«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2012-02-15 | #28, 2012-02-16 | #29, 2012-02-17


ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը , երեկ ընդունելով Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին , կարեւորել է օրինաստեղծ ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների, բնապահպանական հիմնախնդիրներում փոխգործակցությունը: ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ընտրական գործընթացներին, առկա օրենսդրական դաշտին: Նրա խոսքով, Հայաստանն ունի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական օրենսգիրք, եւ այժմ առաջնահերթ խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրությունները օրենքի տառին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը: Այս առումով ԱԺ նախագահը ակնկալում էր ԵԱՀԿ-ի, միջազգային այլ դիտորդական առաքելությունների անաչառ գնահատականները:

Ս. Նիկոյանը ներկայացրեց նաեւ նախորդ օրը ԱԺ-ում ընթացած լսումների ժամանակ իր ներկայացրած առաջարկը` ԱԺ-ի եւ Ազգային ժողովի նախագահի իրավասությունների շրջանակներում ստեղծել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերից կազմված մի մարմին, որը կհետեւի օրենքի կիրառությանը, ընտրական գործընթացներին:

Ա. Սորոկինը նշել է, որ ինքը տպավորված է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ գործունեությունից, ՀՀ պետական ատյանների, մասնավորապես Ազգային ժողովի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ ունեցած սերտ համագործակցությունից: Ներկայացնելով իր տպավորությունները, պարոն Սորոկինը նշել է, թե ակնառու է Հայաստանի իշխանությունների կողմից ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու վճռականությունը, ինչը գնահատելի է: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության` ողջունելով նաեւ ԱԺ նախագահի` տարբեր ուժերից կազմված ներկայացուցչական մարմին ձեւավորելու առաջարկը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել առաջիկայում` պատրաստակամություն հայտնելով ամենայնս աջակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4