Ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներին (ԱրմՌոբոտիքս խմբակ) նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կրթական 5 հաստատության հանձնեցին ուսումնական ռոբոտներ` խմբակներում դասավանդում կազմակերպելու համար: Այդ ուսումնական հաստատություններն են Քվանտ եւ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, թիվ 131 եւ Այբ ավագ դպրոցները:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ` երկրում ռոբոտաշինության զարգացումը խրախուսելու նպատակով: Այդ զարգացումն ապահովելու կարեւոր նախապայման է փոքր տարիքից ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է տեխնոլոգիայի` ներառյալ ռոբոտիքսի ոլորտի զարգացմանը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտների վրա, ինչպես նաեւ միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա զարգացման ներուժ, եւ որտեղ մենք կարող ենք քաջալերել երիտասարդների ստեղծագործ միտքը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
«Անցած տարի հետաքրքիր փաստ արձանագրվեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության` ԱրմՌոբոտիքսի շրջանակներում, ինչը, ենթադրում ենք, կուրախացնի հասարակությանը: Դպրոցականները սկսել են ակտիվորեն զբաղվել ռոբոտաշինությամբ, ինչն արդեն տալիս է իր պտուղները: Այժմ ԱրմՌոբոտիքսի յուրաքանչյուր մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ եւ արձանագրում հաջողություններ: Նման փոփոխությունը պայմանավորված է դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձեւավորմամբ»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը :
Խմբակների ստեղծման գաղափարը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում առաջացել է դեռեւս 2009 թվականից` ռոբոտների մրցույթներից հետո: Կազմակերպությունն արձանագրել էր ծնողների հետաքրքասիրությունը` դպրոցական երեխաներին համապատասխան կրթությամբ ապահովելու համար հաստատություն գտնելու հարցում:
Ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակների կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: