Մաշտոցի պուրակում տեղակայված կիսակառույց բուտիկում տեղի ունեցավ ֆոտոցուցահանդես-ակցիա: Ֆոտոցուցահանդեսում ներկայացված էին ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի անձնական արխիվի լուսանկարները, որոնք ներկայացնում էին հին Երեւանի շենքերի պատմական տեսքը:
«Մարդկանց մեջ գիտակցություն արթնացնելու խնդիր ունի այս ցուցահանդեսը, - ասաց բնապահպան Եղիա Ներսիսյանը , - մարդիկ պետք է տեսնենՙ ինչ կար եւ ինչ կա այժմ, ու համեմատական անցկացնեն այս այգու հետ. ինչ կա այսօր այս այգում եւ ինչ կարող է չլինել»:
Լուսանկարներում ներկայացված էին Բուզանդ, Լալայանց, Պուշկին, Տերյան փողոցների տարբեր ժամանակաշրջաններում արված լուսանկարները, որոնք ներկայացնում են Երեւանի այն պատմական տեսքը, որն այսօր գոյություն չունի դա վկայող շենքերի հետ միասին:
«Ես մեծ հաճույքով կնկարեի թեկուզ մեկ շենք, որը կարողացանք փրկել: Դա կլիներ առաջին լուսանկարը», ասաց ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը: Նա կարծում է, որ Մաշտոցի այգու կառուցապատումը կատարվում է ի հաշիվ կանաչ տարածքի, հանրային այգու, ուր նաեւ անցել է լուսանկարչի մանկությունը: «Կարծում եմՙ ոչ մի կերպ չի արդարացնում կրպակների տեղադրումն այգում, քանի որ եթե, շատերի խոսքով, այգին անխնամ էր, ուրեմն համապատասխան մարմինները պետք է հոգան այդ մասին», մեզ հետ զրույցում ասաց Հայկ Բիանջյանը:
Ցուցահանդեսի ընթացքում շինարարությունն իրականացնող բանվորներն այգու տարածքից հանեցին ասֆալտի մեքենան: Նրանք ամեն առավոտ գալիս են աշխատանքի, սակայն ակտիվիստների նստացույցի պատճառով չեն կարողանում իրականացնել խանութների կառուցապատման աշխատանքները:
Բացի վերոնշյալ տարածքում կիսակառույց խանութների ապամոնտաժման պահանջից, ակտիվիստները պահանջում են հետ կանչել փետրվարի 6-ին խորհրդարանում ընդունած ՇՄԱՓ օրինագիծն ու մշակել նորը`ապահովելով հանրության մասնակցությունը:
«ՇՄԱՓ օրինագիծն ուղղակիորեն վերաբերում է քաղաքային այգիներում ու պուրակներում իրականացվող շինարարությանը: Այդ տարածքներում իրականացվող գործունեության տեսակներն ընդգրկված են չարաբաստիկ «Գ» կատեգորիայում: Մեջբերում օրինագծի 4-րդ հոդվածից գործունեության այն տեսակների վերաբերյալ, որոնք իրականացվելու են հանրային կանաչ տարածքներում.
«Զբոսայգիներ կամ պուրակներ կամ անտառապուրակներ կամ պահպանվող տարածքներում հանգստի գոտիներ կամ օբյեկտներ:
Քաղաքաշինական կառույցներ`1500 քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով կամ կառույցներ, որոնք նախատեսվում է իրականացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում»:
Նշված էր նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ակտիվիստներն արդեն 4-րդ օրը հերթապահում են այգում` չթողնելով շարունակել շինարարական աշխատանքները:
«Մենք այստեղ ենք մնալու այնքան ժամանակ, մինչ հարցը լուծվի հօգուտ Երեւանի»,-ասաց Եղիա Ներսիսյանը:
Այսօր, փետրվարի 14-ին, ժամը 13-14-ը ակտիվիստները Մաշտոցի այգուց երթով շարժվելու են ՀՀ նախագահի նստավայրՙ հանձնելու փետրվարի 6-ին Ազգային ժողովի ընդունած ՇՄԱՓ օրինագիծը չստորագրելու եւ հետ վերադարձնելու պահանջը:
«Նշված օրինագիծը հակասում է ՀՀ սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանն ուղղված` Օրհուսի կոմիտեի պահանջներին: Մեր պահանջը չկատարելու պարագայում մենք կհանգենք այն հետեւության, որ Հայաստանի բնության ոչնչացումը համակարգվում է ուղղակիորեն ՀՀ նախագահի նստավայրից, եւ ձեռք կառնենք այդ հետեւությունից բխող համարժեք միջոցառումներ», նշված է ակտիվիստների տարածած հաղորդագրությունում:
Նախատեսվում է նաեւ հանդիպում ակտիվիստների եւ Երեւանի քաղաքապետի միջեւ:
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ