ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային հերթական աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը ցուցակում 4 հորիզոնականով բարձրացել ու հանգրվանել է 41-րդ տեղում: Հավաքականի պատմության մեջ սա ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ հավաքականը դասակարգման աղյուսակում 44-րդն էր:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Իտալիայի ընտրանին, որը մեկ հորիզոնականով բարձրացել ու զբաղեցրել է 8-րդ տեղը: Դանիայի հավաքականը եզրափակում է լավագույն տասնյակը: Դանիացիները եւս մեկ հորիզոնականով առաջադիմել են: Չեխերը 2 տեղով բարձրացել ու հանգրվանել են 29-րդ հորիզոնականում: Իսկ ահա բուլղարացիները 5 հորիզոնականով նահանջել են ու զբաղեցնում են 88-րդ տեղը: Մալթայի ընտրանին նահանջել է 3 հորիզոնականով եւ զբաղեցնում է 159-րդ տեղը:
Հայաստանի հավաքականն իր վարկանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ընտրանիների մեջ 2-րդն էՙ զիջելով միայն 13-րդ տեղը զբաղեցնող Ռուսաստանին, որը պահպանել է դիրքը: ՀՀ հավաքականին հաջորդում են Էստոնիայի (54-րդ տեղ), Ուկրաինայի (59-րդ), Բելառուսի (67-րդ), Լատվիայի (74-րդ), Ուզբեկստանի (77-րդ), Վրաստանի (81-րդ), Լիտվայի (93-րդ), Ադրբեջանի (109-րդ), Ղազախստանի (138-րդ), Տաջիկստանի (140-րդ), Մոլդովայի (142-րդ), Թուրքմենստանի (149-րդ) եւ Ղրղզստանի (192-րդ) ընտրանիները:
Դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի հավաքականը: Լավագույն տասնյակում են նաեւ Գերմանիայի, Հոլանդիայի, Ուրուգվայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Իտալիայի, Խորվաթիայի եւ Դանիայի հավաքականները: