Ծանրորդները նախապատրաստվում են Լոնդոնի օլիմպիադային
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզահամալիրումՙ նախապատրաստվելով տարվա գլխավոր ստուգատեսինՙ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին: Ինչպես հայտնի է, Հայաստանն այդ խաղերում ներկայացնելու են 4 ծանրորդներ եւ 2 ծանրորդուհիներ: Թե ովքեր կմեկնեն Լոնդոն, առայժմ հայտնի չէ: Օլիմպիական ուղեգրերին ներկա պահին հավակնում են 9 ծանրորդներ եւ 3 ծանրորդուհիներ: Բնական է, որ կընտրվեն ուժեղագույնները:
Ինչպես տեղեկացանք հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանից, Աբովյանում ընթացող հավաքն արդեն 2-րդն է մեր ծանրորդների համար: Առաջինն անցկացվել է Ծաղկաձորում: Ուսումնամարզական հավաքին մասնակցում են մեր ուժեղագույն ծանրորդները, բացառությամբ Գեւորգ Դավթյանի եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանի: Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում 0 ստանալուց հետո նշված երկու ծանրորդներն այլեւս ասպարեզ դուրս չեն եկել, բուժման կուրս են անցել: Որքան էլ որ զարմանալի է, հավաքականի մարզիչները տեղեկություն չունեն այդ ծանրորդների մասին: Վնասվածքը բուժելուց հետո սկսել է մարզվել Արա Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ գլխավոր մարզիչը գոհ է հավաքի ընթացքից. վնասվածքներ չկան, ծանրորդների ինքնազգացողությունը նորմալ է, աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում:
Շուտով կկայանա ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով էլ կկազմավորվի հավաքականը: Սակայն ապրիլի 6-16-ն Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը կներկայանա ոչ հիմնական կազմով: Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը դա բացատրում է նրանով, որ Լոնդոնի օլիմպիադայի մասնակիցները Անթալիայում ելույթ ունենալու դեպքում չեն հասցնի լրիվ վերականգնվել: Իհարկե, դա չի նշանակում, թե Անթալիայում հայ ծանրորդներից չպետք է մեդալներ ակնկալել: Ներկայումս կան խոստումնալից երիտասարդ ծանրորդներՙ Արայիկ Միրզոյանը, Աղասի Աղասյանը, Հայկ Հակոբյանը, Անդրանիկ Կարապետյանը, որոնք ունակ են մրցանակակիր դառնալու Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի կանանց հավաքականն էլ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ մարզվում է Գյումրիում: Վնասվածքից ապաքինվել է Հռիփսիմե Խուրշուդյանը, որը ներկա պահին արդեն պոկում վարժությունում 120 կգ արդյունք է ցույց տալիս: Մեր օլիմպիական մյուս հույսն էլՙ Մելինե Դալուզյանն իրեն լավ է զգում ու քրտնաջան մարզումների շնորհիվ աշխատում է բարելավել մարզավիճակն ու ցուցանիշները:
Մինչեւ Լոնդոնի ամառային օլիմպիադայի մեկնարկը դեռ բավականին ժամանակ կա: Անշուշտ, հայ ծանրորդներն այդ ժամանակը նպատակասլաց կօգտագործեն, որպեսզի պատշաճ մակարդակով հանդես գան տարվա գլխավոր ստուգատեսում ու տուն վերադառնան մեդալներով: