ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Բեռլինի 1878-ի կոնգրեսի ընթացքում, որտեղ «Եվրոպայի հիվանդ մարդու» (Օսմանյան կայսրության) ճակատագիրն էր որոշվումՙ կապված նրան հպատակ ազգությունների կարգավիճակի հետ, Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկըՙ «Արյան եւ երկաթի» քաղաքականության այդ ջատագովը, ըստ հաղորդումների, ասել է. «Ես պոմերանացի մեկ մահացած զինվորի ոսկորները չեմ փոխարինի ամբողջ արեւելյան հարցի հետ»: Որպես քաղաքական գործչիՙ ժողովուրդների թշվառության նկատմամբ Բիսմարկի անտարբերությունը եզակի երեւույթ չէ: Դա մինչեւ օրս էլ շարունակվում է եւ ներկայումս ավելի վատ դրսեւորումներով: Ժողովուրդների ժողովրդավարական իրավունքները օգտագործվում են որպես պատրվակներ թշվառություն եւ ողբերգություն պատճառելու այն նույն ժողովուրդներին, հանուն որոնց պատերազմներ են մղվում եւ սկզբունքներ հայտարարվում աշխարհի քաղաքականության ամենաբարձր ատյաններում:
Խորհրդային Միության խորտակումով աշխարհի երկբեւեռ մարտավարության հավասարակշռությունը եւս խախտվեց եւ դարձավ միակողմանիՙ ամբողջովին Արեւմուտքի հսկողության ներքո: Ամերիկացի քաղաքագետները շտապեցին կանխել Եվրոպայի Միացյալ նահանգների ստեղծումը, որը կարող էր հավասարակշռողի դերը ստանձնել եւ խոչընդոտել Մ. Նահանգների միահեծան քաղաքականությանն ու շահերին:
Անշուշտ, չպետք է ափսոսալ, որ քայքայվեց Խորհրդային Միությունը, մանավանդ որ բաղկացուցիչ հանրապետություններից շատերը, այդ թվում նաեւ Հայաստանը, տեր դարձան իրենց սեփական ճակատագրին եւ ձեւավորեցին իրենց ուրույն քաղաքականությունը:
Գլոբալ առումով, սակայն, իշխանության հավասարակշռություն հասկացությունը կորցրեց իր իմաստը, եւ միաբեւեռ գերիշխանությունը աղետաբեր եղավ աշխարհի ամենատարբեր տարածաշրջանների, հատկապես Մերձավոր Արեւելքի համար:
Մի խումբ չընտրված պետական պաշտոնյաներ կարողացան «հափշտակել» Մ. Նահանգների արտաքին քաղաքականությունը եւ օգտագործել իրենց անձնական նպատակների համար: Դրանից, անշուշտ, Մ. Նահանգները ոչինչ չշահեց: «Նեո-կոններ» հորջորջված այդ կլիկը, թաքնվելով այդ ժամանակների ամենացինիկ քաղաքագետիՙ փոխնախագահ Դիկ Չեյնիի հետեւում, որի ձեռքում էր Սպիտակ տան իրական իշխանությունը, երկիրը ներքաշեց անխոհեմ պատերազմների հորձանուտը, այդ գործընթացում վատնելով միլիարդավոր դոլարներ եւ քարուքանդ անելով երկրի տնտեսությունը:
Միացյալ Նահանգները մնաց որպես աշխարհի հզորագույն տերությունը, բայց փոխանակ հպարտանալու նրանով, Նեո-կոնները այն վերածեցին ամբարտավանության թրի եւ սկսեցին ամենաանպատասխանատու ձեւով ճոճել աջ ու ձախՙ ամբողջ աշխարհով մեկ: Օրվա կարգախոսը դարձավ աշխարհում նոր կարգ ու կանոն հաստատելը: Այսօր այդ քաղաքականությունից ընդամենը մի քանի տարի անց, աշխարհը ավելի քան երբեւէ խառնաշփոթ վիճակում է: Եվ Մ. Նահանգների վիճակը, մեղմ ասած, մխիթարական չէ:
Նախագահ Օբաման ընտրվեց ամենաբարոյական ծրագրերով, բայց նրա խոստումները աղավաղվեցին կամ ընդհանրապես հօդս ցնդեցին պետքարտուղարությունում եւ կառավարական այլ ատյաններում քողարկված քաղաքագետների գործունեության հետեւանքով: Առաջին «զոհերից» մեկը Հայոց ցեղասպանության հարցը եղավ, մյուսըՙ Գուանտանամոյի ուղղիչ գաղութը:
Աշխարհում նոր կարգ ու կանոն հաստատելու միտումը երկսայր քաղաքականություն էր, որը մի կողմից պետք է սահմանափակեր նախկին Խորհրդային Միությունից մնացած «իշխանությունը», մյուս կողմիցՙ ձեւափոխեր Մերձավոր Արեւելքի քարտեզըՙ հարմարեցնելով Իսրայելի քաղաքական նպատակներին:
Ներկայումս Ռուսաստանը ինքնախարազանմամբ է զբաղված: Գոհ է էներգիայի իր նորագյուտ ակունքներով եւ գրեթե զուրկ ամեն տեսակի օտար փառասիրություններից: Սա իր հերթին, Մերձավոր Արեւելքի վերաձեւավորումը թողել է «նոր կարգ ու կանոն» հաստատողների ձեռքերում: Գործընթացը սկսվեց Իրաքով, արաբական ամենաբարգավաճ երկրից, որի բռնակալ առաջնորդը հոգ էր տանում ինչպես երկրի տնտեսությանը, այնպես էլ իր ժողովրդի բարեկեցությանը: Նա բոլորովին էլ այն դիվային անձնավորությունը չէր, որին ներկայացնում էր արեւմտյան մամուլը: Ճիշտ է, նա գիտեր տեռորի ենթարկել իր հպատակներին, բայց մինչեւ աղանդավորական վեճերի ներմուծումը դրսից ոչ ոք Իրաքում չգիտեր, թե ով է սուննի եւ ովՙ շիա: Քանի որ ներմուծված քաղաքականությունը հաջողության ոչ մի հնարավորություն չուներ, գործի դրվեցին ստերը զանգվածային ոչնչացման զենքերի գոյության վերաբերյալ:
Եվ Մ. Նահանգների ամենաազնիվ դիվանագետըՙ Քոլին Փաուելը, քավության նոխազ դարձավ ՄԱԿ-ի ատյաններում: Սանձազերծվեց արյունալի մի պատերազմ, որը խլեց 4.500 ամերիկացի զինվորների կյանքը եւ խեղեց 30 հազար ուրիշների մարմինները: Այսօր այդ երկիրը ժողովրդավարության ոչ մի ձեւի կամ տեսակի մեջ չի տեղավորվում:
Հաջորդ թիրախը Լիբիան էրՙ Մերձավոր Արեւելքում իրավահավասարության ամենամեծ ջատագովը: Մուամմար Քադդաֆին, ճիշտ է, տարօրինակություններ ուներ, բայց իր ժողովրդին բաժանում էր երկրի նավթի արդյունաբերության ամբողջ եկամուտը: Դրա համար ներքին խռովությունները չէին կարող իրականություն դառնալ այնտեղ, ուստի գործի դրվեց ՆԱՏՕ-ի միջամտության գործոնը: Իսկ Քադդաֆիին սպանելու ձեւը ոչ մի ձեւով չի կարելի արդարացնել: Այսօր երկիրը անկայուն վիճակում է, տնտեսությունը քայքայված, իսկ խոստացված «Ժողովրդավարությունը» ոխակալ սպանությունների եւ անիրավասու դատարանների անարդար որոշումների տեսքով է հրամցվում ժողովրդին:
Եգիպտոսի կայունությունը երաշխավորված էր նախագահ Հոսնի Մուբարաքի ներկայությամբ: Նրա տապալումով երկրում քաոսային վիճակ ստեղծվեց եւ անկայունություն: Նաեւ ղպտի փոքրամասնության եւ այլ քրիստոնյաների հանդեպ անհանդուրժողականություն:
Հաջորդ թիրախը Սիրիան է, որտեղ հանգրվան է գտել հայկական ամենահին համայնքներից մեկը: Բայց Բիսմարկի քաղաքականությունը դեռ կենդանի է, եւ ոչ ոք հաշվի չի առնում, թե ինչ կպատահի այդ համայնքին, որը հարգված է երկրում եւ վայելում է, հակառակ զանգվածային որոշ լրատվամիջոցների բնութագրմանը, փոքրամասնություններին ընձեռված բոլոր իրավունքներից:
Արաբական «վերազարթնումը» կամ «գարունը» դրսեւորվեց նաեւ Թունիսում, որը դարձավ Հյուսիսային Աֆրիկայի ամենաանկայուն երկրներից մեկը:
Իրանը նույնպես այդ ցուցակում է: Մ. Նահանգներն ու Իսրայելը սպառնում են Իրանին հարվածել, որովհետեւ Իրանն ու Սիրիան հակակշռում են Մերձավոր Արեւելքում իսրայելա-թուրքական գերիշխանությունը:
Անշուշտ, ոչ ոք չի ցանկանում վարչակարգի փոփոխություններ կատարել Հորդանանում կամ Սաուդյան Արաբիայում, որոնք բացարձակ միապետություններ են: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ երկրների միապետները համաձայն են եւ պատրաստ կատարելու Մ. Նահանգների եւ Իսրայելի նախագծած այդ «սցենարի» բոլոր պահանջները:
Լրատվական հսկայական մեխանիզմներ են գործում խաբելու աշխարհին եւ համոզելու, որ «արաբական գարունը» ի շահ այդ երկրների է կատարվում: Բայց արյունահեղության, անկայունության, աղքատության եւ համատարած թշվառության ներկա պայմաններում, ամենամիամիտ դիտորդին անգամ հնարավոր չէ համոզել, որ տարածաշրջանում ազատության եւ կարգավաճության մի նոր արշալուսյ է բացվում: Իրականում այդ զարթոնքն իրական մղձավանջի է վերածվել:
Բայց «ժողովրդավարության» եւ «մարդու իրավունքների» գեղեցիկ ու գրավիչ կարգախոսներով զարդարված այս քաղաքականությունը որոշակի ուղղվածություն ունի: Որեւէ երկիր, որն ինչ-որ ձեւով թշնամական դիրքորոշում ունի Իսրայելի հանդեպ, գրանցվում է «ժողովրդավարացման» կարիք ունեցող այդ ցուցակում: Թունիսն անգամ, որն արաբ-իսրայելական հակամարտությանը հեռվից էր հետեւում, հայտնվեց այդ ցուցակում, որովհետեւ Յասեր Արաֆաթին եւ պաղեստինյան ազատագրման կազմակերպությանն էր հյուրընկալել 1982-ին, երբ Արիել Շարոնը ներխուժել էր Լիբանան:
ՄԱԿ-ում Լիբիայի դեմ հարձակումը ծրագրվելու օրերին, ձեռնպահ մնալուց հետո, Մոսկվայի առաջնորդները գիտակցեցին, որ «արաբական գարունը» գնալով ավելի է մոտենում իրենց եւ սպառնում իրենց շահերին տարածաշրջանում: Ուստի վերջապես գործի անցնելով այդ քաղաքականության դեմ, «վետո» դրեցին Սիրիայի դեմ նախատեսվող ագրեսիային, ինչը զայրացրեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ եվրոպական մի շարք երկրների առաջնորդներին:
Թուրքիան գաղտնի զենք է մատակարարում Սիրիայի «ապստամբներին» եւ արդեն իսկ հյուրընկալել է այսպես կոչված «տարագիր կառավարության» անդամներին:
Մերձավորարեւելյան տարածաշրջանի որեւէ լուրջ հետազոտողի համար պարզից էլ պարզ է, որ կայուն, բայց ոչ երբեք կատարյալ կառավարություններ տապալվում են բնավ ոչ հանուն այդ երկրների ժողովուրդների շահերի: Մ. Նահանգներն ու Եվրոպան նույնպես այդ ապստամբություններից անմիջական օգտվողները չեն, քանի որ միայն թշնամանք են վաստակում տվյալ երկրների բնակիչներից եւ ահաբեկչության նորանոր որջերի բույներ հյուսում դրանցում:
Հայերն արդեն դուրս են եկել Եգիպտոսից, Լիբանանից եւ Երուսաղեմից: Հերթը հիմա հասել է Սիրիայից եւ Իրանից դուրս գալուն: Իրանը արտաքին աշխարհին կապող Հայաստանի «փրկապարաններից» մեկն է եւ որեւէ հակամարտության դեպքում ամբողջ տարածաշրջանն է տուժելու, այդ թվում նաեւ Հայաստանը:
Ակնհայտ է, որ աշխարհում նոր կարգ ու կանոն հաստատելու այս փիլոսոփայությունը շատ հեռուն է գնացել իր քայքայիչ ճանապարհով, որպեսզի հստակորեն վերանվանվի աշխարհում նոր անկարգություն առաջացնելու միտում կամ ուղղություն:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.
(չնչին կրճատումներով)