«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2012-02-14 | #27, 2012-02-15 | #28, 2012-02-16


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Վերջին տարիներին հայոց լեզվի աղավաղումներին, նրա տարաբնույթ խեղաթյուրումներին անդրադարձել են ոչ փոքրաթիվ մարդիկ: Գրվել են ինքնատիպ աշխատություններ, «Ազգ», «Գրական թերթ» եւ այլ պարբերականներում հրապարակվել են ուշագրավ հոդվածներ, առանձին գրախոսություններում մատնանշվել են գրախոսվող գրքերում նկատված լեզվական մեղանչումները: Բայց իրողությունն այն է, որ հայոց լեզվի անաղարտության, նրա լեզվական օրինաչափությունների անխաթար պահպանման համար պայքարը հիմնականում կրել ու կրում է թույլ, տարերային բնույթ: Ի վերուստ չկան պետական մտահոգություններ, պահանջկոտություն ու վերահսկողություն: Հայերենի անաղարտության ու մաքրության պահպանումը, նրա բառուբանի անընդմեջ հարստացումը մշտապես պետք է լինեն պետության, նրա համապատասխան բարձրագույն մարմինների, գիտակրթական համակարգի բոլոր բաղադրիչների, մամուլի, ռադիոհեռուսատեսության ղեկավար օղակների ուշադրության կենտրոնում: Եվ պետական լիարժեք հսկողության բացակայության, ամենաթողության, նաեւ այլ պատճառներով այժմ ամենուրեք վայրէջք է ապրում հայոց լեզուն:

Շարունակ տեսնելով ու լսելով հայերենի աղավաղումներըՙ ակամա հիշեցի հայերենապաշտ Պարույր Սեւակին, որ, ավա՜ղ, դեպքերի դժբախտ բերումով կարճ ապրեց, բայց սերունդներին թողեց ոչ միայն բանաստեղծական մի ինքնատիպ ու հայեցի աշխարհ, այլեւ գրականագիտական, քննադատական, հրապարակագրային աշխատությունների մի բացառիկ ընտրանիՙ ազգօգուտ, բազմաբնույթ հարցերի խորազնին արծարծումներով ու քննարկումներով, իմաստալից խտացումներով ու գիտական ծանրակշիռ ընդհանրացումներով: Այդ ընտրանիի սրբազան մասունքներից մեկը «Պահպանենք եւ հարստացնենք մեր մայրենին» վերտառությամբ հրապարակագրային խորիմաստ հոդվածն է, որ առաջին անգամ տպագրվեց «Գրական թերթի» 1962 թ. մարտի 25-ի համարում եւ լայն արձագանք ստացավ ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ տարասփյուռ հայության բազմազան շրջանակներումՙ առաջ բերելով խանդավառություն եւ ազգային հպարտության ու արժանապատվության խոր զգացումներ: Անցել է գրեթե հինգ տասնամյակ, եւ այդ հոդվածը բնավ չի կորցրել իր հնչեղությունն ու այժմեականությունը, քանզի հայոց լեզվի անաղարտ պահպանումն ու հարստացումը շարունակական եւ մշտական բնույթ պիտի կրեն: Եվ ահա՛ թե ինչու: Հայի համար հայոց լեզուն է այն տիեզերական զորեղությունը, առարկայացված ոգին, հոգեմտավոր զենքը, որոնց միջոցով հայ էթնիկական ցեղը կարողացել է գոյատեւել պատմության հողմագալարներումՙ վաղնջական դարերից հասնելով մինչեւ մեր օրերը եւ շարունակելով իր երթը դեպի հավերժություն: Հայոց լեզուն ամեն մի սթափ ու գիտակից հայի հեռահար լույսն ու զենքն է, ազգի ինքնության ու ինքնագիտակցության, ազգային մտածողության, կենսունակության, միաբանության եւ միասնության, զարգացման ու հարստացման ամենահորդաբուխ, ամենավճիտ աղբյուրը: Նա համայն հայության նախապատմական ժամանակների, ներկա ու գալիք դարերի անտրոհելի կապն ու կամուրջն է, նրա պատմության ու հարատեւման ամրակուռ զենքն ու զրահը, ազգային ինքնատիպ մտածողության ակունքը, ազգային լինելիության, հպարտության ու արժանապատվության (ոչ սնապարծության) մեսրոպակերտ ու վարդանաձույլ թագըՙ մեր պատվի ու ինքնասիրության առհավատչյան:

Ահա թե ինչու Պարույրի հոդվածում մտահոգություն են հարուցել մեր լեզվին առնչվող մի քանի սկզբունքային հարցեր.

ա) «արհեստականորեն մեր շուրթերին սոսնձված» (Պարույրի արտահայտությունն է. Ռ. Դ.) բառերի մի խմբի մասին (ռեւոլյուցիա, դեպուտատ, կոնստիտուցիա, պարտիա, սովետ, դելեգատ, ռեսպուբլիկա),

բ) օտար բառերի եւ օտարաբանությունների կիրառումը հայերենում,

գ) մեր լեզվի շարահյուսական եւ այլ կարգի աղավաղումները,

դ) մարդկանց գործածական լեզվի բառապաշարի աղքատությունը եւ այլն:

Նշված եւ այլ հարցերի մասին խոսելուց առաջ Պարույր Սեւակը շեշտել է, որՙ «Սակավ սրբություններ չունի մարդ արարածը, բայց, անկասկած, նրա սրբություն սրբոցը մայրն է, այս պատճառով էլ ամենանվիրական բաները առնչվում են մորըՙ հայրենիքը կոչելովՙ «մայր», լեզունՙ «մայրենի»: Եվ ապաՙ «Իբրեւ մոր նայել ու իբրեւ մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր ու մայրախնամ զավակներըՙ սկսած Մաշտոցից ու մեր առաջին թարգմանիչներից մինչեւ Նարեկացի ու Շնորհալի, Դուրյան ու Րաֆֆի, Վարուժան ու Չարենց» (ընդգծումը իմն է. Ռ. Դ.):

Պարույրը որդիաբար հպարտանում է հայոց լեզվի վերելքով (այո՛, այդ տարիներին ամենուրեք վերելք էր ապրում հայոց լեզուն. Ռ. Դ.), միաժամանակ ընդգծում, որ «անցած քառասուն տարում (1920-1962 թթ. Ռ. Դ.) հայրենիք վերադարձավ, վերջապե՜ս, եւ հայրենի կտուրի տակ բնակվելով բարգավաճեց հայագիտությունը, որ տարափոխիկ թռչունի պես ապաստանել էր օտար բներումՙ Վենետիկում եւ Մոսկվայում, Վիեննայում ու Թիֆլիսում, Պոլսում ու Բաքվում»: Սեւակն, այնուհետեւ, լեզվաբանի հմտությամբ քննաբանում է վերը նշված հարցերը, բերում բնորոշ փաստեր, օրինակներ, ցուցանում գրավոր ու բանավոր խոսքի ծուռն ու թերին եւ կատարում լեզվաբանական խորիմաստ ընդհանրացումներՙ հայոց լեզվի օրինաչափությունների կիրառությունները կատարյալ տեսնելու մտահոգությամբ:

Միանգամայն միտումնավոր անդրադարձա (իհարկե, շատ թռուցիկ) Պարույր Սեւակի արժեքավոր հոդվածին, որի գերագույն նպատակն էր եւ է՛ մաքուր ու անաղարտ պահպանել եւ հարստացնել մայրենին :

Վերը նշեցի, որ Պարույրի հոդվածի տպագրությունից անցել է 50 տարի: Եթե մի հրաշքով վերակենդանանար Պարույրը եւ լսեր շատ ռադիոհեռուստահաղորդումներ, Ազգային ժողովի պատգամավորների ելույթներ, պետական մակարդակի նիստերի, խորհրդակցությունների առանձին զեկուցումներ ու ճառեր, կարդար բազմաթիվ թերթեր, ամսագրեր ու նոր տպագրված գրքեր, շատ ատենախոսությունների սեղմագրեր (էլ չեմ ասում ամբողջական ատենախոսություններ), լիներ դպրոցներում, բուհերում եւ կարդար (ընտրովի) աշակերտների, ուսանողների գրավոր աշխատանքներ, լսեր բանավոր պատասխաններ, շրջեր եւ տեսներ մայրաքաղաքում (եւ ո՛չ միայն մայրաքաղաքում) օրեցօր բազմացող օտարագիր ցուցանակներ, ազդագրեր, զանազան կարգի մեծադիր գովազդներ, նյութն ու շահը թմբկահարող վահանակներ, միանգամից կաթվածահար կլիներ...

Մինչդեռ հայոց լեզվի գրավոր ու բանավոր արտահայտման մակարդակները հատկապես վերջին երկու տասնամյակում աննախընթաց զարգացում պիտի ապրեին, օրինաչափ զարգացում, որ հատուկ է պետական կարգավիճակ ունեցող շատ լեզուներին. օրինակՙ ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, իտալերենին, պարսկերենին եւ այլն: Սակայն իրողությունն այն է, որ հայոց լեզուն ամենուրեք վայրէջք է ապրում: Իսկ այդ երեւույթն ազգի, մանավանդ փոխհաջորդող սերունդների համար ամենից վտանգավորն ու կործանարարն է:

Երեւանում, օրինակ, օտարագիր եւ օտարահունչ ցուցանակները, գովազդները, ազդագրերը գերազանցում են հայերենով գրվածներին, եւ քաղաքը կորցնում է իր ազգային ինքնատիպությունը: Տարիներ առաջ լինելով Հռոմումՙ ես գրեթե օտարագիր ցուցանակ չտեսա. ամեն ինչ իտալերեն էր: Նույնիսկ խորհրդային կաղապարված գաղափարախոսության պայմաններում Էստոնիայում, Արեւմտյան Ուկրաինայի քաղաքներում, ուր գործուղումների առիթներով եղել եմ 1960-80-ական թվականներին, ի զարմանս ինձ, չտեսա ռուսերենով գրված ցուցանակներ: Մինչդեռ ռուսերենով գրելը ազգային լեզուների կողքին պարտադիր էր: Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող «Անի» հյուրանոցը, օրինակ, չունի հայերենով արտահայտված ցուցանակ. մուտքի ճակատին խոշոր գրերով (անգլերեն) դրոշմված է. «Ani plaza Hotel»: Այդ նույնը հայերեն փոքր գրերով, առանց թարգմանության, տեղադրված է անգլերենից հետո: Մինչդեռ հայատառ եւ հայերենով արտահայտված ցուցանակները պիտի լինեն առաջին պլանում, իսկ օտարագիրներըՙ 2-րդ տեղում, դրանք էլՙ ոչ բոլոր շինություններում, ասենքՙ օդանավակայաններում, բանկերի, հյուրանոցների եւ նմանատիպ շենքերի մուտքերում: Փորձենք քայլել Երեւանի հատկապես կենտրոնական փողոցների մայթերով եւ աջ ու ձախ դիտարկել մանավանդ առեւտրական հիմնարկների ցուցանակները, վահանակները, ազդագրերն ու գովազդները. դրանք հիմնականում օտարագիր են ու օտարահունչ եւ աղարտում են մայրաքաղաքի հայեցի պատկերը: Դրանց տեղադրման համար պետք է գործեն միասնական չափանիշներ, ինչպես ընդունված է աշխարհի առաջավոր քաղաքներում:

Մասնագիտական հիմնավորումներով ապացուցված է, որ դաժանությունները, անբարո երեւույթները ենթակա են կրկնօրինակման: Մեր հեռուստահաղորդումների գրեթե բոլոր ալիքներով տարբեր ժամերի ցուցադրվում են սերիալներ, որոնք ներկայացնում են դաժանություններ, ծեծկռտուքներ, սպանություններ, անմարդկային տեսարաններ: Դրանցումՙ գեղագիտական արվեստի, բարձր ու վսեմ գաղափարների մասին խոսք չի կարող լինել: Դրանք միաժամանակ մատուցվում են ժարգոնով, գողական լեզվով: Դրանք կարո՞ղ են դրականորեն ազդել հատկապես դեռահասներին, հասունացող սերնդին: Երբե՛ք: Դրանք միայն աղարտում են մարդկանց սրտերն ու հոգիները եւ շատերին տանում հանցագործ ճանապարհներով: Եվ այս մասին շատ է գրվել (տե՛ս, օրինակ, «Ազգ» թերթի 2011 թ. նոյեմբերի 24-ի համարում տպագրված «Մրցավազքՙ ո՞վ ավելի դաժան տեսարան կմատուցի» վերտառությամբ խորիմաստ հոդվածը, որի հեղինակը շնորհալի լրագրող Մարիետա Խաչատրյանն է):

Եվ զարմանալի է, որ իշխանությունները, համապատասխան կառույցները փականք չեն դնում հեռուստաէկրաններով մատուցվող աղբի, հոգեսպան, ագրեսիվ վարք ձեւավորող սերիալների եւ այլ բնույթի հաղորդումների առջեւ: Որոշ լրատվամիջոցներ նույնպես մրցավազքի մեջ են, թե ով ավելի դաժան ու սահմռկեցուցիչ տեսարան կարող է մատուցել:

Փոխվել են ժամանակները, բացասական իմաստով փոխվել է սերունդը. գուցե մեղավոր է Արեւմուտքը, որ երազանք չունի, միակ երազանքը շահն է, նյութը, հանուն որոնց սրբի կերպարանքով շրջում է ամբողջ աշխարհում, նաեւՙ մեր լեռնաստանումՙ համաշխարհայնացման (գլոբալիզացիա), կեղծ բարերարության, կեղծ ժողովրդավարության քղամիդի ներքո... Թերեւս... Արեւմուտքը եւ նրան լծակից ազգադավ ու արյունակից մութ ուժերը, հարկավ, շահի ու նյութի ակնկալությամբ փորձում են դանդաղ վերացնել ազգայինը, մեզ օտարել մեզնից, աղարտել հայի էթնիկական կերտվածքը: Սա դավադիր քաղաքականություն է, որի դեմ պետք է պայքարել բոլոր միջոցներով ու մեթոդներով:

Մեր ռադիոհեռուստատեսային հաղորդումներում (նկատի ունեմ պաշտոնական հաղորդավարների հաղորդումները եւ դրական հատկանիշներով գնահատելով 3-4 հոգու) գրեթե բացակայում է կենդանի բանավոր խոսքըՙ իր բնական, լեզվաբանական, գեղագիտական, ճարտասանական ու հոգեբանական օրինաչափություններով: Հասկանալի է, որ ռադիոհեռուստատեսային հաղորդումները մեծ լսարանների համար են. հաղորդավարներին լսում են հարյուրհազարավոր մարդիկ ո՛չ միայն հայրենի երկրում, այլեւ տարասփյուռ հայության շատ վայրերում: Եվ հաղորդավարը պետք է լինի կատարյալ ճարտասան, նա պիտի լիարժեք տիրապետի հայոց լեզվի բոլոր նրբերանգներին, խոսքի արվեստի դրսեւորման բոլոր միջոցներին: Մինչդեռ հաղորդումներում գերիշխում է ծայրահեղ արագախոսությունը: Շատ դեպքերում չեն պահպանվում հնչերանգը, հայրենի բառային շեշտի ճշգրիտ կիրառությունները, ելեւէջավորումները, պահանջվող դադարները, որոշ բառերի (գրությամբ եւ արտասանությամբ տարբերվող) ճիշտ արտասանությունը: Համարյա չեն նկատվում առանձին բառերի ու բառակապակցությունների ընդգծումները, որոնք բանավոր խոսքում ընկնում են տրամաբանական շեշտերի տակ: Մինչդեռ խոսքի վերհատույթային հնչյունական համակարգում մեծ դեր է կատարում հնչերանգըՙ իր բաղադրիչներով (բառային շեշտ, տրամաբանական շեշտ, դադարներ, ելեւէջումներ եւ այլն): Հնչերանգով որոշվում է խոսքի եւ նրա բաղադրիչ մասերի (նախադասությունների, դրանց երանգային ու կառուցվածքային բոլոր տեսակների, բաղադրիչների, բառերի, շարույթների եւ այլն) արտասանական բնույթը: Հնչերանգը սերտորեն կապված է խոսքի արտահայտչության խնդիրներին: Խոսքի ճիշտ արտաբերման դեպքում նա որոշում է ձայնային-առոգանական բոլոր տարրերը, որոնք բնականորեն (ոչ արհեստականորեն, շինծու) ներկայացնում են մի ներդաշն ամբողջություն, որ զգլխիչ դեր է կատարում հաղորդակցման ընթացքում եւ մեծ չափով նպաստում մտքերի անմիջական ընկալումների:

Հայրենական մեծ պատերազմի օրերին միութենական ռադիոհաղորդավարը տաղանդավոր Լեւիտանն էր, որ զօրուգիշեր հաղորդում էր խորհրդային տեղեկատվական բյուրոյի պատրաստած նյութերը: Թվում էր, թե նաՙ Լեւիտանը, առաջնորդում էր խորհրդային զորքերի գրոհը ֆաշիստների դեմ: Նրա խորհրդավոր ձայնը, առինքնող հաղորդումները լսելի էին Խորհրդային Միության բոլոր անկյուններում, աշխարհի բոլոր ծագերում: Նրա ձայնային առոգանության, հնչերանգի մեջ պարզորոշ երեւում էին գալիք հաղթանակները: Եվ, ըստ երեւույթին, հետագա հաղթանակների մեջ իր ծանրակշիռ բաժինն ուներ նաեւ Լեւիտանը, որի մաքուր ու հնչեղ խոսքը զինավառում էր ե՛ւ ռազմաճակատը, ե՛ւ թիկունքը, անհագ ատելություն բորբոքում ֆաշիստ ճիվաղների նկատմամբ: Լեւիտանը հմտորեն օգտագործում էր ռուսերենի հնչերանգի ամբողջ զինանոցըՙ իր ելեւէջային բազմազան բնաբուխ դրսեւորումներով:

Հիրավի, ճիշտ ու առողջ խոսքը, որի մեջ օրինաչափորեն պահպանվում են ու կիրառվում արտահայտչության բոլոր բնական տարրերը, հրազենից ուժեղ է: Նա կարող է բանակներ շարժել, նրանց տոգորել հաղթանակի հավատով, զինավառել հոգեղեն, բարոյական վիթխարի լիցքերով ու էներգիայով: Եվ այդպիսին էր հաղորդավար Լեւիտանի խոսքը:

Ի դեպ, հրաշալի հաղորդավարներ էին մեր Վերա Հակոբյանը, Նարա Շլեպչյանը եւ ուրիշներ, որոնց նմանները հիմա գրեթե չկան մեր ռադիոհեռուստահաղորդումներում:

Ո՞րն էր մեր երեւելի դերասանների, ասմունքողներիՙ Վահրամ Փափազյանի, Վաղարշ Վաղարշյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մհեր Մկրտչյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Վլադիմիր Աբաջյանի, Սուրեն Քոչարյանի եւ շատ ուրիշների արտահայտումների հմայքը, գաղտնիքը, այսինքնՙ այն, որ նրանք դահլիճներ էին քարացնում, դառնում համակ սեր ու հիացմունք եւ դրական հսկայական լիցքեր ու էներգիա պարգեւում հանդիսականներին: Պատասխանը միակն էՙ խոսքը... Բնագրային մաքուր խոսքի զգլխիչ, մոգական զորությունը , որով լիուլի օժտված է արքայական հայոց լեզուն: Այո՛, խոսքը, որ մի դեպքում կարող է սթափեցնել վհատվածին, հիվանդին, մեկ այլ դեպքում (ինչպես հաղորդվող արդի աղբախառն, անարվեստ հեռուստասերիալները) կարող է շիտակ ճանապարհից հանել առանձին կամազուրկ մոլորյալների, երբեմն նաեւՙ առողջ հոգիների...

Ճշգրիտ հնչերանգը հարստացնում է խոսքի արտահայտչական բովանդակությունը եւ դրսեւորում զգացմունքային, հոգեմտավոր, կամային, վերաբերմունքային ամենատարբեր մտքերի հաղորդումներ, մանավանդ, եթե խոսքը հագեցած է մարդասիրական, սոցիալական-քաղաքական առողջ գաղափարներով, կենսական օգտակար հարցադրումներով:

Եվ նշված մեկնաբանումների տեսանկյունից ելնելովՙ բնավ դրական քննություն չեն բռնում մեր ռադիոհաղորդումներից շատերը: Ամեն ոք չէ, որ կարող է հմտորեն մասնագիտորեն ճիշտ կատարել հաղորդավար ճարտասանի, այո՛, ճարտասանի, բարդ ու պատասխանատու դերը: Հաղորդավարների ընտրությունը պետք է լինի հույժ նպատակային եւ օրինաչափ: Նրանք պիտի լինեն կատարյալ ճարտասաններ ու խոսքի տիրակալներՙ այդ արտահայտությունների խոր ու գիտական իմաստներով:

Իսկ ինչ վերաբերում է մեր հաղորդակցական մյուս կարեւոր միջոցիՙ մամուլի լեզվին, նրա էջերում թույլ տրվող լեզվական-ոճական, մտքի աղավաղումներին, օտարաբան բառերի անհարկի կիրառություններին եւ այլ կարգի լեզվական շեղումներին ու անկանոնություններին, որոնք որակ են կազմում, կարելի է փաստարկված անդրադառնալ մի առանձին վերլուծական հոդվածով:

Բոլոր դեպքերում հրատապ ու կարեւոր է, որ ամենուրեք բարձրացնենք պետական կարգավիճակ ունեցող հայոց լեզվի իրական կշիռն ու բովանդակությունը եւ արժանահիշատակ Պարույր Սեւակի արտահայտությամբՙ պահպանե՛նք ու հարստացնե՛նք մայրենին:

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4