«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում փետրվարի 11-ին կայացած գրական երեկոն, որ ՀՀ դեսպանության աջակցությամբ, նախաձեռնել էին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, «Կամուրջ» գրական մշակութային կազմակերպությունը: Հայ ընթերցասեր հասարակայնությանը ներկայացան օտարալեզու ստեղծագործողներ Արտեմ Գրիգորենցը (Կիրակոզով), Վալերի Հունանյանցը, Գարրի Ղալամքարովը, մի քանի գրքերի հեղինակներ Միքայել Անանովը, Մարինա Կիրակոսյան -Մոսեսովան, որոնց գործերը վաղուց դուրս են եկել Վրաստանի սահմաններից ու վայելում են ինչպես վիրահայ, այնպես էլ մայր հայրենիքի ու նրա սահմաններից դուրս գտնվող ընթերցողների հետաքրքությունը:
Երեկոյին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը,Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, «Կամուրջ» գրական մշակութային տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանը, նկարիչ Ջիովաննի Վեփխվաձեն, վիրահայ ստեղծագործողներ եւ մտավորականության ներկայացուցիչներ:
Բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի ներկայացմամբ, օտար լեզվով ստեղծագործող մեր հայրենակիցները խոսեցին հայկական թեմայով գրելու այն ճակատագրական առիթների մասին, որոնք դարձել են հետագայում հայ մարդուն իսկական հայի կերպարով կերտելու, Կոմիտասի հոգու ցավն ու վիշտը արտահայտելու, Արցախյան շարժումով հպարտանալու եւ Շուշիի հաղթանակը գովերգելու, Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակին նվիրված ձոն գրելու հոգու պահանջ:
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը կոչ արեց նրանց, հաղթահարելով անհաղթահարելինՙ ձգտել ստեղծագործելու մեսրոպատառ հայերենով: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, օրհնության խոսք ուղղելով հայ օտարալեզու ստեղծագործողներինՙ ոգեշնչեց մեր մեծերի պատմությունը նրանց ստեղծած գրականությունը դարձնել նաեւ նոր սերնդի սեփականությունը, իսկ նման հանդիպումները, անշուշտ, կնպաստեն հայ կրթելու, հայեցի դաստիարակելու ազգանվեր գործին:
Հանդիպման ընթացքում հնչեցին հատվածներ հայ օտարալեզու գրողների ստեղծագործություններից:Երեկոն համեմված էր երաժշտական կատարումներով: