Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցան 100 տոկոս համամասնական կարգի վերաբերյալ այն լսումները, որոնք առաջարկել էր խորհրդարանական ընդդիմությունը: Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, բացելով լսումները` մի հետաքրքրական առաջարկ արեց, այն է` խորհրդարանի եւ նրա նախագահի լիազորությունների շրջանակում ստեղծել մի հանձնաժողով, որը կհետեւի նոր ընտրական օրենսգրքի դրույթների իրականացմանը կյանքում:
Իսկ բուն լսումներում այնքան շատ ելույթներ եղան, այնքան շատ խոսք ու պատկերավոր միտք հնչեց, որ նույնիսկ թվում է Ազգային ժողովում հատուկ ընթացակարգով եթե հարցը քննարկվի` ե՛ւ նախաձեռնողները, ե՛ւ ընդդիմախոսներն այլեւս նոր արգումենտներ չեն կարողանա բերել:
Չենք կարող թերթի սուղ էջերում շատ կարծիքներ ներկայացնել, նշենք հիմնական արգումենտներն ընդդիմադիրների, որոնք նշում էին նախաձեռնողները. թե մեծամասնական կարգը գործիք է իշխանության ձեռքին վերարտադրվելու համար եւ ընդդիմությանը դուրս մղելու համար, փողը բում է իշխանության, իշխանությունը` փող, դա դասական պլուտոկրատիան է (Արմեն Ռուստամյան եւ այլք), հիմնական կեղծիքները մեծամասնական կարգով են, համամասնական կարգին անցնելը կօգնի, որ իշխանությունները չհովանավորեն քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին ( Ռուբեն Հակոբյան ): Վահան Հովհաննիսյանը նշեց է, թե բացի մի հոգուց` մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները չեն ապրում տեղերում եւ չեն երեւացել այնտեղ: Եթե Նժդեհը գար ու իր թեկնածությունը դներ, ՀՀԿ-ն էլի օլիգարխի, եւ ոչ թե Նժդեհին կաջակցեր, համոզված էր «Ազգային համաձայնության» Արամ Հարությունյանը: Համամասնական կարգին անցնելու հակասահմանադրական լինելու խոսակցությունն էլ զայրացնում էր Արտյուշա Շահբազյանին, այդ դեպքում այդ կարգով Երեւան քաղաքի ընտրությունները հակասահմանադրակա՞ն են, հակափաստարկում էր նա:
Լրիվ համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմախոսներից ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համարում էր, թե իդեալական ընտրակարգի մոդել չկա, տվյալ երկիրը պետք է ընտրի իր համար այդ պահին հարմարը, իսկ 100 տոկոս համամասնականի մի կարեւոր թերությունն էր համարում այդ ընտրակարգի շոգեքարշի սկզբունքը, երբ ցուցակը գլխավորող հայտնի մարդը խորհրդարանը լցնում է անհայտ մարդկանցով, որոնց ժողովուրդը ձայն չէր տա: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նորից իր հայտնի երկու սկզբունքներից դիտեց երկու համակարգերը` ներկայացուցչականության եւ արդյունավետ գործունեության, եւ բնականաբար երկուսն էլ հնարավոր համարեց միայն այժմ գործող խառը համակարգով: Ըստ նրա` եթե համամասնական կարգը միայն գործի, ու ԱԺ-ում հայտնվեն փոքր կուսակցությունները, դա օրենսդրական աշխատանքի արդյունավետությանը կխանգարի եւ անգամ կառավարություն հնարավոր չի լինի ձեւավորել: Հետաքրքրական է, որ ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանը եւս կողմ չէր բացառապես համամասնական կարգ կիրառելուն (նա մեծամասնականով է ընտրվել), դեռ վաղաժամ է այդ կարգին անցնելն ըստ նրա, մինչդեռ մեկ այլ ԲՀԿ-ական` Նաիրա Զոհրաբյանը , նշելով հանդերձ, որ այս կարգի հարց եւրոպական երկրում չէր ծագի, ու եվրոպական կառույցներն էլ հարցի փիլիսոփայությունը չեն հասկանում, միաժամանակ նշեց, թե Հայաստանում մեծամասնական կարգով կեղծելու մեխանիզմները շատ ավելի ճկուն են. երկուսն էլ սակայն սեփական կարծիքներ էին հայտնում, ԲՀԿ-ն դեռ չէր քննարկել հարցը: Մեկ այլ մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր` Լյովա Խաչատրյանը համարում էր, որ բոլոր վատ բաներն մեծամասնական կարգի մեջ են, այն վերածվում է ձեռնամարտի ու պետք է անցնել համամասնական կարգի: Շատ չենք մանրամասնում, քանի որ վստահ ենք, որ հատուկ ընթացակարգով հարցը քննարկվելու է ԱԺ քառօրյայում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ