Հայտարարել է Mazlum-Der-ը թուրքահայ զինծառայող Սեւակ Շահինի սպանության գործի առնչությամբ
2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակօսի» խմբագրության առջեւ սպանվել էր Հրանտ Դինքը: Թեեւ սպանության բուն կազմակերպիչները չեն բացահայտվել, դատարանը ազատ է արձակել 17 մեղադրյալների, դատապարտելով ազատազրկման Օգյուն Սամասթին եւ Յասիմ Հայալին միայն, այնուամենայնիվ, այդ գործով ձերբակալված 19 ամբաստանյալների մեծամասնությունը գոնե դատավարության ընթացքում կալանքի տակ էին:
Անցյալ տարի ապրիլի 24-ին Բաթմանի Քոզլուք գավառի զորամասում սպանվեց թուրքահայ զինծառայող Սեւակ Շահինը: Թեեւ սպանողը հայտնի է, միջադեպի ականատեսը ի վնաս մեղադրյալի փոխել է նախնական ցուցմունքը, ավելին, նախորդ օրը տեղի է ունեցել դատական 4-րդ նիստը, սակայն մարդասպան Քըվանչ Աղաօղլուն ազատ շրջում է: Այսինքն, զինվորական դատարանը համառորեն խուսափում է կալանքը որպես խափանման միջոց կիրառել մարդասպանի նկատմամբ, թե Սեւակ Շահինի սպանությունը դժբախտ պատահար էր, իսկ Աղաօղլուի արձակած կրակոցըՙ պատահական:
«Ազգը» դեռեւս սպանությունից մի քանի օր հետոՙ ապրիլի 29-ի համարում, չէր բացառել, որ թուրքահայ զինծառայողի հենց ապրիլի 24-ին կատարված սպանությունը լինի դիտավորություն եւ թուրքական ժխտողականության դրսեւորման չարանենգ արձագանքը ու որպես յուրատեսակ ազդանշան, կրի հայերին սաստելու բնույթ:
Մայիսի 5-ին BIA գործակալությունը, վկայակոչելով հանգուցյալ Սեւակի ընտանիքի դատապաշտպան Ջեմ Հալավուրթին, մասամբ հաստատել էր մեր կանխագուշակումըՙ նշելով, որ Աղաօղլուն հարում է ազգայնամոլ «Մեծ միասնություն» կուսակցությանը, ինչպես Դինքի սպանության կազմակերպիչներից Յասիմ Հայալը: Գալով դատապաշտպան Հալավուրթին, ապա նա էլ հայտարարել էր. «Ականատեսների վկայությունները իրարամերժ են, հետեւաբար հավանական ենք համարում, որ այս միջադեպը ապրիլի 24-ին հատուկ ծրագրված սպանություն է»:
Սեւակ Շահինի առեղծվածային սպանության գործը վարող զինվորական դատարանի 4-րդ նիստի ավարտին նույն օրըՙ փետրվարի 13-ին հաղորդագրությամբ հանդես է եկել «Հանուն մարդու իրավունքների եւ բռնադատվածների համերաշխության» միությանՙ Mazlum-Der-ի Դիարբեքիրի մասնաճյուղը: Ընդ որումՙ Կոզլաքի այն զորամասի առջեւ, որտեղ կատարվել էր սպանությունը: Հաղորդագրությունը ընթերցել է մասնաճյուղի ղեկավար Աբդուրրահիմ Այը:
Նա, թուրքական լրատվամիջոցների վկայությամբ, ասել է, որ զինծառայող Սեւակ Շահինի սպանությունը իր ծառայակցի կողմից դիտավորություն էր, շարունակելով. «Սեւակ Շահինի սպանությունը կասկածանքի տեղիք տվող առաջին սպանությունը չէ, որ իրականացվում է բանակում: Սակայն Սեւակը հայ էր, իսկ մինչ այդ կատարված համանման սպանություններում զոհերը մեծ մասամբ քուրդ: Այս հանգամանքը, ինչպես նաեւ միջադեպում դժբախտ պատահար վարկածի բացառումը սարսափելի իրողության առջեւ է կանգնեցնում մեզ:
Այդ իրողությունը հետեւյալն է. մեր երկրում մարդիկ էթնիկ ծագման եւ դավանանքի պատճառներով խտրականության են ենթարկվում, նույնիսկ հայրենիքի հանդեպ իրենց պարտականությունը կատարելիս: Ավելի քան սարսափելի է, երբ իրականացված սպանությունները ինքնասպանության կամ դժբախտ պատահարի քողի տակ անխնա կոծկվում են, բիրտ միջոցներով կասեցվում է գործի հետաքննությունը, իսկ բացահայտմանը հետամուտ լինելու դեպքումՙ վկան կամ նրա ընտանիքի անդամները դառնում են սպառնալիքի թիրախ: Այս ամենը առկա է եղել Սեւակ Շահինի սպանության պարագայում: Ավելին, ցուցմունքներում վկաներին ուղղորդել են սպաները, որոնք էլ ճնշում էին գործադրել ինչպես վկաների, այնպես էլ նրանց ընտանիքների վրա, ինչը պատճառ է դարձել, որ ըստ հայեցողության վերաշարադրվի վկայի նախնական ցուցմունքը: Ի դեպ, այսպիսի դեպքերում սպանությունը որեւէ կերպ չի առնչվում զինծառայության հետ: Բայց սպանության գործի վարույթը անպայման հանձնարարվում է զինվորական դատարանին: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ էթնիկ եւ կրոնական դրդապատճառներով կատարված սպանություններում պետությունը փոխանակ պատասխանատվության ենթարկի մարդասպանին, մոբիլիզացնում է իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, որ վերջինին ազատի պատասխանատվությունից, թերեւս դրանով էլ սատար է կանգնում մարդասպանին, այլ ոչ թե տուժողին պաշտպանում»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ