Հրաձգության ՀՀ հավաքականը մեկնել է Ֆինլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը թիմում ընդգրկել է 10 հրաձգի: Նրանց թվում ամենափորձառուն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Նորայր Բախտամյանն է: Նա ելույթ կունենա 10 մետր օդամղիչ ատրճանակի մրցումներում: Նույն մրցաձեւի երիտասարդների մրցավեճին կմասնակցեն Ռոմիկ Վարդումյանն ու Նինա Թորոսյանը:
Առաջին անգամ եվրոպական մրցասպարեզում «վազող թիրախ» վարժության երիտասարդների մրցաշարին Հայաստանը կներկայացնեն տղաների եւ աղջիկների հավաքականները, որոնք կրակագիծ դուրս կգան վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ Գագիկ Մելոյանի ղեկավարությամբ: Աղջիկների հավաքականում ընդգրկված են Լիլիթ Մկրտչյանը, Մարգարիտա Մոսյանը եւ Հասմիկ Գրիգորյանը: Տղաներից մրցասպարեզ դուրս կգան Շանթ Սարգսյանը, Ռազմիկ Մինասյանն ու Արթուր Պետրոսյանը:
Օդամղիչ հրացանի 10 մետր մրցատարածության կանանց մրցապայքարին կմասնակցի Իրինա Աղաջանյանը, որը հավակնում է օլիմպիական ուղեգրի: Եթե նրան հաջողվի Եվրոպայի առաջնությունում 395-396 միավոր վաստակել ու գրավել 15-17-րդ տեղերը, ապա իրավունք կստանա մասնակցելու օլիմպիական խաղերին: