Յուրաքանչյուր ժողովուրդ հավանաբար պատմությունը ընկալում է այնքանով, որքանով ինքն այնտեղ ներկա է: Սա ակնհայտորեն ոչ գիտական ձեւակերպում է, բայց, կարծում ենք, ճշմարտության հանդեպ չի մեղանչում: Այդուհանդերձ, վերապահում պիտի անել. մեր հարեւանների համար «իրենք»-ը շատ առաձգական է: Նրանք մերթ «նույնանում են» մեդացիներին, մերթՙ աղվաններին, երբեմնՙ ընդհանրական մուսուլմաններին, հարկ եղած դեպքում էլՙ թուրքերին:
Ադրբեջանցի «պատմաբանն», օրինակ, իրեն կարող է թույլ տալ այսպիսի «արձանագրում», թեՙ «արաբ զավթիչներն արշավեցին Ադրբեջան եւ պաշարեցին Դվինը»: Մյուսն էլ գրում է, որ «մինչ Հարավային Ադրբեջանը մնում էր զրադաշտական, երկրի հյուսիսային մարզերում ընդունեցին քրիստոնեություն»: Վերջին ժամանակներս էլ, կապված «հայրենիքի պատմությունը նորովի գրելու» մասին Իլհամ Ալիեւի հանձնարարականի հետ, հարեւան երկրում «հայտնագործել են», որ Իրանն ամենեւին էլ հին պարսկական պետություն չէ, այլՙ «թուրք- պարսկական, որտեղ դարեր շարունակ իշխել է ադրբեջանական մի քանի արքայատոհմ»:
«Պետությունՙ պետության ներսում», այսպես են Իրանի պատմությունը ներկայացնում ադրբեջանական «պատմաբանները»: Ընդ որում, ոչ թե «Ադրբեջանն» է եղել Իրանի մի նահանգ, այլՙ «Ֆարսիստանըՙ Ադրբեջանի»: Եվ այս «հայեցակարգից» էլ մակաբերում են, որ Իրանի հարավկովկասյան խանությունները «ադրբեջանական անկախ պետական կազմավորումներ էին մինչեւ Ռուսաստանի կողմից նվաճվելը»:
Այս «հիման վրա» է, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմը վերջերս համացանցում նոր կայք է ստեղծելՙ նվիրված «Երեւանի բերդի 500-ամյակին», իսկ նույն «գրասենյակի» պատասխանատուներից ոմն Ֆուադ Ախունդով ասել է, թե իրենք կարող են «հայերին տրամադրել հին Երեւանի կենտրոնի ճարտարապետական նախագիծը»:
Թե ինչո՞ւ հին Երեւանի կենտրոնի ճարտարապետական նախագիծը պետք է «Բաքվում պահվի», այդ մասին ադրբեջանցի պաշտոնյան ոչինչ չի ասում: Եվ չի էլ կարող: Քանի որ Երեւանի ամբողջ կենտրոնի չէ, եթե գոնե մեկ շինության նախագիծ նա ունենար, ապա անպայման կտեղադրեր www. Erevangala500.com կայքում: Դրանում կասկած լինել չի կարող:
Փոխարենն ի՞նչ են արել Իլհամ Ալիեւի կամակատարները: Իբրեւ «ապացույց, որ հին Երեւանը մաքուր ադրբեջանական քաղաք է եղել», վերցրել եւ հիշյալ կայքի գլխավոր էջում տեղադրել են ռուս նկարիչ Ֆրանց Ռուբոյի «Երեւանի բերդի հանձնումը» կտավի լուսապատճենը: Իրողություններին անծանոթ համացանցային այցելուն կարող է տպավորություն ունենալ, թե Երեւանի բերդը գրաված Պասկեւիչն իր հետ այնտեղ էր տարել նաեւ նկարչին, որպեսզի հավերժացնի այդ իրոք կարեւորագույն իրադարձությունը:
Մինչդեռ իրականությունն այն է, որ նկարիչ Ռուբոն ծնվել է Երեւանի բերդի անկումից տասնամյակներ հետո, եւ կտավը ոչ թե «բնօրինակից» է արված, այլ ընդամենը գեղարվեստական երեւակայության պտուղ է: Բանն այն է, որ, ինչպես հայտնի է դառնում նկարչի կենսագրությունից, նա նույնիսկ Երեւանում չի էլ եղել: Ռուբոն, ըստ պատմական փաստիՙ երբ ռուսական զորքերը Երեւանն ազատագրել են պարսիկներից, ստեղծել է բերդի հանձնման կոլորիտային տեսարանը: Նա խնդիր չի ունեցել տալ Երեւանի համայնապատկերը, հակառակ դեպքում կտավին կպատկերվեին քաղաքի իրական թաղամասերնՙ իրենց եկեղեցիներով եւ բնակելի տներով, մարդկանցով եւ այլն: Նրա նպատակը, մանավանդ որ Ռուբոն աշխատել է հիմնականում արքունիքի պատվերով, եղել է մի բանՙ պանծացնել ռուսական զենքի հաղթանակը, ինչը եւ նա արել է:
Եվ այսօր ասել, թե Ռուբոյի «Երեւանի բերդի հանձնումը» նկարը «պատմական վավերաթուղթ է», նույնն է, եթե մեկը պնդի, որ Պոմպեյը հենց այնպիսինն է եղել, ինչպես պատկերված է հայտնի կտավում: Դա պարզապես ծիծաղելի է: Ոչ մի քննադատության չի դիմանում նաեւ ադրբեջանական կողմի վարկածը, թե Երեւանը «կառուցել է Ռեւան-գուլի խանը, որի անվամբ էլ կոչվել է քաղաքը»: Համաշխարհային պատմությունը չգիտի մի այլ դեպք, երբ վասալի անունով բերդ կամ քաղաք կոչվի:
Եթե բանը հասել է դրան, մեզ մնում է ասել, որ ներկայումս Բարդա անվանվող քաղաքը նախապես կոչվել է Պերոզապատՙ պարսից Պերոզ թագավորի անունով, հետագայումՙ Պարտավ: Դա պատմագիտորեն հաստատված փաստ է: Ինչպես եւ այն, որ այսօր Բաքվի պատմական կենտրոն կոչվող «Իչերի շահարը» նույնպես պարսիկներն են կառուցել:
Նաեւՙ Շիրվանշահերի պալատը: Քանի որ «շիրվանշահ»-եր կոչվող կառավարիչները ոչ այլ ոք էին, քանՙ Պարսկաստանի կողմից նշանակված պաշտոնյաներ: Ինչպես որ սոսկ կառավարիչներ էին Արեւելյան Անդրկովկասի այսպես կոչված «խան»-երը, որոնք, ի դեպ, ինքնագիտակցվում էին իբրեւ պարսիկ: Այնպես որՙ հարեւաններին խորհուրդ կտայինք «կեսարինը թողնել կեսարին, աստծունըՙ աստծուն»: Հակառակն անմտություն է, որից նրանք խղճահարույց են դառնում:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ