Կառավարությունը հաստատեց ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների եւ վարքականոնի ուսուցման ծրագիր
Երեւան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում եւ այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների եւ վարքականոնի ուսուցման պիլոտային ծրագիրը երեկ հաստատվեց կառավարության կողմից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ, մասնագետների կանխատեսմամբ, Հայկական լեռնաշխարհում ամեն պահի հնարավոր է ուժեղ երկրաշարժ, սեյսմիկ ռիսկի նվազեցման կարեւորագույն խնդիրներից է համարվում բնակչության իրազեկության բարձրացումը եւ սեյսմապաշտպանության վարքականոնի ուսուցումը:
Կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնեց, որ եթե նախկինում Հայաստանում տարեկան արձանագրվում էր երեք բալից ավելի 3-5 երկրաշարժ, ապա միայն անցյալ տարի արձանագրվել է 15 երկրաշարժ, իսկ այս տարի արդեն` 3-ը: Նա նաեւ նշեց, որ ամբողջ աշխարհում ավելացել է ավերիչ երկրաշարժերի թիվը, ինչը մտահոգիչ է եւ մտածելու տեղիք է տալիս: Արմեն Երիցյանը հայտնեց, որ այս հարցի քննարկման նպատակով փետրվարի 17-ին գիտատեխնիկական խորհրդի եւ սեյսմոլոգների մասնակցությամբ արտակարգ իրավիճակների նախարարի մոտ տեղի է ունենալու հանդիպում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրի վերաբերյալ հետեւյալն ասաց. «Խնդիրը պետք է բաժանել մի քանի մասի: Դուք նշեցիք, որ բազմաթիվ կանոնակարգեր ենք ընդունել, որոնք վերաբերում են նոր կառուցապատմանը: Այսինքն, այդ առումով մենք պետք է վստահ լինենք, որ նոր կառուցվող շենքերը սեյսմակայուն են: Երկրորդ խնդիրը գոյություն ունեցող շենք-շինությունների ամրապնդման հետ է կապված եւ բավական ծախսատար է: Այն պետք է բաժանել երկու մասի: Առաջին, Երեւանում եւ հանրապետությունում մենք արդեն իսկ ունենք շենքերի հաստատված ցանկ, որոնք պետք է ամրապնդել, որպեսզի ապահովենք մեր ազգային անվտանգության խնդիրը: Երկրորդ, մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է ամրացնենք այն շենքերը, որոնք այսօր կան: Կայացած խորհրդակցության ժամանակ առաջարկվող նոր տեխնոլոգիաները ենթադրում են, որ կարող է լինել մասնավոր հատվածի հետաքրքրությունը եւ շահագրգռվածությունը` այս ուղղությամբ ներդրումներ կատարելու համար: Նոր կոնստրուկցիաները, որոնք ապահովում են գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունություն, լայնածավալ կերպով պետք է տարածենք: Պետք է համագործակցենք Երեւանի քաղաքապետի հետ եւ տեսնենք, թե բարձրահարկ շենքերի բնակիչների շահագրգռվածությունն առկա է, թե ոչ, որովհետեւ դա կարող է լինել նաեւ եկամտաբեր գործառույթ, եթե առաջարկվող նոր տեխնոլոգիայով կարողանանք ամրապնդել շենքերը: Ընդ որում, այդ աշխատանքները պետք է արագ կատարենք»: Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանը շուրջ 1 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստանալու Համաշխարհային բանկից, որպեսզի նոր նախագծերով, ապահովեն նոր կառուցվող դպրոցների, մանկապարտեզների սեյսմակայունությունը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ