«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքի նախագծով
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ներքին շրջանառության մեջ է դրվել «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կարգավորել հրապարակային ծանուցումների ինտերնետով իրականացնելու կարգն ու կանոնները: Առաջարկվող օրենքի նախագծով եւս մեկ հարված է հասցվում լրատվամիջոցների եւ հատկապես տպագիր լրատվամիջոցների անկախությանը:
Համաձայն օրենքի նախագծի, օրենքով կամ այլ իրավական փաստաթղթով նախատեսված հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի «նաեւ կայքում»: Այդ նպատակով ստեղծվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք` www.azdarar.am, որտեղ էլ պետք է տեղադրվեն հրապարակային ծանուցումները: Իհարկե բնական է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ ինտերնետ հասանելիության ավելացման պայմաններում հատուկ այսպիսի կայք է ստեղծվում, որտեղ պետք է տեղադրվեն հրապարակային ծանուցումները: Ցավալին այն է, որ իշխանությունները այս անգամ էլ առիթն օգտագործում են լրատվամիջոցների համար անհավասար պայմաններ ստեղծելու համար:
Նախ` կայքի համար սահմանվում է հրապարակային ծանուցման գին, որը զգալիորեն ցածր է ներկայումս տպագիր լրատվամիջոցներում տպագրվող ծանուցման շուկայական գնից: Պաշտոնական կայքում տեղադրվելիք ծանուցման 1 նիշի գին է սահմանվում 10 դրամը: Սա նշանակում է, որ այս ծանուցման հրապարակումը գրեթե կրկնակի ցածր է թերթերում 1 ք. սմ-ի համար ձեւավորված 125-150 դրամ միջին շուկայական գնից: Այսինքն, պետությունը շուկայում գին է թելադրում, այն դեպքում, երբ ձեւավորված գինը շուկայական է եւ գերիշող դիրքի չարաշահում կամ այլ չհիմնավորված մոտեցում այստեղ գոյություն չունի: Ունենում ենք անհավասար մրցակցություն` պետության եւ մասնավորի կամ ավելի կոնկրետՙ պաշտոնական կայքի եւ մասնավոր թերթերի միջեւ, որն անթույլատրելի է: Սակայն վերոնշյալ փաստաթուղթն ունի մեկ այլ, ավելի վատթար դրույթ:
Համաձայն շրջանառվող օրենքի նախագծի, հրապարակային ծանուցում «պարտադիր է» (ընդգծումը մերն է) տեղադրել դրա համար նախատեսված կայքում, մոռանալով, որ վերեւում նշված է «նաեւ կայքում», իսկ թերթերում այն տեղադրելու դեպքում ծանուցում հրապարակողներին ընդամենը նման «իրավունք է վերապահվում» (ընդգծումը մերն է):
Այս դրույթն արդեն ոչ թե անհավասար մրակցությունն է խորացնում, այլ պարզապես վերացնում է մրցակցության տեսական հավանականությունն անգամ: Մի՞թե պարզ չէ, որ կայքում ավելի էժան հրապարակային ծանուցում տվող անձը կամ կազմակերպությունը այլեւս չի օգտվի իրեն «վերապահված իրավունքից» եւ նոր ծախս չի անի թերթում իր ծանուցումը հրապարակելու համար: Ուրեմն ո՞րն է այսպիսի պահանջ սահմանելու նշանակությունը: Ակամա հիշում ես արդարադատության նախարարությունից տարիներ առաջ դուրս եկած «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի նախագիծը, որն ուղղակի դժգոհության պայթյուն առաջացրեց լրագրողական շրջանակներում:
Այդուհանդերձ, քանի դեռ փաստաթուղթը օրենքի նախագիծ է, կարելի է ուղղել վերոնշյալ երկու դրույթները: Առաջինը` ինտերնետային հրապարակման գինը սահմանել շուկայական գնին մոտ եւ լրատվամիջոցների հաշվին լավություն չանել ծանուցում հրապարակողների համար, երկրորդ` ծանուցման հրապարակումը, բացի կայքից, պարտադիր դարձնել նաեւ ծանուցման հեղինակի նախընտրած որեւէ թերթում` առավել հրապարակայնություն ապահովելու համար: