«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2012-02-14 | #27, 2012-02-15 | #28, 2012-02-16


ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՅՈՒՍԻՍԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՓՈՐՁ. Ի՞ՆՉ Է ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի ու առեւտրի նախարար Էամոն Գիլմորն, օրերս ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում, առաջարկել է կիրառել Հյուսիսային Իռլանդիայի մոդելը սառեցված հակամարտությունների կարգավորման նպատակով: Վերջինիս խոսքով, փոխադարձ զիջումները թույլ են տվել իշխանություններին Հյուսիսային Իռլանդիայում մի շարք խնդիրների լուծման տարբերակներ գտնել:

«Ես հուսով եմ, որ այս փորձը կարելի է կիրառել նաեւ ԵԱՀԿ տարածքում, որտեղ մինչ օրս պահպանվում են սառեցված հակամարտությունները», նաեւ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- նշել է Գիլմորը:

Դեռեւս տարեսկզբին, երբ ԵԱՀԿ նախագահությունը Լիտվայից փոխանցվեց Իռլանդիային, հակադիր հույզեր եւ ակնկալիքներ առաջացրեց ղարաբաղյան հակամարտող կողմերում: Ենթադրվում էր, որ ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման ջանքերի ակտիվացումը Իռլանդիայի նախագահության առաջնահերթություններից կհռչակվի, առավել եւս երբ նման քայլի անհրաժեշտությունն ամրագրված է ԵԱՀԿ վերջին շրջանի գրեթե բոլոր հիմնական փաստաթղթերումՙ Աստանայի գագաթաժողովի եզրափակիչ ակտում, արտգործնախարարների խորհրդի վիլնյուսյան հանդիպման որոշման մեջ եւ այլն: Սակայն հակամարտող կողմերին առավելապես հուզում էր այն հարցը, թե ԵԱՀԿ նոր նախագահողն ինչ մոտեցում կցուցաբերի հակամարտությունների կարգավորման եղանակների նկատմամբ: Դեռեւս հունվարին, խոսելով ԵԱՀԿ նախագահության` Իռլանդիայի առաջնահերթությունների մասին, Գիլմորը հայտարարել էր, թե իրենց նպատակը ԵԱՀԿ տարածքի հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի ուղիներ գտնելն է լինելու:

«Մենք պատրաստակամ ենք սերտորեն համագործակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ մյուս անդամների հետ:

Իռլանդիայում բոլորս քաջատեղյակ ենք, թե ինչ քայքայիչ գին ունեն հակամարտությունները: Բանակցությունների, փոխզիջման, ներգրավված երկու կառավարությունների ու բաժանված երկու հատվածների ղեկավարների ջանքերի ու երեւակայության շնորհիվ Հյուսիսային Իռլանդիայի հարցում հարատեւ կարգավորում ձեռք բերվեց: Այս փորձը կարող է օգտակար լինելՙ առավել արդյունավետ դարձնելու այն ջանքերը, որոնք անհրաժեշտ են ԵԱՀԿ տարածքի չլուծված հակամարտությունները կարգավորելու համարՙ օգտագործելով խաղաղ բանակցությունների գործիքները, համաձայնեցված ձեւաչափերը եւ ամբողջությամբ հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները: Այս ոգուն համապատասխան ապրիլի 27-ին Դուբլինում կհրավիրեմ խորհրդաժողով, որի ընթացքում կներկայացնեմ Հյուսիսային Իռլանդիայի օրինակի տարբեր կողմերըՙ որպես քննարկման առարկա: Թեեւ կոնֆլիկտային յուրաքանչյուր իրավիճակ ինքնատիպ է, հուսով եմՙ կիսելով մեր փորձը, կօգնենք եւ կխրախուսենք նրանց, ովքեր ներգրավված են մեր տարածաշրջանում հակամարտությունների հարատեւ կարգավորում գտնելու գործընթացում», հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Էամոն Գիլմորը:

Իռլանդիայի փոխվարչապետի հայտարարությունները հետաքրքրություն են ներկայացնում մի շարք պատճառներով: Նախՙ ասվածից ակնհայտ է, որ ԵԱՀԿ նախագահությունը չի պատրաստվում հանդուրժել ԵԱՀԿ տարածքի հակամարտությունների կարգավորման գործող ձեւաչափերին այլընտրանք փնտրելու որոշ կողմերի շարունակական ջանքերը, կարգավորման գործընթացում անընդունելի են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, եւ կարգավորումը հավասարապես հիմնված պետք է լինի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների վրաՙ ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ազգերի ինքնորոշման:

Իսկ ի՞նչ է նշանակում հակամարտությունների կարգավորման հյուսիսիռլանդական փորձ. ինչպես նշում է Գիլմորը, Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության հարատեւ կարգավորում հնարավոր եղավ ձեռք բերել միայն ներգրավված կառավարությունների եւ խնդրո առարկա հատվածի ղեկավարության միասնական ջանքերով: Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությանը, որը ծագել էր 1921-ին Իռլանդիայի անկախացումից հետո, հաջողվեց վերջ դնել միայն 1998 թվականին կնքված Բելֆաստի պայմանագրով: Պայմանագրի մշակման բանակցություններին մասնակցում էին ինչպես Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի, այնպես էլ խնդրո առարկա Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական կուսակցությունների (նաեւ ծայրահեղական) ներկայացուցիչները: Նշված կողմերի մասնակցությամբ էլ կնքվեց կարգավորման հիմնարար փաստաթուղթը: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1999-ի դեկտեմբերին միայն, այն բանից հետո, երբ Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները հանրաքվեում հավանության արժանացրին:

Հանրաքվեի էր ներկայացվել պայմանագրին համաձայնության հարցը: Խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայից Հյուսիսային Իռլանդիայի հնարավոր անջատման վերաբերյալ Օլսթերի բնակիչներն իրենց կարծիքն արտահայտել էին արդեն 1973թ. հանրաքվեի ընթացքում, որի արդյունքներն էլ մեծ հաշվով կանխորոշիչ դարձան հետագա պայմանագրի դրույթների համար: 1973-ի Հյուսիսային Իռլանդիայի ինքնիշխանության հարցի հանրաքվեում ներկայացված էր երկու հարցադրում.

1. «Ցանկանու՞մ եք, որ Հյուսիսային Իռլանդիան շարունակի Միացյալ Թագավորության մաս կազմել»

կամ

2. «Ցանկանու՞մ եք, որ Հյուսիսային Իռլանդիան միանա Իռլանդիայի Հանրապետությանըՙ Միացյալ Թագավորության կազմից դուրս»:

Թեեւ Հյուսիսային Իռլանդիայի ծայրահեղական ուժերը բոյկոտել էին հանրաքվեն, այնուամենայնիվ մասնակցությունը կազմել էր 58.1%: Քվեարկության մասնակիցների 98.9%-ը կողմ էր արտահայտվել Հյուսիսային Իռլանդիայիՙ Միացյալ Թագավորության կազմում մնալուն: Հանրաքվեն բոյկոտած ուժերի եւ «կողմ» քվեների հարաբերակցության հաշվարկից հետո ակնհայտ էր, որ առաջին հարցադրման օգտին քվեարկել է ողջ էլեկտորատի 57.5%-ը:

1998-ին Բելֆաստի պայմանագրի ստորագրումից հետո հանրաքվե կազմակերպվեց նաեւ Իռլանդիայի Հանրապետությունում: Իռլանդացիները պետք է իրենց կարծիքն արտահայտեին երկրի սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հարցի վերաբերյալ, որով Դուբլինը պետք է հրաժարվեր Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ որեւէ նկրտումից:

Մեկ կարեւոր հանգամանք եւս. խաղաղության այսպես կոչված համապարփակ պայմանագիրը, որը վերջ էր դնում բազմամյա հակամարտությանը, ստորագրվել էր ոչ թե եվրոպական որեւէ քաղաքում եւ ոչ էլ նույնիսկ հակամարտող կողմերից մեկիՙ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի մայրաքաղաքում, ստորագրվեց հակամարտության գոտուՙ Օլսթերի վարչական կենտրոնը համարվող Բելֆաստումՙ ընդգծելով վերջինիս դերն ու նշանակությունը կարգավորման ողջ գործընթացում:

Ինչ խոսք, Հյուսիսային Իռլանդիայի կարգավորման փորձն իսկապես կարող է ուսանելի լինել բոլորիս համարՙ որպես բարդ խնդիրներին քաղաքակիրթ լուծումներ ապահովելու օրինակ: Դասերը, որ կարող են կիրառելի լինել նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, մի քանիսն են:

Ինչպես նշվեց, Օլսթերի հակամարտության կարգավորման բանակցությունները հիմնվում էին 1973թ. ինքնիշխանության հանրաքվեի արդյունքների վրա: Զուգահեռը ղարաբաղյան խնդրի հետ ձեւակերպվում է անմիջապես. կարգավորման բանակցությունների հիմքում դրված պետք է լինեն արցախցիների 1991թ.-ի կամարտահայտության արդյունքները, որոնք որեւէ կերպ անտեսվել չեն կարող:

Կարգավորման բանակցությունները պետք է ընթանան ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների, այլեւ ԼՂՀ ղեկավարության անմիջական մասնակցությամբ: Վերջիններիս հավանությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները ուժի մեջ կարող են մտնել միայն այն բանից հետո, երբ դրանք հավանության արժանացնի ԼՂՀ բնակչությունը:

ԼՂՀ ժողովրդի կամարտահայտության արդյունքների վրա հիմնված հարատեւ կարգավորման փաթեթը պետք է որպես հիմք ընդունվի Ադրբեջանի կողմից, որը պետք է սահմանադրորեն հրաժարվի ԼՂՀ նկատմամբ հետագա նկրտումներից:

Այսպիսով կարելի է սահմանել, որ հյուսիսիռլանդական փորձը ժողովրդավարության իրական դաս է հակամարտող կողմերի համար Հարավային Կովկասում: Սակայն պարզամիտ պետք է լինել կարծելու համար, թե Դուբլինում կազմակերպված մեկ խորհրդաժողովն ունակ է քաղաքական մշակույթ ձեւավորել կամ փոխել: Ի վերջո դասերն օգտակար կարող են լինել միայն դրանք սերտելու պարագայում, մինչդեռ Ադրբեջանի կողմից նման պատրաստակամություն դեռեւս չի նկատվում:

Մ. ՍԵՄԵՐՋՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4