«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2012-02-10 | #25, 2012-02-11 | #26, 2012-02-14


ԲՐԱՅԶԱՅԻ ՈՂՋ ԷՈՒԹՅՈՒՆԸ. «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԿՈՂՄՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ»

Ադրբեջանում Միացյալ Նահանգների այդպես էլ չկայացած եւ արդեն նախկին դեսպան Մեթյու Բրայզան պետքարտուղարությունից հեռու իր առօրյան ու հանգիստը նախընտրում է անցկացնել Ստամբուլում ամերիկահպատակ դարձած կնոջ` Զեյնո Բարանի հետ: 2010-ի դեկտեմբերին Սենատի շրջանցմամբ դեսպան նշանակված Բրայզայի թեկնածությունը չհաստատված մնաց Սենատում, Բաքու մեկնելու հարցում այդքան անհամբեր Բրայզան կրկին կապեց ճամպրուկներն ու, փաստացի, Նահանգներ վերադառնալու փոխարեն հանգրվանեց Ստամբուլում:

Թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» պարբերականին տված ընդարձակ հարցազրույցում Բրայզան, իր բողոքավոր ու բացարձակապես կողմնակալ մոտեցմամբ ստորագրել է իր թեկնածության դեմ արտահայտված ամերիկյան սենատորների բոլոր առարկությունների տակ, բացելով նաեւ խաղաքարերը, թե ինքը իր մասնավոր կյանքում շարունակելու է «մասամբ ակադեմիական աշխատանքը, ինչպես նաեւ մարդկանց, կառավարություններին եւ մասնավոր հատվածին խորհրդատվությունները խոշոր ներդրումային նախագծերի առնչությամբ»:

Ապրիլքսանչորսին ընդառաջ ամերիկյան վարչակազմի մոտեցումներում Բրայզան փոփոխություններ չի ակնկալում, իսկ 2015-ին ընդառաջ Թուրքիային խորհուրդ է տալիս «վստահելի մասնակիցներով բաց քննարկումներ ունենալ պատմական դեպքերի շուրջը», այսինքն` այն, ինչ Թուրքիայի երազանքն ու ցանկությունն է, ընդ որում` «վստահելի մասնակիցներով»: Բրայզան առաջ է տարել այն տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու ղարաբաղյան խնդիրը փոխկապակցված են, քանի որ «հայկական կողմի լիդերները հսկայական առավելություն կստանան Թուրքիայի հետ սահմանի բացմամբ, բայց ոչ մի զիջում չեն անի»:

Իսկ թե ինչպես պետք է Թուրքիան դիմագրավի հայկական լոբբիի ջանքերին` Բրայզան «խորհուրդ» է տալիս. «ճշմարտությունը յուրաքանչյուրի կողմում է, հատկապես թուրքական»: Ճշմարտության այսօրինակ զգացում ունեցողի պարագայում արդեն զարմանալի չի թվում, որ ոչ ցածրակարգ դիվանագետը հայտարարում է, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղյան խնդրի պատճառով ու չի կարող բացել առանց այդ հարցի լուծման:

Ծառայությունից հեռու Բրազյան նաեւ հակադրվել է ամերիկյան վարչակազմի տարբեր հայտարարություններին, թե ղարաբաղյան հարցում քայլեր ու նախաձեռնություններ արվում են ամերիկյան, նաեւ ֆրանսիական կողմի ամբողջական աջակցությամբ ու համաձայնությամբ: Ստամբուլում «ընտանեկան կյանքը» վայելող Բրայզան հայտարարել է, թե բանակցող կողմերին պետք է հստակ ցույց տրվի խաղաղության համաձայնագրի կամ շրջանակային փաստաթղթի եռակողմ, այլ ոչ միայն ռուսական մշակումը:

Հարցազրույցում Թուրքիային ուղղված ձոների ու զեղումների արանքում Բրայզան, այդուհանդերձ, չի մոռացել նշել ձերբակալված լրագրողների խնդրի մասին, ավելացնելով, որ «դեպի ժողովրդավարություն ընթացքը ձախողելը Թուրքիայի համար կարող է վերջ դնել թուրք-ամերիկյան համագործակցությանը»:

Ակնհայտորեն դժգոհ ու բողոքավոր ամերիկյան նախկին դեսպանի ողջ հարցազրույցում ադրբեջանամետ ու թուրքամետ կեցվածքը, որ ազատորեն ներկայացրել է Բրայզան արդեն ոչ որպես դիվանագետ, կարելի է ընդունել որպես զգուշացում, հատկապես որ, հենց իր խոստովանությամբ, այսուհետեւ «խորհուրդներ է տալու», թե ուր ուղղվեն խոշոր ներդրումային նախագծերը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4