Գրիգոր Նարեկացու խոհերին ու փիլիսոփայությանն արդեն կարող ենք առնչվել նաեւ ֆիլիմի միջոցով, սակայն ոչ թե վավերագրական, այլ գեղարվեստական:
«Հովիվը» կոչվող ֆիլմը մեզ հասած ավանդազրույցների միջոցով ներկայացնում է հայ բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացու կերպարը: «Եվ սա բանաստեղծի մասին առաջին ֆիլմն է», նշում է ռեժիսոր եւ պրոդյուսեր Արտակ Ավդալյանը :
Հերոսի կերպարը մարմնավորել է դերասան Արթուր Կարապետյանը, որը պատմում է` նույնիսկ եղել է պահ, երբ հրաժարվել է դերից. «Քանի որ Գրիգոր Նարեկացու կերպարը հանձն առնելը մեծ պատասխանատվություն էր»:
Իր կատարած աշխատանքին դերասանը որեւէ գնահատական չի տալիս, միայն ասում է` խաղալիս առաջնորդվել է սրտի թելադրանքով:
Ֆիլմի գնահատականը կտա հանդիսատեսը:
Ռաֆայել արք. Մինասյանը , որը ֆիլմի պրոդյուսերն է, պատմում է` նպատակ ունեն ֆիլմը ներկայացնելու նաեւ արտասահմանցի հանդիսատեսին: Թեեւ հայ հանդիսատեսը նույնպես կարիք ունի առնչվելու Նարեկացու փիլիսոփայությանն ավելի խորունկ, այնուամենայնիվ ֆիլմը միանգամայն նորություն կլինի օտար հանդիսատեսի համար: «Ուզում ենք` օտարները նույնպես հաղորդակցվեն նրա աստվածաբանական տեսությանը», ասում է Ռաֆայել արքեպիսկոպոսը:
Ֆիլմի բյուջեն հավաքվել է տարբեր նվիրատվությունների միջոցով, իսկ նկարահանումները կատարվել են 2 տարում` Ստամբուլում ու Հայաստանում: Չնայած Նարեկավանքն այլեւս չկա, բայց նկարահանող խումբը կարողացել է գտնել քարանձավները, որտեղ ճգնել է Նարեկացին ու նկարահանումներ կատարել այդ վայրերում: Ֆիլմը տեւում է մեկ ու կես ժամ:
Առայժմ ցուցադրվելու է հայերենով, միայն մի հատված նկարահանվել է գրաբարով, իսկ մնացածը` արեւելահայերեն: Իտալերեն թարգմանությունն արդեն պատրաստ է, իսկ անգլերենը պատրաստ կլինի շուտով: Հայաստանից հետո «Հովիվը» կցուցադրվի Լիբանանում, ապա նաեւ Ամերիկայում ու Եվրոպայում:
Ի. Պ.