«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2012-02-14 | #27, 2012-02-15 | #28, 2012-02-16


ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԿԲԵՐԵՆ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը համոզված է` առաջիկա ընտրությունները տարբերվելու են նախորդներից: Դրան նպաստելու են հատկապես ինտերնետային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը, որոնց աշխատանքի արդյունքում ամեն ինչ կլինի բացահայտ եւ ծածկադմփոց հնարավոր չի լինի իրականացնել: «Այսպես ասած դաղալությունները, որ հատուկ են մեզ, սոցիալական ցանցերի շնորհիվ կբացահայտվեն եւ հասարակական վերահսկողությունն առավել բարձր մակարդակի վրա կլինի», ասաց նա «Սլաք» ակումբում:

Որ լրագրողները հավակնում են մտնել Ազգային ժողով, նոր երեւույթ չէ Հակոբ Ավետիքյանի համար: Նա հիշում է, որ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմում կային բազմաթիվ գրողներ, լրագրողներ, որոնց դերը օգտակար էր: «Հրանտ Մաթեւոսյան, Վարդգես Պետրոսյան, Արամայիս Սահակյան, Այդին Մորիկյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Սամվել Շահմուրադյան եւ ուրիշներ: Նրանք լրագրողներ էին, եւ նրանց դերը խորհրդարանում շատ բարձր էր եւ կարեւոր», ասում է Ավետիքյանը` հավելելով, որ մամուլի եւ խոսքի ազատության մասին օրենքի համահեղինակը Մերուժան Տեր-Գուլանյանն էր:

«Երբեւէ Հայաստանում մամուլն այնքան ազատ չի եղել, որքան այսօր», ասում է հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը ` հատկապես շեշտելով տպագիր եւ էլեկտրոնային մամուլի դերը: Նա հիասթափված է հեռուստատեսությունից` որակից եւ լուրերի մատուցումից: Հրապարակախոսը նույնպես դրական է գնահատում փաստը, որ լրագրողները ցանկանում են մտնել խորհրդարան եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվել: Նրա մեկնաբանությամբ` ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում, ովքեր ոչինչ չեն անում:

«Չպետք է փողն ու իշխանությունը նույն մարդկանց ձեռքում լինեն: Եթե լրագրողները խորհրդարանում շատ լինեն, կառույցի ոճն ու լեզուն էլ կփոխվեն: Լրագրողները չեն վախենում ազատ խոսքից, հասարակությունից, շփումից: Նրանք նոր մշակույթ կբերեն: Այլ հարց է` խորհրդարան մտնողը լրագրող է, թե՞ պարսավագրությամբ է զբաղվում», ասում է Տեր-Գուլանյանը` կարեւորելով լրագրողի` աշխարհայացք ունենալու փաստը:

Մերուժան Տեր-Գուլանյանը 9 տարի աշխատել է խորհրդարանում: Առաջին 5 տարին լավագույններից էին իր կյանքում, երկրորդ 4 տարին նա անվանում է կորած, ներքին հուսախաբության եւ դեպրեսիայի ժամանակահատված: Կրկին խորհրդարան վերադառնալու ցանկություն հրապարակախոսը չունի: «Շնորհակալ եմ` չեմ ուզում: Հիմա ջահելների ժամանակն է», ասում է նա:

Ի տարբերություն Տեր-Գուլանյանի` Հակոբ Ավետիքյանը երբեւէ պատգամավոր չի եղել: «Չեմ եղել եւ չեմ էլ լինի», հավելում է նա` կարեւորելով խորհրդարանում երիտասարդ դեմքերի, ուժերի դերը: Ավետիքյանը հավելում է, որ հասարակության մեջ արդեն 6-7 տարի լրագրողի հանդեպ հարգանքը նվազել է, հետեւաբար խորհրդարան գնացող լրագրողները պետք է կարողանան իրենց պրոֆեսիոնալիզմով բարձրացնել լրագրողների հանդեպ հարգանքն ու հեղինակությունը: «Ազգ»-ի խմբագիրը շեշտում է, որ լրագրողների` խորհրդարան մտնելու մասին լուրերն առավել շատ քննարկվեցին, երբ հայտարարվեց, որ գործարարները չեն մտնելու Ազգային ժողով: «Սա առաջընթաց է, քանի որ լրագրողները գալիս են խորհրդարան` փոխարինելու գործարար պատգամավորներին»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4