ՆԱՏՕ-ն լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին: Այս մասին եւս մեկ անգամ հաստատել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, որին երեկ ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությանՙ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքները:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի գործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկել են նաեւ այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցեր:
Ա. Հ.