«Իսրայել ներգաղթած օտարազգի աշխատողների հետզհետե աճող հոսքը նոր պահանջներ է առաջադրում տեղի եկեղեցիներին», գրում է Ջուլիա Նիմանը «Հաարեցում», որտեղից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն արտատպել է:
Մինչ Իսրայելում արմատներ գցած քրիստոնյաների (հույն, ղպտի, եթովպացի, հայ եւ այլն) թիվը նվազում է արտագաղթի հետեւանքով, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ քրիստոնյաների ընդհանուր թիվն այնուամենայնիվ երկրում մնում է կայուն այլ երկրներից ժամանած աշխատողների հաշվին:
Ճիշտ է, շատ դեպքերում նրանց երկրում մնալը ժամանակավոր է եւ որոշակի գումար աշխատելուց կամ վիզայի ժամանակը սպառվելուց հետո նրանք վերադառնում են տուն, սակայն նոր աշխատուժի հոսքը նոր պահանջներ է ներկայացնում երկրում գործող քրիստոնյա եկեղեցիներին: Սուրբ Անտոնիոս եւ Սուրբ Պետրոս եկեղեցիները, որոնք արաբերենով շաբաթական երկու պատարագ էին մատուցում տեղի քրիստոնյա արաբների համար, այժմ անգլերենով չորս պատարագ են մատուցում Ֆիլիպիններից ներգաղթածների համար: Հավելյալ արարողություններ եւս կատարվում են իսպաներեն եւ ֆրանսերեն լեզուներով Աֆրիկայից ներգաղթածների համար:
«Նրանց ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտի: Էժան աշխատուժ են եւ կատարում են սովորաբար այնպիսի աշխատանքներ, որ ոչ մի հրեա չի ցանկանա անել», նշել է Երուսաղեմից արաբ կաթոլիկ հոգեւորական Ռամզի Սիդաուին: «Նրանց ներկայությունը, ըստ նրա, մարտահրավեր է նաեւ տեղի հասարակության համար: Շատ դեպքերում լեզվական անհասկացողության խնդիրներ են առաջանում, հետեւաբար շփումները տեղացիների եւ օտարազգիների միջեւ հազվադեպ են», ավելացրել է նա, նշելով, որ օտարազգի «համայնքներն» էլ փոփոխության են ենթարկվում ժամանակի ընթացքում: Օրինակ է բերել նա, որ այժմ ռումինացիներ չեն մնացել երկրում:
Իսկ Երուսաղեմի Սուրբ Փրկիչ եկեղեցու հովվապետՙ Ուվե Գրաբեն ընդգծել է այն փաստը, որ ներկայիս Սուրբ Երկրում բոլորովին նոր քրիստոնեական համայնք է ձեւավորվում, եւ դեռ պարզ չէ, թե հին ու նոր համայնքների միջեւ երկխոսություն կայանալու է, թե՞ ոչ: «Եթե այդ երկխոսությունը չկայանա, հատվածական «կղզեխմբեր» են առաջանալու, որոնք կարող են նորանոր խնդիրների պատճառ դառնալ հետագայում», եզրակացրել է նա:
Հ. Ծ.