Հայաստանում տարեկան արձանագրվում է մանկական քաղցկեղի 90-100 հիվանդացության դեպք: Երեխաների մեջ քաղցկեղի առաջացման պատճառները դեռեւս հստակ ապացուցված չեն: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության ու քիմիաթերապիայի բաժնի ղեկավար Գրիգոր Բադալյանն ընդգծում է, որ քաղցկեղի առաջացմանը նպաստում են նաեւ օդի աղտոտվածությունն ու ճառագայթումը: Իհարկե, նպաստող գործոնների ու պատճառների մասին խոսելիս հարկավոր է նշել եւ մորից պտղին անցնելու հանգամանքն ու ժառանգականության գործոնը:
Առողջ երեխաներ, առհասարակ առողջ սերունդ ունենալու համար Գրիգոր Բադալյանն ապագա մայրերին խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ ու հրաժարվել վնասակար սովորություններից` ծխելուց եւ ալկոհոլ օգտագործելուց:
Ըստ վիճակագրության` մանկական քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է այն դեպքում, երբ կանայք երեխա են ունենում 35-40 տարեկանից հետո. «Նրանց երեխաների մեջ ավելի հաճախ է հայտնաբերվում քաղցկեղ, սակայն ի՞նչն է դրա պատճառը, կոնկրետ ասել չենք կարող», երեկ «Հենարան» ակումբում ավելացրեց Գրիգոր Բադալյանը:
Երեխաների դեպքում ավելի շատ են արյան քաղցկեղի դեպքերը, ապա ավշային համակարգի քաղցկեղի ու գլխուղեղի չարորակ ուռուցքի դեպքերը: Իսկ քաղցկեղով մանկական հասակում հիմնականում հիվանդանում են 2-6 տարեկանում:
Գրիգոր Բադալյանը մեջբերում է համաշխարհային վիճակագրությունը, որի համաձայն` ամեն տարի աշխարհում քաղցկեղով հիվանդանում է 175 հազար երեխա, որից 90 հազարը մահանում են: Սակայն զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների շուրջ 80 տոկոսին կարողանում են բուժել: Հայաստանում հաջողվում է արդյունավետ բուժում ապահովել դեռեւս 60-70 տոկոսի համար:
Ըստ բժշկի` վերջին տարիներին ավելացել է արտասահմանում բուժվողների թիվը, այսինքն` նախընտրում են բուժվել ոչ թե Հայաստանում, այլ արտասահմանում: Պատճառն արտասահմանում կիրառվող նոր մեթոդներն են, որոնք մեծացնում են բուժվելու հավանականությունը: Իսկ վերջին տարիներին մանկական ուռուցքաբանության դեմ պայքարի համար Հայաստանում քիչ տեխնոլոգիաներ են ներդրվում:
Եվրոպայում քաղցկեղով հիվանդ մի երեխայի բուժումն արժե շուրջ 100-150 հազար եվրո, իսկ Հայաստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում երեխաները բուժվում են պետպատվերով, չնայած անհրաժեշտ դեղորայքը հաճախ ծնողներն իրենք են գնում:
Ինչեւէ, բժշկի փոխանցմամբՙ մեկուկես տարի հետո Հայաստանը նույնպես կունենա մանկական ուռուցքաբանության ու արյունաբանության կենտրոն, որտեղ կիրառվելու են բժշկության նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները:
Ի. Պ.