Թուրքական դիվանագիտությունն ու ընդհանրապես միջազգային քաղաքականությանը մոտեցումները առավել հաճախ ունենում են այնպիսի շեշտադրումներ, երբ էականը թողած «կարեւորվում են» այլ հանգամանքներ` մեկ հիմնական նպատակով. ամենայն հանգստությամբ անգամ կեղծիքը կամ ոչ լրիվ իրողությունները մատուցել թուրքական կողմին հարմար տեսքով: Ու այդ պարագայում բնավ էլ կարեւոր չէ, որ թուրքական կողմի հայտարարությունները կարող են զավեշտի հասնել:
Այդպիսի մի իրավիճակ ներկայումս Թուրքիան փորձում է «կերտել» ղարաբաղյան հարցի առնչությամբ` դռների արանքում մնացածի նման ամբողջ ուժով փորձելով ներս խցկվել, ընդ որում, այդ նպատակին հասնելու համար Թուրքիայում ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում: Այդ իսկ պատճառով էլ անհեթեթության են հասցրել իրենց գնահատականները` այս անգամ Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերը խառնելով ղարաբաղյան խնդրի հետ:
Մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում միտք է հայտնել, թե «Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիան իր դիրքորոշման պատճառով փաստացի ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին աջակցեց»: Որ Հայոց ցեղասպանության հարցը, այն էլ թուրքական տեսանկյունից, ոչ մի կապ չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի հետ, ակնհայտ է, հատկապես որ թուրքական այսօրինակ տրամաբանության դեպքում կստացվի, թե թեեւ հակամարտության կողմ չհանդիսացող, բայց, այդուհանդերձ, Հայաստանի կողմում են, ասենք, Միացյալ Նահանգների մեծամասնությունը, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը:
Հասկանալի է, որ Ֆրանսիային ամեն կերպ սեւացնելու եւ շահարկելու, հնարավորության դեպքում` նաեւ սպառնալու թուրքական նկրտումներում յուրաքանչյուր հնարավորություն, անգամ ամենաչնչին, օգտագործվում է, քանի դեռ չկա Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը: Ամեն դեպքում, Էրդողանն ավելի հեռուն է գնացել, հայտարարելով, թե Ֆրանսիան այդ ամենից հետո պետք է դուրս գա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբից:
«Այն դեպքում, եթե Ֆրանսիան հեռանա ԵԱՀԿ Մինսկի խմբից, հակամարտության կարգավորման գործում գերակայող դերակատարությունը կանցնի ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, եւ ես ենթադրում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորուրդն էլ պետք է խառնվի այս հարցին եւ որոշակի որոշում կայացնի», ասել է Էրդողանը, թեեւ, ինչպես ասում են, այս ամենում միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էր պակաս, որ որոշումներ կայացնելու ամենապարզունակ լծակներում հավասարակշռություն ապահովելու ունակությունը վաղուց կորցրել է, եթե, իհարկե, գործին չեն խառնվում աշխարհի գերտերությունները:
Էրդողանը հարցազրույցում բառացիորեն «նվագել է» հուզական լարերով. «Ոչ ոք իրավունք չունի տանջելու Ադրբեջանին»: Ադրբեջանն էլ, ի դեմս արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, «դամ է պահել» Թուրքիային` այդքան «շնորհք» չունենալով «սոլո» կատարելու: «Ֆրանսիան կարող է աջակցել Հայաստանին, բայց այդ դեպքում նրա մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում իմաստ չի ունենա», Էրդողանի համեմատությամբ մեղմագույն դիվանագիտական ձեւակերպում է գործածել Մամեդյարովը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարցազրույց տալով թուրքական ABHaber թերթին:
Մամեդյարովի տրամաբանությունն էլ անտրամաբանականի շարքից է, այլապես նույն Միացյալ Նահանգների մեծ հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ կարող է առիթ դառնալ Մինսկի խմբից «հեռանալու» համար: Իսկ նույն այս անտրամաբանական տրամաբանության դեպքում էլ Թուրքիան անգամ ծպտուն չպետք է հանի Մինսկի խմբում հայտնվելու համար:
Թե Մինսկի խմբում որ երկրները կլինեն համանախագահող, Թուրքիան չէ, որ որոշում է, իսկ Ադրբեջանն էլ, ինչքան էլ հարմար առիթներն օգտագործի իրեն հարմար հայտարարություններ անելու համար, միեւնույն է, այդ ձեւաչափով բանակցությունները շարունակելու պատրաստակամություն հայտնում է միշտ, հաճախ էլ` Ալիեւ կրտսերի գրավոր ստորագրությամբ: Այնպես որ ճիշտ ժամանակն է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման կայացման համար, այլապես թուրք եւ ադրբեջանցի դիվանագետները կարող են հայտնվել շատ ավելի ծիծաղելի իրավիճակներում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ