«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2012-02-15 | #28, 2012-02-16 | #29, 2012-02-17


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՄԱՄՅԱՆ. «ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԷԼ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՄ»

Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը երեկ էր` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Թամամյանը մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու, իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար, ինչի հետեւանքով էական վնաս է հասել պետության շահերին եւ անձանց իրավունքներին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ: Ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պետրոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորության գործերի քննության վարչությունում նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը նույնպես ամբաստանյալի աթոռին էին նստած: Նրանք նույնպես մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, պարտականությունները չկատարելու միջոցով պետության շահերին եւ անձանց իրավունքներին վնաս պատճառելու մեջ: Դեռ չմեկնարկած նիստը ավարտվեց, քանի որ Վահան Խանզադյանին կցված նոր հանրային պաշտպանը ծանոթ չէր գործին եւ նյութերին եւ դատարանին ներկայացված միջնորդությամբ 10 օր ժամանակ խնդրեց: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 6-ին: Նիստից հետո լրագրողների հարցին` ունի՞ ասելու որեւէ բան մինչեւ մարտի 6-ը, ոստիկանության նախկին պաշտոնյան, որը դատական կարճատեւ նիստի ընթացքում անընդհատ ժպտում էր եւ ձեռքի բութ մատով ցույց տալիս, որ ամեն ինչ կարգին է, ասաց. «Մինչեւ վերջ էլ ասելիք չունեմ»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4