«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2012-02-14 | #27, 2012-02-15 | #28, 2012-02-16


ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ՄԻԱՆԱՅԻ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«Ի՞նչ էին ինձ ասում` ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը չմիացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին», չորսամյա վաղեմության ահա այս մոտիվն էր հիշել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հրավիրած ասուլիսում, եւ ահա ո՞րն է այդ մոտիվը վերակենդանացնող հարցերին նրա պատասխանը. «Իսկ ինչո՞ւ պետք է միանայի Լեւոն Տեր-Պետրոսյանին` մի գործչի, որ ամբողջ նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ եւ ընթացքում անվանարկում էր ինձ` անվանելով ընդհուպ ազգի դավաճան: Եթե ես ձեզ անվանեմ ազգի դավաճան, դուք կգա՞ք ինձ հետ համագործակցելու», հարցրեց Բաղդասարյանը հարցը վերակենդանացնող լրագրողին. «Ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը դիմել է մեզ, որ միանանք իրեն, դուք կարո՞ղ էիք միանալ: Ինձ չէի՞ն ասի` էդ ի՞նչ էր եղել, որ Ա. Բաղդասարյանը վախեցավ-գնաց միացավ, էդ որ ասում էին` կարո՞ղ է ճիշտ էին ասում», ասաց` ավելացնելով, որ եթե մեկի հետ ուզում են համագործակցել, նրա նկատմամբ պետք է պարկեշտ լինեն: Նա նշեց, որ ընտրություններից հետո ՕԵԿ-ը երեք ճանապարհ ուներ. դաշնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ինչը վերը նշած պատճառով հնարավոր չէր, դիրքորոշում չհայտնել, որը 300 հազար քվե ստացած լինելու պարագայում նույնպես հնարավոր չէր, եւ եղավ երրորդ տարբերակը, երբ առաջարկ եղավ մտնել կոալիցիա. «Արդյունքում էս երկրում չհոսեց մեծ արյուն, Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չեղավ (սա ի պաշտոնե եմ ասումՙ որպես ԱԱԽ քարտուղար): Եվ հիմա էլ եթե այս երկրում լինի մարտի 1-ին նախորդող ժամանակի նման լարված, մի կասկածեք, որ մեր երկիրը դառնալու է թշնամու հարձակման թիրախ: Ժողովրդի անվտանգությունը կարողացանք ապահովել եւ անցնող տարիներին կամաց-կամաց մեր ծրագրերն իրականացնել»: Այնպես որ, հին մեղադրանքներին վերջակետ դրեց Ա. Բաղդասարյանը, մեղադրանքները որեւէ հիմք չունեն:

Ընդհանրապես` Ա. Բաղդասարյանը ասուլիս էր հրավիրել ասելու, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է սեփական ընտրացուցակով, մարտի 3-ին մարզահամերգային համալիրում ՕԵԿ-ի համագումարին կճշտվեն ընտրություններին մասնակցության մարտավարությունն ու ռազմավարությունը: Մարտին սկսվելու է նաեւ ՕԵԿ 15-ամյակին նվիրված միջոցառումների շարք: 15 տարվա ընթացքում ՕԵԿ-ը, ըստ նրա նախագահի, ՀՀ քաղաքական դաշտում միշտ էլ ունեցել է իր ծանրակշիռ տեղն ու դերակատարումը, շուրջ 200 օրենք հեղինակել, մրցակցային կրթության ներդրման, անվճար ծննդօգնության համակարգի նախաձեռնողն է, ապօրինի շինությունները մարդիկ կարողացան սեփականաշնորհել ՕԵԿ-ի շնորհիվ եւ այլն: Առաջիկա ընտրություններին եւս ՕԵԿ-ը ներկայանալու է մրցունակ նախընտրական ծրագրով, վերջերս անդամակցել է ԵԺԿ-ին, եվրոպացի գործընկերների հետ հաջողել է ստեղծել իր մրցունակ նախընտրական ծրագիրը: ՕԵԿ-ը հանդես է գալիս բարեփոխումների, ժողովրդավարության խորացման, երկրի անվտանգությունն ամուր պահելու օգտին, ինչը կերաշխավորի մարդկանց իրավունքների բարձր մակարդակ, տնտեսության զարգացում, հավակնոտ նորարարական բարեփոխումների իրականացում: Նա հիշեց նաեւ կոալիցիայի ղեկավարների վերջին նիստն ու պայմանավորվածությունները (այդ մասին պատմել ենք` ՀՀԿ-ի տարածած հայտարարության առթիվ, չկրկնվենք), նշենք միայն, որ ըստ Ա. Բաղդասարյանի, փոխըմբռնման մթնոլորտում ձեռք բերված այս պայմանավորվածություններն ընտրությունների լավ արդյունքների, եւ դրանց տրվող լավ գնահատականների նպատակով են:

Լրագրողները բարձրաձայնեցին` «Սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվում, ըստ որոնց առանձին ցուցակի դեպքում ՕԵԿ-ը դատապարված է». «Կան տարբեր հարցումներ` տեղական եւ տարբեր երկրների կողմից պատվիրված», ասաց Բաղդասարյանը, նշելով, որ գիտեն պատվիրատուներին, որոնք տալիս են բացասական պատկեր ՕԵԿ-ին. «Մենք մեր շանսերը գնահատում ենք շատ լավ... Մենք վստահ ենք մեր հաղթանակում, ամպագոռգոռ հայտարարություններ չենք անում, կբավարարվենք այն իրական հանրային աջակցությամբ, որը մեզ կտա մեր ժողովուրդը: Վստահ եղեք, որ այդ հանրային աջակցության աստիճանը բարձր է», նշեց Ա. Բաղդասարյանը` հավատացնելով, որ բավականին ծանրակշիռ ներկայություն կունենա ՕԵԿ-ն Ազգային ժողովում. «Ավելին, քան հիմա է»: «Օրինացը» մշտապես, եւ այն ժամանակ, երբ իշխանության մեջ է եղել, եւ երբ ընդդիմություն էր, համախոհների կայուն բանակ ունի, 120 հազարից ավելի գրանցված անդամ, 350 գործող շտաբ` մրցունակ կառույցներ, եվրոպական ամենաժողովրդավարական կառույցի` ՕԵԿ անդամակցության վերաբերյալ ԵԺԿ-ի որոշումն էլ վրադիր: ՕԵԿ համամասնական ցուցակի շուրջը կուսակցության ներսում տարաձայնություններ չկան, այնտեղ կլինեն ինչպես հին ու փորձառու ՕԵԿ-ականներ, այնպես էլ երիտասարդներ հատկապես, եւ առաջին տասնյակում նույնպես` արդյունավետ համադրում է իրականցվելու:

Հարցին, թե արդյո՞ք վստահում է կոալիցիոն գործընկերներին (խոսքն այն մասին էր, որ նրանք հետո կարող են «գցել» ՕԵԿ-ին), Ա. Բաղդասարյանը դրական պատասխանեց, թեեւ նշեց, որ հույսը սեփական ուժերի վրա են դնում, իսկ ՀՀԿ-ի եւ նրա նախագահ Սերժ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ունեն եւ համագործակցելու են թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4