Սլովակյան պատվիրակություն Արցախում
Օրերս Արցախ էր ժամանել սլովակյան պատվիրակությունը, որի կազմում էին քաղաքական, տնտեսական ու կրթական հայտնի գործիչներ: Պատվիրակության ղեկավար, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի մատուցմամբ, ԵՀՄՖ-ն ստեղծվել է 1998 թվականին` Ժնեւում, շվեյցարահայ հայտնի գործարար ու քաղաքական գործիչ Թորոս Սակերյանի նախաձեռնությամբ: Իսկ 2008-ից կառույցը ղեկավարում է Աշոտ Գրիգորյանը: ԵՀՄՖ-ում ներկայումս ընդգրկված են եվրոպական 32 երկրներ ու հայկական տարբեր կազմակերպություններ:
Ֆորումն ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծն ընդունելուն ուղղված աջակցման նախաձեռնություններին: Աջակցման ակցիային, ի դեպ, ակտիվորեն մասնակցել է նաեւ Սլովակիայի արդարադատության նախարարը: Այժմ էլ ԵՀՄՖ-ն դարձյալ լոբբիստական աշխատանք է տանում, որպեսզի Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չբեկանի Սենատի հայտնի որոշումը: Ա. Գրիգորյանի խոսքով, Սլովակիան Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք ընդունել է դեռեւս 2009 թվականին, եւ այդ երկրում եւս ցեղասպանությունը ժխտելու համար օրենքով նախատեսվում է ազատազրկում:
Արցախ ժամանած պատվիրակության կազմում էին Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի առաջին նախագահ եւ մշտական պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Միջին Եվրոպայի համալսարանի ռեկտոր Հեյդե Շվարցովան, «Վահոստավ» ֆիրմայի նախագահ Յան Կատոն, «Խեմոլակ» ֆիրմայի նախագահ Ռոման Շուստեկը: Պատվիրակության այցը, մասնավորապես, Ղարաբաղին տնտեսապես աջակցելու նպատակ ուներ, հատկապես` հիդրոէներգետիկայի բնագավառում: Սլովակիայի ու Եվրոպայի խոշորագույն ֆիրմաներից մեկի` «Վահոստավի» նախագահ Յան Կատոն, օրինակ, ներդրումային լուրջ ծրագրեր ունի Արցախում: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ խոսվել են դրանց շուրջը, եւ վարչապետը հավանություն է տվել այդ ծրագրերին: Ամենահավանականն առաջիկայում կլինի 15-20 ՄգՎ հզորությամբ միջին էլեկտրակայանի կառուցումը: Արա Հարությունյանը ներկայացրել է երեք հիդրոէլեկտրակայններից կազմված կասկադը` յուրաքանչյուրը 50 ՄգՎ հզորությամբ: Իսկ Արցախի հետ սլովակյան համագործակցության սկիզբը դրվել է «Թրղի-2» հիդրոէլեկտրակայանի կառուցման ընթացքում:
Սլովակիայի քիմիական գործարանի նախագահն այնտեղից բերված հումքի վրա արտադրություն դնելու ծրագիր է փայփայում: Արտադրությունը կլինի էկոլոգիապես մաքուր: Քիմիական արտանետումների հետ կապված խնդիր, վերջինիս հավաստմամբ, չի ծագի, որովհետեւ նախատեսվում է այստեղ ընդամենը փաթեթավորել, լցնել տարաների մեջ ու կազմակերպել դիստրիբուցիան:
Աշոտ Գրիգորյանը միաժամանակ կարեւորեց «Սլովակիայի Միջին Եվրոպայի բարձրագույն դպրոց» ուսումնական հաստատության ու Արցախի պետական համալսարանի միջեւ կնքված պայմանագիրը: Այս փաստը, պատվիրակության ղեկավարի գնահատմամբ, ինքնին նշանակում է Սլովակիայի կողմից Արցախի Հանրապետության մասնակի ճանաչում: Համաձայն պայմանագրի` փոխադարձ գործուղումներ կլինեն դասախոսների կողմից, իսկ արցախցի ուսանողները զուգահեռ կսովորեն Սկալիցայի համալսարանում ու կստանան երկու դիպլոմ: Այդ դիպլոմներից մեկը համաեվրոպական ճանաչում կունենա, քանզի հիշյալ բուհը նման կարգի դիպլոմներ տալու արտոնագիր Եվրոպայում ունի: Նշենք նաեւ, որ Սկալիցայի համալսարանը 2009 թվականից համագործակցում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ:
Պատվիրակության անդամների` Ադրբեջանի համար անցանկալի համարվող մարդկանց ցուցակում հայտնվելու կապակցությամբ, Աշոտ Գրիգորյանն ասաց, որ երբ անցյալ տարվա փետրվարին ինքը դարձյալ պատվիրակություն էր բերել Արցախ, Իլհամ Ալիեւն անձամբ զանգել էր Ցյուրիխ` ABB ֆիրմայի նախագահին, եւ սպառնացել, որ ֆիրմայի հետ կնքված 150 մլն եվրոյի պայմանագիրը չեղյալ կհայտարարի, եթե հանկարծ «Թրղի-2»-ն աշխատի: Բայց ի հեճուկս հարեւան երկրի նախագահի, «Թրղի-2» հիդրոէլեկտրակայանը բացվեց ու աշխատում է նաեւ ABB-ի սարքավորումներով: Հիմնական սարքավորումները տրամադրել է սլովակյան «Էներջի Կոնսուլտ» ֆիրման, գեներատորները գնվել են Գերմանիայից, իսկ մոնտաժման աշխատանքները կատարել ու մի քանի ամիս այդտեղ աշխատել են չեխ եւ սլովակ մոնտաժողները: Աշոտ Գրիգորյանը հպարտությամբ շեշտեց, որ Ադրբեջանն ու Վրաստանը, անգամ Հայաստանը «տեխնիկայի ամենավերջին խոսքով» կառուցված այսպիսի էլեկտրակայան չունեն:
Ինչո՞վ է Արցախը գրավել մեր սլովակ բարեկամներին: Այս հարցին պատասխանելով, Ֆրանտիշեկ Միկլոշկոն ասաց, որ Ղարաբաղը Հարավային Կովկասում դարձել է քրիստոնեության խորհրդանիշ: Այստեղ վտանգի են ենթարկված քրիստոնեական արժեքները, եւ Եվրոպան պարտավոր է դա տեսնել: Տեսնել, թե ինչպես է Ղարաբաղի ժողովուրդը պայքարում, նույնիսկ իր կյանքի գնով, այդ արժեքների պահպանման համար: Ցավալիորեն, ըստ պարոն Միկլոշկոյի, Եվրոպան ընդունել է մի սահմանադրություն, որտեղ նույնիսկ համարձակություն չի ունեցել գրելու, որ իր հիմքը քրիստոնեությունն է:
Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի կողմից անցանկալի քաղաքական անձ ճանաչվելուն, նա պատասխանեց, որ տեսնելով, թե ինչ է կատարվել Նախիջեւանի Նոր Ջուղայի գերեզմանաքարերի հետ` ինքն ավելի ու ավելի ամուր է կանգնում Արցախի քրիստոնեական հիմքերի վրա:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Նկար 1. Ֆրանտիշեկ Միկլոշկո