Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը:
Գիրքը լույս է ընծայվել սփյուռքի նախարարության պատվերով: Սյս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» ղեկավար Սամվել Կարապետյանը :
Ալբոմ-գրքում առաջին անգամ ներկայացված են բազմաթիվ շենքերի չափագրությունները, կիսաքանդ եկեղեցիների այսօրվա տեսքը, նաեւ ներկայացված է, թե վերականգնվելուց հետո ինչպիսի տեսք կունենան դրանք: Գիրքը տպագրվել է հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով ու կազմված է տարբեր բաժիններից` ըստ հուշարձանների տեսակների: Տպաքանակը կազմում է 900 օրինակ:
Անի մայրաքաղաքի վերաբերյալ հրատարակություններ եղել են եւ նախկինում, որոնցից ամենածավալունը Թորոս Թորամանյանի աշխատություններն են:
Ըստ Սամվել Կարապետյանի` այս գիրք-ալբոմը կարող է համարվել ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրամատչելի հրատարակություն:
«Եվ եթե ուզենանք աշխարհին ներակայացնել հայ ճարտարապետությունը, ապա Անին որպես ճարտարապետական գոհարների խտացված նմուշ, կարող է հանգիստ ներկայացնել հայ ճարտարապետության հարուստ ավանդույթները», ավելացրել է հուշարձանագետը:
Ի. Պ.