«Ազգի» նախորդ համարներից մեկում խոսվել էր այն մասին, որ 2011 թ. դեկտեմբերի 27-ին դատավոր Վազգեն Ռշտունու կայացրած վճիռն, ըստ որի երիտասարդներ Բաբկենը, Գուրգենը, Սամվելն ու Արթուրը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հետ ունեցած միջադեպի պատճառով կալանավորվել ու 4 ամիս կալանքի տակ մնալով ազատ էին արձակվել 800 հազար դրամ գրավի դիմաց բողոքարկվել էր դատախազության կողմից` համարվելով մեղմ պատիժ եւ նոր դատ նշանակվել 2012 թ. փետրվարի 15-ին:
Իրենց մեղքը քաջ գիտակցած երիտասարդները, որոնք ազատ արձակվելուց հետո հետեւություններ էին արել` սկսել էին աշխատել եւ ավելի լավ սովորել բուհում, երեկվա դատավճռով ազատազրկման ենթարկվեցին գրեթե 3 տարի ժամկետով: Դատարանում նրանց ծնողներն ուղղակի անկառավարելի էին դարձել եւ հազիվ դուրս բերվեցին դահլիճից, իսկ երիտասարդների դատապաշտպան Ամալիա Ավագյանը նշեց, որ բողոքարկելու է որոշումը:
Մենք հետագայում կներկայացնենք բողոքարկման արդյունքները:
ԱՐՍԵՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ