21 տարի առաջ, ճիշտ այսօր, լույս էր տեսնում մեր թերթի առաջին համարը: Եվ առաջին խմբագրականը, ի թիվս այլ հանձնառությունների, ընդգծում էր, որ իր գլխավոր առաքելությունն է լինելու լուր տալը, օպերատիվ եւ ստուգված տեղեկություններ մատուցելը, քանի որ, ասում էր այդ խմբագրականը, «Ազգն» առաջին հերթին լրագիր է, այսինքնՙ լուր, տեղեկություն հաղորդող: Թե որքանով եւ ինչպես թերթը կատարեց իր այդ պարտականությունը, կարող են վկայել մեր հին ընթերցողները, որոնց թիվն առաջին 4-5 տարիներին անցնում էր 40 հազարը:
Այսօր, 21 տարի անց, նման հանձնառությունը թվում է անտեղի, նույնիսկՙ ծիծաղելի: Ինտերնետային հաղորդակցության եւ ցանցային տեղեկատվության տիրապետության մեր օրերում տպագիր մամուլի համար նման հանձնառությունը անիմաստ է. նորությունը 5 րոպեում կարող է 5 անգամ երկրագնդի շրջանը կատարել ու 6-րդ րոպեին արդեն նոր զարգացումներ արձանագրել: Հետեւաբար տպագիր մամուլը վիրտուալ այդ մրցակցությանը դիմանալու համար պետք է փնտրի ու գտնի նոր ձեւեր ու միջոցներ իր ընթերցողական լսարանը պահպանելու եւ սեփական գոյատեւումն ապահովելու համար:
Հայաստանյան պայմաններում տպագիր մամուլի գոյատեւման միջոց կարող է լինել ոչ այնքան լուրերի հաղորդումը, որքանՙ դրանց մեկնաբանումը, խորքային վերլուծությունը, հետաքննությունը: Այլ խոսքովՙ ինչ-ով-երբ-որտեղ-ինչպես-ից առավելՙ ինչու-ն գտնել-բացատրելը: Դա՛ է տպագիր մամուլի առավելությունը իր առավել ծախսատար մրցակիցների նկատմամբ, հետեւաբար այդ առավելությունը պետք է օգտագործել առավելագույն չափով: Եվ մեր թերթը վերջին շրջանում սկսել է անցում կատարել դեպի այդ տեսակի լրագրություն:
Անշուշտ, զուգահեռաբար, տպագիր մամուլը կարող է ու պե՛տք է մտնի նաեւ համացանցային ոլորտ, այնտեղ բերելով ի՛ր որակներըՙ լրագրողական պրոֆեսիոնալիզմ, վարպետություն, հարցերը առավելագույն խորությամբ ներկայացնելու ավանդույթ:
«Ազգը» Հայաստանում առաջիններից էր այդ նոր ոլորտում աշխատող: Շուրջ 10 տարի առաջ մեր թերթն ստեղծեց իր կայքէջը, որ 6 լեզուներով իր ծառայությունն առաջարկեց համայն հայությանը եւ գտավ հաջողություն: Սակայն տարբեր պատճառներով այդ ծառայությունը չվարձատրվեց, ինչը ստիպեց թերթի վարչությանը առայժմ փակել օտար լեզուներով տրվող իր ծառայությունը:
Այսուհանդերձ, թերթի ղեկավարությունն ու աշխատակազմը վճռակամ են հաղթահարելու դժվարությունները եւ փորձելու մեր իրականության մեջ դեռեւս չփորձարկված նոր ձեւեր կիրառել եւ հայ հասարակությանը կրկին ներկայանալ նորարարություններով թերթի ե՛ւ տպագիր, ե՛ւ էլեկտրոնային տարբերակներում: Անշուշտ, հույսը դնելով նաեւ իր ընթերցողական լսարանի աջակցության վրա:
21 տարեկան հասակում մարտահրավերներից չեն խուսափում. ընդունո՛ւմ են: