Եվրոպական երկրների սուսերամարտիկների համար օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն անցկացվելու է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Ապրիլին կայանալիք այդ ստուգատեսում Հայաստանից պատրաստվում է մարտուղյակ դուրս գալ խոցասուսերամարտիկ Միքայել Ղազարյանը: 25-ամյա մարզիկի հետ նպատակամղված պարապմունքներ է անցկացնում Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի տնօրեն, վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Նավասարդյանը: Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար հայ սուսերամարտիկը Բրատիսլավայում պետք է աշխատի տեղ զբաղեցնել 1-ին կամ 2-րդ հորիզոնականում: Խնդիրը իրոք շատ բարդ է, սակայն Միքայել Ղազարյանն իր մարզչի հետ ամեն ջանք կգործադրի հաջողության հասնելու համար: Նշենք, որ անկախ Հայաստանից դեռեւս ոչ մի սուսերակիր չի մասնակցել օլիմպիական խաղերի: