«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2012-02-15 | #28, 2012-02-16 | #29, 2012-02-17


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍԵԼԻ Է

Իրավիճակն Ադրբեջանում ամեն վայրկյան կարող է պայթյունավտանգ դառնալ: Այնտեղ չեն դադարում համաիրանական հարձակումները: Նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն հարեւան երկրի պահվածքն անվանել է «խուլիգանական», իսկ Իրանի կառավարությանը` «տգետ մոլլաներ»:

Ընդ որում, Գուլուզադեն գրեթե բաց տեքստով խոսել է, որ «իմաստ չունի ուշադրություն դարձնել, թե ինչ են նրանք մեր մասին ասում»: Սա հորդոր է, որ իշխանություններն իրենց զգան «հանրային աջակցության մթնոլորտում»: Իրականում, մինչդեռ, բացառվում է, որ կրոնական վերածնունդ ապրող ադրբեջանական հանրությունը սատարելիս լինի Իրանի հանդեպ Իլհամ Ալիեւի վարչակարգի թշնամական ոտնձգություններին, կամ առհասարակ որեւէ խելամիտ քաղաքացի չհասկանա, թե ինչ վտանգներով է հղի իրանա-ադրբեջանական լարվածությունը:

Այս համատեքստում երեկ Բաքվի մերձակա Զիխ ավանում տեղի ունեցած նավի պայթյունը, որի հետեւանքով առնվազն չորս մարդ զոհվել է եւ ավելի մեծ թվով մարդիկ ծանր վիրավորվել են, հնարավոր է, որ ունենա այլ շառժառիթ: Պաշտոնապես ասվել է, թե պատահարի պատճառը «նավի վրա իրականացվող գազաեռակցման աշխատանքներն են»:

Ուշագրավ է, սակայն, որ պայթյունի մասին պետական եւ իշխանություններից հովանավորվող լրատվամիջոցները որեւէ տեղեկատվություն այդպես էլ չեն տարածել: Հնարավոր է` նրանք սպասում են համապատասխան հրահանգի: Բարեբախտություն է, որ Բաքվում մեկ-երկու էլեկտրոնային լրատվամիջոց դեռեւս ինքնուրույնության նշաններ է ցուցաբերում: Մասնավորապես, նախօրեին դրանցից մեկը հայտնել էր, որ հրդեհ է բռնկվել Բաքվի կենտրոնի էլիտար շենքերից մեկում, որտեղից տարհանվել է նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլին` ընտանյոք հանդերձ:

Կարելի է ենթադրել, թե ինչ իմաստ էր դրված «շարքային» տեղեկատվության մեջ Քերիմլիի անվան հիշատակման մեջ: Ադրբեջանի «Հանրային պալատ» կոչվող կառույցը, որի առանցքային դեմքերից է Քերիմլին, խոստացել է գարնան հետ քաղաքացիական անհնազանդության գործողություններ սկսել: Միաժամանակ իշխանությունների հանդեպ բավական անհաշտ կեցվածք է դրսեւորում «Մտավորականների ֆորումը»: Վերջինիս ներկայացուցիչներից հայտնի գիտնական Ռաֆիկ Ալիեւը, որ վերջերս հեռացվել է բուհերից մեկի ամբիոնի վարիչի պաշտոնից, այն կարծիքին է, որ Ադրբեջանը «դարձել է տոտալիտար երկիր»:

Եվ մինչ իշխանությունը ճիգ է թափում երկիրը ներկայացնելու որպես «կայուն եւ հաջողակ», փաստերը հակառակն են վկայում. Ադրբեջանը «նստած է վառոդի տակառի վրա», եւ ամենաչնչին «կայծը» բավական է, որ ամեն ինչ իրար խառնվի:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4