Առաջին բանը, որ արթնանում եմ, պատուհանից դուրս նայելն է: Երեկոները հացի փշրանքներ եմ շաղ տալիս պատուհանին կից ծաղկամանում, հիմա արդենՙ ձնակույտերին: Լույսը դեռ չբացված այնտեղ այնպիսի աշխուժություն է տիրում, որ նկարագրելու չիՙ կըտ հա կըտ, թռչունների ճռվողյուն-քաղցր-անուշ:
Տրամադրությունս արագ փչանում է: Թարսի պես ձյունը նորից է գալիս ու երկա՜ր չի դադարում: Ախր երեկ հալվել էին սկսել փողոցները. տեղ-տեղ էլ ցեխագույնի հետ կարմրել, կարմիր խճաքար էին շաղ տվել, կակուղ տեղեր կային ու այնպես լավ էր դրանց վրայով քայլելը:
Բայց խմբագրության դիմացի սառցակտորների ճակատը շատ է պինդ, համառորեն դիմադրում են այսքան ոտնահարվածներին: Երեկ բահ ուզեցինք, բահ տվող էլ չեղավ: Սառույցն էլ նեղացավ, մնաց ոնց որ կար: «Բանի տեղ դնող չկա», ասացին մերոնք: Մեկն էլ թեՙ «Չէ, ինչու, զանգում են խմբագրություն, բահ են առաջարկում»:
Կեսօրից շատ անց մեկ էլ հռնդյուն լսեցինք դրսից: Մի երկու տրակտոր փողոցն այնպես էր մաքրում, որ աչքներիս չէինք հավատում: Մելիք-Ադամյան փողոցն էր. «Երանի՜ իրենց», մտածեցին պատուհանից դուրս նայող մեր հայացքները: Ուրեմն նման տեխնիկա եղել է քաղաքում, եւ հնարավոր էր փողոցներն այսպես մաքրել: Բա ինչո՞ւ էինք տառապում այս օրերին, ընկնում-վեր կենում:
- Երկու-երեք հատ հազիվ լինի քաղաքում սրանցից,- ասում է մեզնից մեկը:
- Սխալ են հասկացել, բահ ենք ուզել, տրակտոր են բերել:
- Բողոքո՞ւմ եք, ժամանակակից տեխնիկա է, տեսեք ի՛նչ արագ ու ի՛նչ լավ է մաքրում: Սովո՞ր եք ձեզ տանջել, առավոտից բահ, բահ եք ուզում: Տեխնիկան ինքն իր ոտքով է եկել:
Անցավ ժամանակ: Աչքներս ջուր կտրեց սպասելուց: Գիտեինք, թե տրակտորները Մելիք-Ադամյանից հետո կտեղափոխվեն կողքի, հարակից կամ զուգահեռ փողոցները ու մեր բախտն էլ կբերի:
Հռնդյուններն աստիճանաբար մարեցին: Դիմացը ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակն է, այս օրերին եկող-գնացողները շատ են, նախընտրական շրջան, նախընտրական այցեր, խոսակցություններ, պայմանավորվածություններ:
Դե մտածում ենք, գուցե նախագահի այցի օրն է, դե վախ կա, հարգանք կա, փողոցը, շրջակայքըՙ շենքի մաքուր պիտի լինեն: (Բայց հետո էլ տարակուսում եմՙ Բաղրամյանն ինչո՞ւ այդպես չի մաքրվում): Մելիք-Ադամյանին զուգահեռ մեր խմբագրատան փողոցն էՙ Հանրապետությանը, որ մնաց սառցակալած: Բախտներս չբերեց:
Ոչինչ: Այսօր տուն գնալուց այդտեղով կանցնենք, հետո ինչ, որ մեր ճանապարհը չէ:
Մ. Բ.
Հ. Գ. Ավելի ուշ, երբ հեռախոսով զրուցում էինք Կենտրոն համայնքի «Մաքրություն» կազմակերպության պետի հետ, ասաց, որ «այդպես չէ, թե աշխատանքներ չեն տարվում, մաքրում ենք, բայց դժվար է: Յուրաքանչյուրը, որ իր դիմացի հատվածը մաքրի, բավական օգնած կլինի մեզ»: Ուշ էր արդեն, տեխնիկան դժվար թե շրջվեր մեր կողմերը, ասաց, որ աղ են շաղ տվել, բայց մեծ տարբերություն չկա: Խոստացան վաղը մեր փողոցն էլ մաքրել:
Դե ձյունն էլ ձյուն չէ, էլի...