«Աբրահամ Լինքոլն» ամերիկյան ավիակիրը էսկադրային ականակրի եւ հածանավի ուղեկցությամբ անցել է Հորմուզի նեղուցով եւ Պարսից ծոցից դուրս եկել Արաբական ծով: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:
Ամերիկյան ռազմանավերի խմբին որոշ ժամանակ 3 կմ հեռավորությունից հետեւել է իրանական մի պարեկանավ: Ռադարների վրա նկատվել են նաեւ իրանական անօդաչու թռչող սարք եւ հետախուզական ուղղաթիռ: Ավելի ուշ առաջին պարեկանավին միացել է եւս մեկը, բայց հետո երկուսն էլ շարժվել են դեպի Իրանի ափերը:
Ավիակրի հարվածային խմբի հրամանատար Թրոյ Շումեյկերը հայտարարել է, որ զարմացած չէ իր ռազմանավերի նկատմամբ իրանցիների նման սեւեռուն հետաքրքրությունից: Նրա կարծիքով, նավախմբին հետեւել են նաեւ իրանական բանակի ծովափնյա ռադարները: «Աբրահամ Լինքոլնը» վերջին մեկ ամսում երկրորդ անգամ է անցել Հորմուզի նեղուցով: Հունվարի 22-ին ավիակիրը մտել էր Պարսից ծոցՙ չնայած Իրանի բողոքներին:
Սպասվում է, որ ավիակրի հարվածային խումբը Արաբական ծով դուրս գալուց հետո կօժանդակի Աֆղանստանում կռվող կոալիցիոն ցամաքային զորքերին:
ԱՄՆ ծովուժի հրամանատարությունում հայտարարել են, որ Պարսից ծոցում «Աբրահամ Լինքոլնին» շուտով կփոխարինի մեկ ուրիշ ավիակիր, սակայն չեն նշել դրա տեղ հասնելու ժամկետները: