Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի ուժեղագույնների խմբում 6 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույնը Հրանտ Մելքումյանի արդյունքն է: Նա 4 միավորով ընթանում է 16-րդ տեղում: 4-րդ տուրում Հրանտը հաղթեց Վլադիմիր Հակոբյանին, ապա պարտության մատնեց Դենիս Խիսմատուլինին: Մելքումյանն առաջատարների խմբում էր, սակայն 6-րդ տուրում պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային ու նահանջեց 16-րդ հորիզոնական: 3,5 միավորով 36-րդ տեղում է միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նա հաշտություն կնքեց Յանգյու Յուի եւ Բարտոզ Սոչկոյի հետ, իսկ 5-րդ տուրում Կարենի մրցակիցը չներկայացավ ու հայ շախմատիստին հաղթանակ շնորհվեց:
Վլադիմիր Հակոբյանը Մելքումյանին զիջելուց հետո միավորը բաժանեց Անդրեյ Ժիգալկոյի եւ Ռինատ Ջումաբաեւի հետ մրցախաղերում: Նա 3 միավորով 53-րդ տեղում է:
6 տուրից հետո միանձնյա առաջատարն ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովն է, որն ունի 5 միավոր: 4,5-ական միավորով հաջորդ տեղերում են Մաթեուշ Բարտելը, Ֆաբիանո Կարուանան եւ Պավել Էլյանովը:
B խմբի մրցաշարում 6 տուրից հետո Հայաստանի շախմատիստներից լավագույն ցուցանիշն ունեն Հովիկ Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Քոթանջյանն ու Դավիթ Պետրոսյանը, որոնք վաստակել են 4-ական միավոր: 3,5-ական միավոր ունեն Վահե Բաղդասարյանն ու Արտաշես Մինասյանը: 2 միավոր է վաստակել Մանուել Պետրոսյանը, 1,5ՙ Աղասի Ինանցը:
Այս մրցաշարում գերազանց է խաղում թուրք գրոսմայստեր Էմրե Կանը, որը բոլոր 6 պարտիաներն էլ ավարտել է հաղթանակով: 5-ական միավորով նրան հետապնդում են Սերգեյ Գրիշչենկոն ու Գրիգորի Օպարինը:
C խմբի մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը 5,5 միավորով առաջատարներին հետապնդող շախմատիստների թվում է: Վերջին 4 տուրերում նա վաստակեց 3,5 միավոր: Ղարագյոզյանը հաղթեց Վասիլի Վասիլեւին, Վլադիմիր Արխիպովին եւ Բհարատիին, ոչ-ոքի խաղաց Յի Քսուի հետ:
7 տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ուրտնասան Նասանջարգալը, Չիթամբարամ Արավինդը եւ Դմիտրի Միխայլովը: Սուրեն Պողոսյանն ու Մարկ Բասենչյանն ունեն 4,5-ական միավոր: