Այսօր երեխաների համար հեքիաթները փոխարինվել են համակարգչային խաղերով, համացանցով, բջջային հեռախոսներով, իսկ հեքիաթների բարի կերպարներն էլ` հաճախ ագրեսիվ ու չար մուլտհերոսներով: Հեքիաթների հանդեպ երեխաների անտարբերության պատճառը ծնողներն են, զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանը, թե նոր հեքիաթների պակասը միանշանակ չէ: Երեւան քաղաքի գրախանութներից մեկում դասական գրողների հեքիաթների պակաս չի զգացվում, բայց փոխարենը գրեթե բացակայում են երիտասարդ գրողների նոր ստեղծագործություններ: Գրախանութի աշխատակից Հրաչուհի Ասատրյանը դժվարությամբ կարողացավ մտաբերել եւ ցույց տալ նոր հեքիաթագիրների գրքեր: Վերջիններիս թիվը չգերազանցեց երկուսը` Ազատ Շահինյան «Սունի եւ Սամի արկածները», Սիրանուշ Բալաթյան «Հեքիաթներ սովորական հրաշքի մասին»: Երկար փնտրտուքից հետո աշխատակիցը գտավ եւս մի քանի նոր գրքեր, որոնք, սակայն, չափածո ստեղծագործություններ են, այլ ոչ թե հեքիաթներ: «Ծնողները հիմնականում գնում են դասական, ժողովրդական հեքիաթների գրքեր, որոնք գունազարդ են ու պատկերավոր, իսկ նոր ստեղծագործողների գրքերի պահանջարկ գրեթե չկա: Դրա պատճառներից մեկը գուցե ոչ լավ գովազդն է եւ անտեղյակությունը հեղինակի մասին», ասաց Հրաչուհի Ասատրյանը: Հեքիաթների ժողովածուների գինը գրախանութներում տատանվում է 3500-4500 դրամի սահմանում:
Մանկապարտեզի դայակ Աննա Մկրտչյանը երեխաների համար քիչ է հեքիաթներ կարդում, քանի որ վերջիններս հետաքրքրությամբ չեն լսում եւ գերադասում են փոխարենը մուլտֆիլմ դիտել:
Երկու զավակների մայր 35-ամյա հաշվապահ Ռուզան Կարապետյանը չի հասցնում իր փոքրիկների համար քնելուց առաջ հեքիաթ կարդալ: «Փոքր ժամանակ ես չէի կարողանում քնել առանց մորս պատմած հեքիաթների, իսկ այժմ համակարգչի պատճառով աչքերի լարվածությունն ու հոգնածությունն այնքան մեծ է, որ 4-ամյա որդուս պառկելն ու քնելը մեկ է լինում», ասաց Ռ. Կարապետյանը:
Շատ ծնողներ չեն կարեւորում հեքիաթների դերը երեխաների կյանքում, մինչդեռ գոյություն ունի հատուկ հեքիաթաթերապիա, որը դրական ազդեցություն է թողնում փոքրիկի ներաշխարհի վրա: Ըստ հոգեբան Գայանե Կարապետյանի ` հեքիաթի միջոցով թերապիան կարող է արդյունավետ մեթոդ հանդիսանալ բարդույթներ, հոգեբանական սթրեսներ ունեցող երեխաների, ինչու ոչ նաեւ մեծերի համար: «Բոլորս մեր հոգում ունենք խնդիրներ. ով կասի` ես խնդիրներ չունեմ, ուրեմն նրա մոտ ամբողջը խնդիր է: Դրանք պարզապես տարբեր ժամանակ տարբեր ձեւ են լինում», նշում է Գ. Կարապետյանը:
Հեքիաթի օգնությամբ երեխան հանդիպում է ինքն իրեն, բացահայտում է իր գաղտնի, դեռ չբացահայտված կողմերը: Ապացուցված է, որ երեխաները սիրում են այն հեքիաթը, որում հերոսը գործում է այնպես, ինչպես ինքը կգործեր. ծնողը, պարզելով փոքրիկի սիրելի հեքիաթը, կարող է ավելի ճիշտ հասկանալ իր երեխային: Գայանեն մայրերին խորհուրդ տվեց հաճախ հեքիաթներ կարդալ իրենց երեխաների համար, որպեսզի նրանց «հեքիաթը» եւս ունենա երջանիկ ավարտ:
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ