դրանք նախատեսված են ԵՄ եւ ԱՄՀ վարկային աջակցության երկրորդ փաթեթով: Աթենքում երկու օրով չի գործում փաստորեն ամբողջ հասարակական տրանսպորտը:

Եվրոմիության երկրները ավելի վաղՙ փետրվարի 9-ին Բրյուսելում հետաձգել էին Հունաստանի ֆինանսական օգնության երկրորդ փաթեթի փաստաթղթերի ստորագրումը: Եվրոխմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ֆրանսպրեսի թղթակցին ասել է, որ չնայած վերջին օրերին Աթենքում նկատվող առաջընթացին, Հունաստանը դեռ չի կատարել վարկավորման համար պահանջվող բոլոր պայմանները:

Կատարվելիք 3 գլխավոր պայմաններից առաջինն այն է, որ Հունաստանի խորհրդարանը փետրվարի 12-ի նիստում պարտավոր է հաստատել ավելի վաղ եվրոգոտու հետ համաձայնեցված գործողությունների ծրագիրը: Երկրորդն այն է, որ Աթենքը ամենասեղմ ժամկետներում պետք է որոշի 325 մլն եվրո խնայելու եղանակները: Երրորդ պայմանը ձեռնարկված միջոցների շարունակմանն առնչվող քաղաքական լուրջ երաշխիքների տրամադրումն է:

Հիշյալ պայմանների կատարման դեպքում ֆինանսական օգնության հատկացումը վերջնականապես կհաստատվի փետրվարի 15-ին կայանալիք ԵՄ ֆինանսների նախարարների նիստում: Ֆինանսական օգնության այդ փաթեթը կազմում է 130 մլրդ եվրո: Աթենքը այդ միջոցները պետք է ստանա մինչեւ մարտի 20-ը, երբ կառավարությունը ստիպված կլինի կատարել պարտավորությունների հետ կապված հերթական վճարումները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4