Հարգանքի տուրք Ուիթնի Հյուսթոնի հիշատակին
Լոս Անջելեսում կիրակի օրը շնորհվեցին 2012 թ. «Գրեմմի» երաժշտական մրցանակները: Արարողության սկզբում կազմակերպիչները հարգեցին փետրվարի 11-ին մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակը: Հսկայական էկրանի վրա ցուցադրվեցին նրա I Will Always Love You երգի տեսահոլովակը:
Լոնդոնի «Սան» թերթը հաղորդում է 48-ամյա Հյուսթոնի մահվան որոշ մանրամասնություններ: Նա երկու օր անցկացրել էր True Hollywood գիշերային ակումբում, որտեղ խմել էր տեկիլա եւ ծեծկռտուք սարքել «Իքս ֆակտոր» երգի մրցույթի նախկին մասնակից Սթեյսի Ֆրենսիսի հետ, որը զրուցում էր Հյուսթոնի նախկին սիրեկանՙ 31-ամյա երգիչ Ռեյ Ջեյի հետ:
Շաբաթ օրը Ուիթնի Հյուսթոնի մարմինը գտել էին Լոս Անջելեսի «Բեւերլի Հիլզ Հիլթոն» հյուրանոցի համարի լոգարանում: Քաղաքի գլխավոր քննիչի տեղակալ Էդ Ուինթերը հաստատել է ոստիկանության հայտարարությունը, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հյուսթոնի հարազատներն ասել են, որ նա օգտագործում էր «Քսենաքս» հանգստացուցիչ դեղամիջոցը, որն ալկոհոլի հետ զուգորդվելով կարող է առաջացնել քնկոտություն: Հյուրանոցի համարում գտել են նաեւ «Լորազեպամ» եւ «Վալիում» դեղերը: Ենթադրվում է, որ երգչուհին մի քանի դեղահաբ խմելուց հետո կորցրել է գիտակցությունը եւ խեղդվել լոգարանի մեջ:
Ինչ վերաբերում է «Գրեմմիին»-գլխավոր մրցանակակիրը բրիտանացի երգչուհի Ադելն է, որը հաղթող ճանաչվեց ներկայացված 7 անվանակարգերից 6-ում («Տարվա լավագույն երգ», «Տարվա ձայնագրություն», «Լավագույն կարճ երաժշտական տեսագրություն», «Լավագույն ալբոմ» եւ այլն):
Հինգ «Ոսկե գրամոֆոն» ստացավ Foo Fighters ռոք-խումբը:
Պ. Ք.