Ծննդյան 77-ամյակի առիթով
Հայ Մեծերի պանթեոնում ձնակույտերը տապանաքարերի ու կիսանդրիների պես բարձր են: Սաստիկ ցուրտ է: Բայց օրն ինքն իրենով հիշարժան է ու պարտավորեցնող: Փետրվարի 12-ն էՙ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրը: Մի խումբ մտավորականներ, դպրոցականներ, գրողի հարազատներն ու մտերիմները պանթեոնում են, ծաղիկներ են խոնարհում Հրանտ Մաթեւոսյանի շիրմաքարին:
Լրացավ Մեծ հայի ծննդյան 77-ամյակը: Հոգեհանգստի կարգից հետո հնչած ելույթներում Հրանտ Մաթեւոսյանը դեռ միամիտ ու պարզ աչքերով է նայում այս աշխարհին: Այդպես մաքուր էլ թողեց նա մեծ ու խառնակ աշխարհի մաթեւոսյանական անկյունը: Մեր գրականության բնապաշտներիՙ Թումանյանի, Բակունցի հետեւորդը մեզ ցույց տվեց իր աշխարհի բնակիչներին, որ Կնուտ Համսունի Պանի, Թումանյանի Սարոյի, Բակունցի Պետու նման հիացած են իրենց աշխարհով ու տերն են այդ աշխարհի, այնպես են ընդելուզված նրան, որ Ծմակուտից մինչեւ Ահնիձորՙ ընդամենը մի բուռ անտառոտ ու քարոտ հող, մի ողջ տիեզերք են պատկերացնում: Մարդըՙ պարզ, մաքուր, անթաքույց մտքերով ու խորունկ հոգով, որպիսին միայն այս հողը կարող է ծնել ու որին միայն Մաթեւոսյանը կարող էր նկատել: Մաթեւոսյանը նախորդ դարի 70-80-ականներին ընթերցողի առջեւ դրեց լեռների, քար ու հողի բնակչինՙ հավաքական կերպար, որ իր միամիտ պարզությամբ սովորեցրեց ուղիղ ապրելու, շիտակ լինելու, աշխարհը նախ իրենով փոխելու, բարի դարձնելու արվեստը:
1990-ականներին, երբ անցումային ժամանակներն իրենց հետ բերեցին քաոսը, Հրանտ Մաթեւոսյանը սպիտակ թղթի առջեւ առանձնացավ ինքն իր հետ եւ թղթին հանձնեց սրտի ցավից անողոք դարձած հայի, մտավորականի, քաղաքացու խոհերը, որ սթափվելու պատգամով փորձում էին միավորել տրոհված ազգը:
Բազմաթիվ առիթներով Ալեքսանդր Բոժկոն խոսել է Հրանտ Մաթեւոսյանի մասին: Ուկրաինացի դիվանագետը խոստովանում է, որ Մաթեւոսյանը երբեւէ իր ճանաչած ու իմացած մեծագույն գրողներից է, որին թարգմանելու պատվին ինքն էլ է արժանացել: Բոժկոյի կարծիքովՙ Մաթեւոսյանին պետք է թարգմանել աշխարհի բոլոր լեզուներով, որպեսզի նրա մարդավերլուծության, գեղագիտության արվեստն ամբողջ աշխարհն իմանա:
Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 77-ամյակի առիթով պանթեոն այցելած ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նույնպես շեշտեց. «Մաթեւոսյանի մի շարք գործեր թարգմանվել են ռուսերեն, ռուսերենից էլ այլ լեզուներով են հրատարակվել: Սակայն վաղուց ժամանակն է, որ Մաթեւոսյանը թարգմանվի միանգամից բնագրից եւ ոչ թե մեկ-երկու ստեղծագործություն, այլ շարքեր, հատորներ»:
Գրականագիտության դոկտոր Դավիթ Գասպարյանն էլ նկատեց. «Մենք պետք է ունենանք Մաթեւոսյանի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն, պետք է հրատարակել նրա անտիպ էջերը»:
Գրողի կրտսեր եղբայրըՙ Հրաչո Մաթեւոսյանը , տեղեկացրեց, որ բազմաժանր են մաթեւոսյանական անտիպները, դրանք կարելի է պարբերաբար տպագրել ու ամեն անգամ մի նոր հետաքրքրական ստեղծագործություն դնել ընթերցողի սեղանին: Բայց հարազատներից բացի, պետք է շահագրգռված լինեն նաեւ իշխանությունները:
Հրանտ Մաթեւոսյանով, Աղասի Այվազյանով եզրափակվեց մեր դասական արձակը: Մտավորական, թե պաշտոնյա, խոստովանում են, որ մեր ժամանակների գրողները մեր ժամանակների հերոսներն են, որոնց առաջ դեռ պարտք ունենք կատարելու: Նրանց գործերը հանրահռչակման կարիք ունեն: Ի՞նչ գիտե, օրինակ, նոր սերունդը Մաթեւոսյանի մասին, որտե՞ղ ու ինչպե՞ս կարող է ծանոթանալ նրան: «Մենք ենք, մեր սարերը» մեկ-մեկ ցուցադրվում է հեռուստաէկրաններին, «Աշնան արեւը»ՙ հազարից մեկ, «Տերը»ՙ երբեք: Այսօր իրականությունն այնպիսին է, որ հազիվ թե կարելի է հուսալ, թե որեւէ պատանու կամ երիտասարդի մտքով կանցնի սեփական նախաձեռնությամբ վերցնել ու կարդալ Մաթեւոսյանի որեւէ գործ: Բայց դա չի նշանակում, թե պետք է հարմարվենք իրականությանը, հարկավոր է ու մեծին ու փոքրին հրամցնել Հրանտ Մաթեւոսյանին: Ստացվում է, որ մեր Մեծերին ծննդյան ու մահվան օրերին ենք հիշում միայնՙ այն էլՙ գերեզմաններ այցելելով, այն էլՙ լավագույն դեպքում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ