Իսկ կոալիցիոն նիստը առանձին ցուցակներով գնալն է հաստատել
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կիրակի օրը Հրազդանի քաղաքապետի ընտրություններ էին, որտեղ մրցակցում էին մինչ այդ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն ու ՀԱԿ-ի անդամ Սասուն Միքայելյանը: Ընտրություններին հետեւելով լրատվական կայքերով եւ ֆեյսբուքյան քննարկումներով` տեսանք այն տարրերը, որոնք մոտակա ընտրություններին մեր հասարակությանը նորից պառակտմամբ են սպառնում: Լրատվական հարայ-հրոցը հատկապես հետընտրական ժամերին հասավ գագաթնակետին, երբ լրատվամիջոցների մի մասը մի տեսակի լուր էր տարածում, մյուս մասըՙ տրամագծորեն հակառակ: Այսինքն` ակնհայտ երեւում էր, որ լրատվական պատերազմ է` այս կամ այն կողմը փորձում է լրատվամիջոցների օգնությամբ ազդել ընտրությունների ելքի վրա: Օրինակՙ Lurer.com-ը կիրակի երեկոյան ժամը 11-ի մոտակայքում հաղորդեց, թե ընտրական տեղամասերում ձայների հարաբերակցությունը 50:50 է, բայց Վանատուր թաղամասում ընտրողների ձայների 90 տոկոսը Սասունի օգտին է, ուստի, եզրակացրեց կայքը, նախնական տվյալներով Սասուն Միքայելյանն առջեւում է: 12 անց 47 րոպեին Հրազդանում ընտրակաշառք բաժանողների «որջի» տեսագրությունը դիտեցի armlur.am-ում, այդ կայքից իմացա, որ Հրազդանի երեք տեղամասում հոսանք է անջատվել, այս բոլորը պտտվում էին որոշակի կայքերում (եւ լավ էին անում` քանի որ այդպես միայն կարելի է բացահայտել խախտումներն ու դրանց ազդեցությունը), բայց խնդիրն այն է, թե ո՞վ, ի՞նչը ո՞նց է մեկնաբանում, ինչ ընդհանրացումներով է մատուցում, եւ ի՞նչ ազդեցություն են գործում այդ հախուռն նյութերը ընտրությունների էպիկենտրոնից հեռու մարդկանց վրա: Այս եւ նման տեղեկություններին եւ ընտրախախտումների մասին տեսանյութերին (ընդ որում` այդ տեսանյութերի մեծ մասում ավելի ուշ ԿԸՀ-ն փաստական նյութ չէր արձանագրել) ֆեյսբուքյան արձագանքներն այնքան սուր էին, փոխադարձ վիրավորանքներով, որ իրար բարեկամ, բայց տարբեր քաղաքական հայացքների մարդիկ նույնիսկ իրար չէին խնայում եւ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ էին գրում. մի մասն ասում էր, որ «նժդեհական» իշխանությունը չի թողնում նորմալ ընտրություն իրականացնել, մյուսները գրում էին, թե 95-96 թվերին, երբ ընտրակեղծիքների սկիզբը դրվեց, որ մի քանի մարդու մատ ջարդեին կեղծելու համար, հիմա կարգին ընտրություն կլիներ: Իշխանամոտ կայքերն էլ կեսգիշերին հետ չմնացին ու թվեր հրապարակեցին, որ Արամ Դանիելյանն է հաղթում նախնական տվյալներով: Ոչ ոք չէր ուզում սպասել հաջորդ օրվա, այսինքն երեկվա ԿԸՀ նիստին` այդտեղից առաջին նախնական տվյալ տալու: Միգուցե ԿԸՀ-ն դեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների հետահայացով վստահություն վերականգնելու խնդիր ունի, բայց առավել կարեւորն այն է, որ լրատվամիջոցները ոչ թե լրատվամիջոցություն էին անում, այլ սրեր էին ճոճում միմյանց դեմ:
Ու մի կարեւոր բան էլ ակնհայտ դարձավ` որ ՀԱԿ-ի հետ մեկտեղ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» աջակցում էին Սասուն Միքայելյանին, հետեւում ընտրությունների օրինականությանը, իսկ ԲՀԿ-ն այս անգամ որոշեց չերեւակվել` ակնհայտ դարձնելով մի իրողություն. Իջեւանում ԲՀԿ-ն խառնվեց ու աջակցեց ընդդիմադիր թեկնածուին, ընդդիմադիր թեկնածուն անցավ, ու Հրազդանում էլ եթե ԲՀԿ-ն աջակցեր, հաստատ այն 1500 ձայնը, որ պակասեց Սասունին, ու դրանից էլ ավելին, նա կունենար: Այս առումով կարծես Իջեւանի եւ Հրազդանի ընտրությունները փաստում էին այն, ինչ կոալիցիայում փորձում են առայժմ չտեսնելու տալ` ԲՀԿ-ն կարողանում է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Սա տեղի ունեցավ երեւի այն պատճառով, որ այնուամենայնիվ ՀՀԿ-ԲՀԿ ստվերային գործընթացներ կան, մամուլը գրել էր Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին: Իսկ հենց երեկ էլ հայտնի դարձավ, որ կոալիցիան նիստ է արել նախագահի նստավայրում, ու այսպես ու այսպես, ՀՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրությամբ` կողմերը քննարկել եւ արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն, ինչպես նաեւ կարեւորել «կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը»:
Մի խոսքովՙ երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց Հրազդանի ընտրությունների արդյունքները` Հրազդանի քաղաքապետի ընտրություններումՙ նախնական տվյալներով, Արամ Դանիելյանը (գործող ՀՀԿ-ական քաղաքապետը)ՙ 13079 ձայն, Սասուն Միքայելյանը (ՀԱԿ անդամ) 11507 ձայն են ստացել: Երեկ ընտրությունների վերաբերյալ գնահատականներ էին հնչում: Ընդ որում` Մուկուչյանը մեկ-մեկ խոսում էր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների մասին` հիմքեր այնտեղ չհայտնաբերելով` ոչ ընտրական հանձնաժողովներ, ոչ էլ ԿԸՀ բողոքներ չեն ստացվել, այլ միայն ընտրատեղամասերում 13 անճշտություն է գրանցվել:
Սասուն Միքայելյանի շտաբն արդեն երեկ հայտարարել է, որ չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ ոչ մի ընտրատարածքում. «Անիմաստ ենք համարում, վերահաշվարկը ոչ մի փոփոխություն թվային առումով չի տա` ընտրակաշառքը համատարած էր», նշել է Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը :
Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը մրցակցի կողմնակիցների ընտրախախտումներ էր մատնացույց արել (համենայն դեպս): «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը , Արմեն Մարտիրոսյանը եւ երեկ ասուլիսած Ստյոպա Սաֆարյանը նույնպես նշել են իշխանական թեկնածուի կողմնակիցների ընտրախախտումների մասին: Վերջերս ամեն օր խոսող ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ (քանի որ հենց նա է կարողանում հարթել սուր անկյունները, կացնային վերաբերմունքով չսրել իրավիճակը), Գալուստ Սահակյանը, դրական է գնահատել Հրազդանի ընտրությունները` 38 ընտրատրածքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների թվում: Ընտրություններում դրական տարրեր է տեսել անգամ «Ազատ դեմոկրատների» համանախագահ Անուշ Սեդրակյանը ` ընտրակեղծիքների սակավությունը համացանցի ակտիվությամբ պայմանավորելով: «Սարդարապատ» շարժման հայտարարությունն ավելի սուր էր երեկ` եթե իշխանությունը նույն մեթոդներով վերարտադրվելու է, ապա ավելի լավ է «չմասնակցել վերարտադրության մեխանիզմի վերածված կեղծ ընտրություններին»:
Հ. Գ.- Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրապարակած տվյալների` փետրվարի 12-ին ընդհանուր առմամբ 42 համայնքում ՏԻՄ ընտրություն անցկացվել, դրանցից երկուսում արտահերթ ընտրություններ են եղել: Նախնական արդյունքների համաձայն` հերթական ընտրություններում գործող 35 համայնքապետները վերընտրվել են, դրանցից 28-ը ՀՀԿ-ական են, 2-ը` ԲՀԿ-ական, 5-ը` անկուսակցական: Երկու արտահերթ ընտրություններում եւս 2 ՀՀԿ-ական համայնքապետ է դարձել: