Քաղբանտարկյալների թիվն այնտեղ 15 հազար է, որից 12 հազարը կալանված է ահաբեկչության մեղադրանքով
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հունվարի 23-ին, երբ Ֆրանսիայի Սենատը քվեարկեց ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին, Թուրքիայի ղեկավարները, քաղաքական շրջանակները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, բացառությամբ Մարդու իրավունքների միության, դրա ընդունումը համարեցին մարդու իրավունքների խախտում, պատճառաբանելով, թե օրինագիծը հակասում է խոսքի ազատության սկզբունքներին:
Նրանց խնդիրը, ինչ խոսք, մարդու իրավունքները չէ, ոչ էլ խոսքի ազատության սկզբունքը, այլ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական թեզիՙ ժխտողականության դիրքերի լիարժեք սպառումը: Դա ենթադրում է սեփական պատմության հետ առերեսվելու անխուսափելիությունը, իսկ առերեսումն ինքնին անխուսափելի է դարձնում երկրում Աթաթուրքի տաբուի վերացումն ու Թուրքիայի Հանրապետության կազմավորման պատմության վերանայումը:
Ակնհայտ է, որ Աթաթուրքի տաբուն վերացնելու դեպքում Թուրքիայի ղեկավարներն ակամա կհայտնվեն ժամանակակից թուրքական պետության հիմնադիր քեմալականների մարդասպան էությունը ինքնակամ բացահայտողի դերում: Քանի որ Քեմալ Աթաթուրքը շրջապատված էր հայ ժողովրդի, հույների եւ ասորիների դահիճներով, ուստի բացահայտումը նրանց տեսանկյունից կնշանակի Հայոց ցեղասպանության իրողության, ինչպես նաեւ պատմական իրողությունը հանցագործի հոգեբանությամբ տասնամյակներ շարունակ գիտակցաբար ժխտելու խոստովանություն:
Մարդու իրավունքներն ու խոսքի ազատության սկզբունքը որպես խնդիր հազիվ թե հուզեն արեւմտյան այն կառույցներին ու պետական գործիչներին, որոնք ֆրանսիական օրինագծի առնչությամբ հանդես են գալիս Թուրքիայի դիրքերից: Նրանցից ամերիկյան գործիչները, մասնավորապես պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, շահագրգռված են Սիրիայի, Իրանի եւ Իրաքի դեմ Թուրքիայի ծառայություններից օգտվելու հնարավորություններով, իսկ եվրոպական գործիչներին հետաքրքրում է թուրքական պետության աշխարհաքաղաքական դիրքը Մերձավոր եւ Միջին Արեւելք, ինչպես նաեւ Հարավային Կովկաս ներթափանցելու առումով:
Այլ կերպ, ամերիկյան թե եվրոպական այս գործիչների գլխավոր սկզբունքը անսկզբունքայնությունն է, հետեւաբար ավելորդ լավատեսություն կլինի ակնկալել, որ նրանք հարգեն մարդու իրավունքներն ու հետամուտ լինեն խոսքի ազատության սկզբունքին:
Քեմալականների ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության իրավաժառանգորդն է, իսկ քեմալականները, որոնց շարքերը հեղեղված էին «Թեշքիլաթը Մահսուսայի» արյունարբու մարդասպաններովՙ իթթիհատականների: Այս հանգամանքը նպաստեց, որ ժամանակակից Թուրքիան ժառանգի օսմանյան ցեղասպան քաղաքականությունը, իսկ նրա հիմնադիր քեմալականներըՙ ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների հետ նորաստեղծ աշխարհիկ ժողովրդավարական պետության հարաբերությունները կարգավորեն «հայկական հարցը հայ ժողովրդին բնաջնջելու միջոցով լուծելու» իթթիհատական սկզբունքով:
Տեղահանված հայերի ունեցվածքի յուրացումը, թուրք բնակչության հետ փոխանակման քողի տակ կոտորածներից հրաշքով փրկված Փոքր Ասիայի հույների արտաքսումը Հունաստան, ոչ թուրքական տեղանունների փոփոխությունը, հայերի, հույների եւ ասորիների պատմամշակութային ու հոգեւոր արժեքների հետեւողականորեն ոչնչացումը, 1929-39 թթ. ցեղասպանության վերջին բեկորների վտարումը հայրենի գյուղերից, 1942-ի «Ունեցվածքի» արտակարգ հարկը, որը մի քանի անգամ գերազանցում էր հայ, հույն եւ հրեա հարկատուների կարողությունը, դրան հաջորդած արտակարգ զորակոչը եւ ոչ թուրք զորակոչիկներից աշխատանքային գումարտակների կազմավորումը, 1955-ի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում հույների գլխավորությամբ նաեւ հայերի, հրեաների գերեզմանների ավերումով եկեղեցիների եւ ունեցվածքի կողոպուտով զուգորդվող կոտորածը, 1967-ին Ստամբուլից հույների արտաքսումը, համայնքային կալվածքների, սկսած 1937-ից, պարբերաբար կրկնվող առգրավումը եւ հոգեւոր ճեմարանների գործունեության դադարեցումը 1974-ին ընդունված օրենքով, իթթիհատական այդ սկզբունքի քեմալականների ժամանակակից Թուրքիայում հետեւողականորեն կիրառման հետեւանքներն էին:
Էլ չենք խոսում 1937-38 թթ. Դերսիմի կոտորածների, ալավիների նկատմամբ գործած հալածանքների եւ հատկապես թուրքացնելու նկատառումով բնակության վայրերից վտարելու համար հրահրված քրդական ապստամբությունների մասին, որոնք ճնշվելուց հետո օգտագործվել են որպես հալածանքի միջոց: Օրինակ, 1925-ին Շեյխ Սաիդի ապստամբության ճնշումից հետո Թուրքիայում օրենքով արգելվել է քրդերենի օգտագործումը եւ մինչեւ 90-ական թթ. Թուրգութ Օզալի իշխանության գալը քրեական հետապնդման են ենթարկվել այն քրդերը, որոնք հրապարակավ արտահայտվել են մայրենի լեզվով:
Պարտադիր չէ, որ այս տվյալները հայտնի լինեն ֆրանսիական օրինագծի հարցում թուրքական դիրքերի պաշտպանությամբ հանդես եկող արեւմտյան գործիչներին: Սակայն նրանք գոնե տեղյակ պետք է լինեն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ամենից շատ գործեր են հարուցվել Թուրքիայի դեմ, 1990-2009 թթ. երկրում սպանվել է 41 լրագրող, 2001-2010 թթ. կալանավորների թվի աճը տոկոսային առումով տասնապատիկ մեծ է եղել, քան բնակչության ընդհանուր թվի աճը, ինչը ռեկորդային ցուցանիշ է աշխարհում, Թուրքիան Եվրոպայում առաջին տեղն է գրավում բանտարկյալների եւ բանտարկված 2621 պատանիների մեջ մինչեւ 14 տարեկան երեխաների թվաքանակով: Հատկանշական է, որ գիտական աստիճան ունեցող կալանավորների տոկոսային ցուցանիշը 17 անգամ գերազանցում է ազատ քաղաքացիների համանուն ցուցանիշին, 2001-ի սեպտեմբերից առ այսօր ամբողջ աշխարհում կալանվել է 119.044 մարդ, որից 35.117-ըՙ ահաբեկչության մեղադրանքով, իսկ Թուրքիայում, որտեղ 2002-ին ազատազրկված էր 60.000 մարդ, ներկայումս այդ ցուցանիշը նույնպես ռեկորդային աճ է արձանագրել եւ հասել է 131.000-ի:
Ավելին, այս 131.000-ից շուրջ 15.000-ը քաղբանտարկյալներն են, որոնցից 12897-ը ազատազրկվել են ահաբեկչության հոդվածով: Այդ ցուցանիշը նույնպես ռեկորդային է աշխարհում, քանի որ կազմում է նույն մեղադրանքով աշխարհի բոլոր երկրներում կալանված 35.117-ի շուրջ 29 տոկոսը: Ի դեպ, Չինաստանում այս ցուցանիշը 7 տոկոսի է հավասար:
Համենայն դեպս, այս ցուցանիշները քաջ հայտնի են Եվրոխորհրդարանին, Եվրոմիության կառույցներին, բազմիցս արտացոլվել են Եվրոհանձնաժողովի, Մարդու իրավունքների միության եվրոպական ֆեդերացիայի, Միջազգային համաներում կազմակերպության Թուրքիայի վերաբերյալ զեկուցագրերում եւ այս կառույցները, ինչպես նաեւ «Լրագրողների առանց սահմանի» նման կազմակերպություններ դրանց համար դատապարտել են թուրքական իշխանություններին: