«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2012-02-10 | #25, 2012-02-11 | #26, 2012-02-14


ՕԵԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

«Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միությունը օրերս Աղավնաձորում կազմակերպել էր «Օրինաց ձմեռ» ամենամյա հավաքը, որին մասնակցում էին ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից ժամանած 1000-ից ավելի երիտասարդներ: Այս հավաքը նպատակաուղղված է համախմբել ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի օեկական երիտասարդներին, հնարավորություն տալ նրանց միասին անցկացնելու մարզական, մշակութային, ինտելեկտուալ խաղերով, ինչպես նաեւ հետաքրքրական հանդիպումներով ու ծանոթուրյուններով հագեցած մի քանի օր:

Միջոցառմանը մասնակցում էին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, քաղաքական խորհրդի այլ անդամներ:

Ողջունելով երիտասարդ կուսակցականներինՙ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ երիտասարդությունն այսօր հզոր ուժ է, եւ հենց այսօրվա երիտասարդից է կախված մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան, ապա հորդորեց ներկաներին ստեղծել այնպիսի ամուր արժեքային համակարգ, որի հիմքում ընկած կլինեն հայրենասիրությունը, հանդուրժողականությունը, հետեւողականությունն ու հաստատակամությունը, արժեքներ, որոնք երիտասարդ մարդուն կբերեն հաջողություններ: Կարեւորելով ՕԵԿ-ի մասնակցությունը առաջիկա համապետական ընտրություններում, կուսակցության առաջնորդը հավաստիացրեց, որ ՕԵԿ-ը հայ ազգին առաջարկելու է նորարարական գաղափարներով հագեցած մրցունակ, հավակնոտ նախընտրական ծրագիր, հավելելով, որ երիտասարդությանը հուզող բազմաթիվ խնդիրներ ներառված են կուսակցության նախընտրական ծրագրերում եւ կուսակցությունը մշտապես հետեւողական է լինելու այդ խնդիրները լուծելու: Մասնավորապես, հենց ՕԵԿ-ի ջանքերով էր, որ Հայաստանում ներդրվեց մրցակցային կրթության սկզբունքը, որի արդյունքում շնորհալի երիտասարդները սովորում են անվճար` պետական բյուջեի միջոցների հաշվին: Կուսակցության հաջորդ հավակնոտ ծրագիրը, որն արդեն իրականություն է, վերաբերում է երիտասարդ ընտանիքների արտոնյալ պայմաններով բնակարանային շինարարությանը, որի համար ստեղծվեց առաջին հիպոթեկային հիմնադրամը 3 մլրդ կարողությամբ: ՕԵԿ նախագահը, կարեւորելով երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու անհրաժեշտությունը, նշեց, որ կուսակցությունը հետեւողականորեն շարունակելու է պայքարելՙ որպեսզի հիպոթեքային եղանակով տրամադրվող բնակարանների տոկոսադրույքները գնալով նվազեն` առավել հասանելի եւ մատչելի դառնալու ավելի շատ երիտասարդ ընտանիքների համար: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ ՕԵԿ-ը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ուսման վարկավորման համակարգին վերաբերող նախագիծ, որի ընդունումը կլուծի հազարավոր երիտասարդների կրթության ֆինանսավորման հարցերը: Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա երիտասարդներին երկարաժամկետ վարկային միջոցների հաշվին ուսում ստանալ եւ այն մարել 15- 20 տարվա ընթացքում:

Պատասխանելով միջոցառման մասնակիցներին հուզող հարցերինՙ Արթուր Բաղդասարյանը մանրամասն անդրադարձավ հասարակական, քաղաքական եւ տնտեսական տարբեր հնչեղություն ունեցող հիմնախնդիրներին, մատնանշելով դրանց լուծման իրատեսական ուղիները, խոսելով նաեւ ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին: Բաղդասարյանը կոչ արեց ներկաներին համախմբվել, պատասխանատվության բարձր գիտակցումով աշխատել, համընդհանուր ուժերով գնալ առաջ, միասնաբար մասնակցել մեր երկրի, մեր պետության զարգացման, կայացման գործին, որպեսզի ունենանք ավելի լավ Հայաստան, քան ունենք այսօր:

ԱՐԵՎԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4